«Մինչ աշխարհիկը կարձագանքի եկեղեցու հոգեւոր հայրերին՝ թող նախ հայելուն նայի… իր իսկ անբարոյական վարքին՝ հայրենիքի հանդեպ». Նազենի Հովհաննիսյան

Հայտնի հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը կրկին հանրային դաշտում է հանդես եկել խորը մտահոգությամբ ու դիրքորոշմամբ՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների հասցեին հնչեցրած քննադատությունների:

Նա իր ինստագրամյան սթորիում հրապարակել է հուզիչ և ուղիղ խոսք՝ միաժամանակ ընդգծելով հասարակության պատասխանատվությունն ու ինքնաքննադատության կարիքը.

«Եկեղեցու հոգևոր հայրերի նկատմամբ որևէ քննադատական խոսք հղող աշխարհիկ, առաջին հերթին, թող ինքն իրեն նայի՝ իր ապրած կյանքին, իր գործած արհավիրքներին և իր անազնիվ վարվեցողությանը՝ սեփական երկրի նկատմամբ»:

Այս միտքը ոչ միայն պարզ արձագանք է, այլ խորքային դիտարկում, որը կոչ է՝ դեպի ներքին դիտարկում։ Նազենին հստակ դիրքորոշում է հայտնում՝ շեշտելով, որ պատմականորեն Հայ առաքելական եկեղեցին եղել է հայ ինքնության ամուր պատվարներից մեկը, և այսօր այն ենթարկվում է աննախադեպ ճնշման՝ հենց պետության կողմից:

Նա այս թեմային ավելի հանգամանորեն անդրադարձել է նաև տեսանյութում՝ բարձրաձայնելով ցավալի իրողությունների մասին.

«Ցավալի է, որ Հայ առաքելական եկեղեցին 21-րդ դարում իր պետական մարմնի կողմից այս աստիճանի գրոհի տակ է: Դա այն եկեղեցին է, որը դարերով պահել է հայկական ինքնությունը: Սա բոլորիս թուլությունն է, սա բոլորիս թույլ տված մեծագույն սխալն է և սա այն ողբերությունն է, որը դառնալու է վերջնական կետը՝ խարանը, յուրաքանչյուրիս համար՝ լինի Հայաստանում, Սփյուռքում, որևէ վայրում…»

Բացի հոգևոր թեմայից, Նազենի Հովհաննիսյանը կանգ է առել նաև Քոբայրի վանական համալիրի շուրջ ընթացող քննարկումներին։ Նա կրկին օգտվել է իր հրապարակային հարթակից՝ մատնանշելով մանիպուլյացիաների վտանգը և պետական պատասխանատվության լրջությունը մշակութային արժեքների պահպանման հարցում։

«Քոբայրի վանական չքնաղ համալիրի լուսանկարը, որտեղ նստած են կովիկները, որը ջանասիրաբար շրջանառում են բոլոր նիկոլապաշտ անձերը, պատկանում է պատմամշակութային անշարժ արժեքներին և գտնվում է պետության հոգածության ներքո: Այսինքն՝ եթե այդ կիսականգուն վանական չքնաղ համալիրի հետ ինչ-որ բան այն չէ, ցավոք սրտի, դա պետության անելիքն է և պետության թերացումն է»:

Նա հստակ շեշտել է՝ պետական մարմինները պետք է պատասխանատվություն կրեն մշակութային ժառանգության պահպանման համար՝ առանց մեղավորների փնտրտուքի այլ կառույցներում.

«Այստեղից հարց՝ ինչքա՞ն կարելի է անընդհատ մանիպուլյացնել պետությանը վերագրվող աշխատանքը՝ բարդելով դա բոլոր մնացած հաստատություններին: Ցավոք, դա, որպես համակարգ, չի պատկանում Հայ առաքելական եկեղեցուն»:

Այս մտքերով Նազենի Հովհաննիսյանը վերահաստատում է իր կոչը՝ հասարակությանը, իշխանությանը և կառույցներին՝ վերագնահատել արժեքները, որոնց շուրջ կառուցվել է մեր ազգային ինքնությունը։ Նրա խոսքը հնչում է ինչպես հուշում, այնպես էլ՝ զգոնության կոչ, որպեսզի չկորցնենք այն հիմնասյուները, որոնք դարեր շարունակ մեզ պահել են ոտքի վրա: