Նաթանյահուն «փլուզո՞ւմ է» թուրքական աշխարհը, թե՞ այնտեղ հաստատվելու հայտ ներկայացնում

Դամասկոսի սրտում հարված՝ իսրայելական նախազգուշացում, թե՞ աշխարհաքաղաքական շախմատ

Անցած գիշեր Իսրայելի ռազմական ավիացիան հերթական հարվածն է հասցրել Սիրիայի տարածքում գործող ջիհադական խմբավորումներին։ Սակայն այս անգամ ամեն բան պարզ գործողության տպավորություն չթողեց. հարվածն արձակվել է ուղիղ Դամասկոսի կենտրոնում՝ ընդամենը 400 մետր հեռու նախագահական նստավայրից։ Ի տարբերություն նախորդ միջադեպերի՝ Իսրայելը չսպասեց լրատվամիջոցների հարցումներին՝ պաշտպանության նախարար Իսրայել Կացն ինքն անձամբ հայտարարեց՝ հարվածը նպատակ ուներ «զգուշացնել Սիրիայի անցումային կառավարությանը»։

Կացի հայտարարությունը ոչ միայն ուղիղ էր, այլև սպառնալից. եթե Սիրիայի ղեկավարությունը չդադարեցնի դրուզ բնակչության դեմ ուղղված հարձակումները, Իսրայելը խոստանում է «լայնածավալ պատժիչ գործողություններ»։ Ավելի վաղ Կացը նշել էր, որ Դամասկոսի դրուզաբնակ արվարձաններում ահաբեկչական խմբերի դեմ հարվածների որոշումը կայացրել է հենց վարչապետ Նաթանյահուի հանձնարարությամբ։

Այս երկու հայտարարությունների համադրումը ակնհայտ է դարձնում՝ Նաթանյահուի կառավարությունն իր գործն է համարում Սիրիայի նոր ղեկավարությանը, մասնավորապես Ահմեդ ալ-Շարաային, ոչ լեգիտիմ ճանաչելը և նրան դիտարկելն իբրև ջիհադական ուժերի ներկայացուցիչ։ Այդ իսկ պատճառով, ըստ էության, նա ստանում է ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նախազգուշացում։

Բայց արդյո՞ք թիրախը հենց Ալ-Շարաան է։ Իրականում՝ ոչ։ Թիրախը Թուրքիայի ազդեցությունն է Սիրիայի հարավում։ Ալ-Շարաայի իշխանությունը ձևավորվել է թուրքական անմիջական աջակցությամբ, նրա վերահսկած խմբավորումները տարիներ շարունակ ֆինանսավորվել ու ղեկավարվել են Անկարայից։ Իսկ Իսրայելը այդ ուժերը «ահաբեկչական» է անվանում ու դրանք դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը։

Հետևաբար, սա ոչ թե պարզապես հարված է Սիրիային, այլ ուղիղ մեսիջ Թուրքիային։ Նաթանյահուն փաստացի ասում է. «Ես չեմ հանդուրժելու քո ներկայությունը իմ սահմաններից հարավ»։ Իսկ դրուզներին «պաշտպանելու» շղարշը օգտագործվում է արտաքին քաղաքական այս կոշտ կեցվածքը արդարացնելու և քարոզչական հիմքերով ամրապնդելու համար։

Իսկ այս ամենի խորքում մի կարևոր ինտրիգ կա։ Բենիամին Նաթանյահուն մայիսի 7-ին նախատեսում է այցելել Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման։ Բոլորին է հայտնի, որ Բաքու-Անկարա կապերը բացառիկ են, և որևէ խոշոր որոշում առանց Թուրքիայի հետ խորհրդակցության հազիվ թե կայացվի։ Բայց եթե Նաթանյահուն պատրաստվում է Բաքու մեկնել, ապա ինչո՞ւ հենց այդ այցից առաջ նա մարտահրավեր նետեց Անկարային՝ Դամասկոսի սրտում հարվածելով թուրքական շահերին։

Տեղեկությունները վկայում են, որ Էրդողանը պատրաստվում է Անթալիայում կազմակերպել Ալիևի և ալ-Շարաայի հանդիպումը՝ փորձելով Ադրբեջանին ներքաշել իր սիրիական ծրագրի մեջ։ Իսկ Նաթանյահուն այս ֆոնին՝ փաստորեն Ալիևին «բարև» է հղում Կացի հայտարարության միջոցով՝ հստակ մեսիջով՝ «մի ներգրավվիր այնտեղ, որտեղ Իսրայելը հակազդում է»։

Սա դիվանագիտական շախմատի բազմաքայլ կոմբինացիա է, որի վերջնական նպատակը կարող է լինել թուրք-իսրայելա-ադրբեջանական «գաղտնի դաշինք»՝ Իրանի դեմ խաղում։ Պատահակա՞ն է արդյոք, որ ԱՄՆ-ն և Իրանը, ի պատասխան իրավիճակի, հետաձգել են իրենց բանակցությունների չորրորդ փուլը։

Նշանակում է՝ Նաթանյահուի հարվածը Դամասկոսի վրա շատ ավելի լայն է, քան թվում է։ Դա ռազմավարական քայլ է միջազգային մեծ խաղի սեղանին։ Ու հարցը մնում է բաց. այս խաղում ո՞վ է հաջորդ քայլը կատարելու։