«Չեմ կարող ասել «մամա»»
Ես դեռ ընդամենը 14 տարեկան էի, երբ կյանքը տարավ իմ ամենաթանկ մարդուն՝ մորս։
Նա հիվանդ էր։ Մենք գիտեինք, որ այդ օրը գալու է։ Բայց ոչ մի պատրաստվածություն չի փրկում սիրտը կոտրվելուց։
Ես մեծ երեխան էի մեր տանը։ Հիշում եմ ամեն ինչ՝ մամայիս վերջին հայացքը, ինչպես էինք լուռ նայում իրար, ասելու բաները լռության մեջ պահում։ Նրա գնալուց հետո ամեն ինչ փոխվեց։
Չորս տարի անց հայրիկս նոր ընտանիք կազմեց։ Չէի բարկանում։ Գիտեի, որ ինքը մենակ չէր կարող մեզ՝ ինձ, քուրիկիս ու փոքր եղբորս պահել։ Բայց ես այդ կնոջը երբեք չկարողացա «մամա» ասել։ Ոչ թե վիրավորելու համար։ Ուղղակի… չկար։ Չհնչեց սրտից։ Ոչինչ չստիպեց զգալ, որ ես նորից մամա ունեմ։
Հիմա ես նշանված եմ։ Բախտս բերել է․ սկեսուրիս հետ անկեղծ, ջերմ ու խաղաղ հարաբերություններ ունենք։ Ինքը լավ մարդ է, խելացի ու բաց։ Հարգում եմ իրեն՝ ամբողջ սրտով։ Սիրում էլ՝ մի տեսակ՝ իմ ձևով։ Բայց երբ ինքը ծիծաղով, իբր կատակով, հեգնելով հարցնում է՝ «բա ի՞նչ, դեռ չես ասում «մամա»», սիրտս մի պահ սեղմվում է։
Խոսքս չի գալիս։ Ուզում եմ չնեղացնել, բայց չեմ կարող կեղծել։ Չեմ ուզում, որ ապագա ամուսինս վիրավորվի, կամ տպավորություն ստանա, թե նրա ընտանիքը չեմ ընդունում։ Բայց ես իմ կորուստը դեռ չեմ հաղթահարել ամբողջությամբ։ Ու մինչև չլցվի սիրտս, «մամա» բառը չի հնչի։ Ոչ թե որովհետև ինքը վատն է, այլ որովհետև ես դեռ երեխայի պես խնամում եմ իմ ներսի վշտին։
Ի՞նչ խորհուրդ կտաք։ Ի՞նչպես վարվել, որ անկեղծ լինեմ, բայց ոչ կոպիտ։ Որ չնեղացնեմ նրան, բայց նաև չդավաճանեմ իմ զգացմունքին։
Ես պարզապես ուզում եմ հարգալից ու սիրով հարաբերություն, առանց ստիպողականության։ Բայց այդ մի բառը՝ «մամա», ինձ համար սրբություն է մնացել։