Չեմ կարողանում հասկանալ՝ ոնց է լինում, որ ծնողը, ով ամբողջ կյանքում մատը մատին չի խփել իր երեխեքի համար, վերջում ձեռքերի վրա են պահում… իսկ դու, որ ապրումդ տվել ես նրանց համար, նստած ես մենակ, մոռացված, կարծես երբեք չես էլ եղել։ Արդարություն չկա էս կյանքում։ Լուրջ ասում եմ։
Ես մի հարևան ունեմ։ Ոչ մի օր գործի չի գնացել, էդ խեղճ երեխեքն իրանց գլխով մեծացել են՝ առանց հագնելու, ուտելու, առանց գգվանքի, առանց ջերմ խոսքի։ Ու երբ մեծացան՝ էդ մարդը մի գեղեցիկ օր ուղարկեց իրենց դուռը, թե՝ «արդեն մեծ եք, գնացեք ձեզ պահեք, հերիքա՝ ինչքան պահեցի»։ Ու էդ երեխեքը, հավատացեք, հիմա անում են անհնարինը՝ ամեն հարցով կողքին են, հոգ են տանում, փաթաթվում են ու աչքի լույսի պես պահում են։
Իսկ ես՞… Ես ամեն ինչ արել եմ։ Էլ ինչ ասեմ։ Տաք, ապահով տուն, նոր հագուստ, լավ կրթություն, անհոգ մանկություն։ Ոչ մի բանից զուրկ չեն մնացել։ Հետո էլ՝ տուն, մեքենա, կյանք։ Բայց հիմա՝ նստած եմ մենակ։ Մի հեռախոսազանգ, մի գրկախառնություն անգամ դառնում է երազանք։ Ո՞նց։ Ի՞նչ եմ բաց թողել։ Ի՞նչը սխալ արեցի։
Ասում են՝ երեխեն ծնողից ա սովորում։ Բա եթե էդպես է, ինչո՞ւ չսովորեցին, որ պիտի հետ նայեն, պիտի արժևորեն, պիտի երախտագետ լինեն։ Տեսել են, ոնց էի ծնողներիս համար ամեն ինչ անում։ Բայց մի օր ասում են՝ «ի՞նչ ես արել որ… ուրիշներն ավելի շատ են անում»։
Գուցե սխալս էն էր, որ չափից շատ լավ եմ եղել։ Երևի պիտի թողնեի, որ սոված քնեն, որ մաշված շորով դպրոց գնան, որ տասնյակ վերքեր ունենան հոգում, ու հետո իմանան՝ ինչ եմ արել։ Բայց ես չկարողացա։ Չեմ էլ փոշմանում։
Ուղղակի սիրտս ծանր է։ Ծանր է՝ ոչ թե արածներիս համար, այլ չգնահատված լինելու համար։ Որ մի օր կգնամ էս աշխարհից՝ կորսված, դատարկ ու կարոտից խեղդված։ Ու դեռ էլի կասեմ՝ էս կյանքում արդարություն չկա…