Հարսանիքիս օրն արդեն ինքնին մի փոքրիկ հեքիաթ էր։ Սիրով լցված, թեթև ու անհավատալի՝ էն միակ օրը, երբ աշխարհն ասես պտտվում էր միայն մեր շուրջը։ Բայց ամենաուշագրավը հենց վերջում էր. կեսրարս ու կիսուրս մեզ նվեր էին պատրաստել՝ մեղրամիս Իտալիայում։ Նկատի ունեք՝ ԻՏԱԼԻԱ… երկիր, որին միշտ հեռվից էի նայում՝ նկարներով, ֆիլմերով, երազներով։ Իսկ հիմա գնալու էինք՝ երկուսով։ Ես ու իմ մարդը։ Ես ու իմ նորաստեղծ փոքրիկ հավերժությունը։
Չէի կարող հավատալ։ Տոմսերը արդեն ձեռքներիս էին, ճամպրուկները՝ կոկիկ դասավորված, հագուստներն՝ ընտրված սիրով ու ոգևորությամբ։ Հարսանիքի հաջորդ իսկ օրը արդեն օդանավում էինք։ Անքնության մի գիշեր՝ սիրո ու սպասման մարաթոնից հետո՝ մենք թռանք։
Իտալիան մեզ դիմավորեց ջերմ արևով, բուրմունքներով լցված օդով ու մի բարդ համ ու պատկերներով՝ ճարտարապետություն, գինու բույր, նեղ փողոցներ, բարձր ժպիտներ։ Ինձ թվում էր՝ երազ եմ տեսնում, բայց ամեն վայրկյան ինքս ինձ հիշեցնում էի՝ սա իրականություն է։ Սա ես եմ։ Սա մենք ենք։ Եվ սա՝ Իտալիան։
Բայց հեքիաթները միշտ երկար չեն տևում, չէ՞։
Մեր առաջին օրը սկսվեց ոգևորությամբ։ Ամուսինս անսովոր ժպիտ ուներ դեմքին։ Ասեց՝ անակնկալ ունի, խնդրեց մնալ սենյակում։ Ասեց՝ մի քիչ սպասեմ, ամեն ինչ լավ ա լինելու։
Սկզբում ժպտացի։ Սիրուն էր, սիրուն գաղափար, սիրուն սպասում։ Բայց ժամանակն անցավ։ Մի պահ սկսեցի անհանգստանալ։ Զանգեցի, չպատասխանեց։ Իջա ներքև։ Հարցրի անձնակազմին՝ տեսե՞լ են ամուսնուս։ Ասեցին՝ հա, բարում է։ Ոչ մի կասկած չկար, ուղղակի գնացի։ Գուցե մոմեր էր պատրաստում, գուցե նվեր ու ծաղիկներ։ Գուցե ինձ համար «սըրփրիզ» էր սարքում։
Բայց կյանքն ուրիշ սցենար ուներ ինձ համար։
Մոտեցա բարին։ Եվ այն պահը… էն մի պահը, երբ աչքերդ տեսնում են, բայց ուղեղդ հրաժարվում է հավատալուն։ Նա նստած էր՝ ժպիտը դեմքին, ուրիշի աչքերին նայող, ուրիշի ուսին հենված։ Մի աղջկա հետ՝ գրկախառնված։
Իմ մեջ մի բան փշրվեց։ Ոչ թե բարձր ձայնով՝ վթարի նման, այլ լուռ ու դանդաղ՝ ինչպես կաթիլը, որ քարի վրա դարերով ընկնելով վերջում անցք է թողնում։
Ու հենց այդ պահից՝ Իտալիան, մեղրամիսը, երջանկությունը, սիրո փուչիկը… ամեն ինչ փշրվեց։ Իմ հեքիաթը ավարտվեց նույնիսկ մինչև սկսվելը։
Եվ ես, ով եկել էի Իտալիա իմ կյանքի սիրո հետ, հանկարծ ինձ գտա մենակ՝ օտար երկիրում, կոտրված երազով, գրկել փորձած մի սեր, որ երբեք իսկականը չի եղել։