«Իմ կյանքով փրկեցի ուրիշներին». Գառնիկը լռեցրեց իր սիրտը՝ պատերազմի վերջին շնչին

Գառնիկ Ղանդիլյանի հավերժ ժպիտը
Նվիրվում է Գռնոյ հիշատակին

2001 թվականի օգոստոսի 23-ին, Գյումրիի մի տանը՝ Ղանդիլյանների ընտանիքում, լույս աշխարհ եկավ մի արեւահառաչ տղա՝ Գառնիկ անունով։ Բայց բոլորի համար նա Գռնո էր՝ պարզ, ջերմ անուն, ինչպես ինքը՝ Գառնիկը։ Իր կյանքի յուրաքանչյուր պահը լցված էր շարժմամբ, սրտով ու հոգով։ Նա այն տղան էր, ով բոլորին ժպիտ էր պարգևում՝ նույնիսկ առանց խոսելու։

Գռնոն ուներ մանկությանն հատուկ անհոգություն, բայց միաժամանակ՝ մեծերին վայել խորություն։ Խելացի էր ու աշխատասեր, կատակասեր ու ընկերասեր։ Դպրոցում աչքի էր ընկնում իր ուսման հաջողություններով՝ գերազանց գնահատականներն ու հետաքրքրասեր միտքը նրան դարձրել էին ուսուցիչների սիրելին։ Նա նաև ուներ մի ձայն՝ պարզ ու մարդկային, որով երգում էր ամենաանկեղծ զգացմունքներով։ Նրա երգերից մեկն էլ նվիրել էր իր ամենաթանկերին՝ բանակին ու մայրիկին։

Սպորտը Գռնոյի կյանքի մի մասն էր։ Նա սրտով ու ոգով ձյուդոիստ էր։ Յոթ մեդալ ու բազմաթիվ պատվոգրեր՝ բայց դրանցից ամենաթանկը նրա աչքերի փայլն էր, երբ պատմում էր հաղթանակների մասին։ Նա իր ուժն ու կորովը չէր պահում միայն մարզասրահում․ աշխատել էր տարբեր վայրերում, սովորել ավտոդպրոցում։ Ապրում էր ամբողջությամբ՝ առանց պահուստային օրերի։

2019 թվականի դեկտեմբերի 16-ին, Գառնիկը զորակոչվեց Հայոց բանակ։ Զորակոչի օրը, նա այնտեղ էլ աչքի ընկավ իր բարձր տրամադրությամբ ու անկեղծ ժպիտով։ Իր տեսակով գրավեց բոլորին՝ հեռուստադիտողից մինչև սպաներ։ Զինվորական համազգեստը նրա համար ոչ թե պարտականություն էր, այլ՝ պատիվ։ Նա սպասում էր այդ օրվան՝ սրտի թրթիռով ու փայլուն աչքերով։

Գռնոն ծառայության անցավ Ստեփանակերտի Ցոր զորամասում՝ որպես վարորդ։ Նա սիրեց ծառայությունը այնպես, ինչպես սիրում էր կյանքը՝ ամբողջությամբ։ Այդտեղ էլ հասցրեց ձեռք բերել ընկերներ, դառնալ նրանց սրտերի հարազատը։ Իր հոգատար բնավորությամբ, նա դարձավ վստահված մարդ՝ նույնիսկ երդման հանդիսավոր բացումը վստահեցին հենց իրեն։

Երբ սկսվեց պատերազմը, Գառնիկը մեկ քայլ ետ չքաշվեց։ Նա այնտեղ էր, որտեղ ամենավտանգավորն էր՝ Մարտակերտ, Օմարի բարձունքներ, Հադրութ, Շուշի։ Բայց նույնիսկ պատերազմի դաշտում, նա կարողանում էր ժպտալ, հույս տալ։ Զանգեր էր կատարում մորը՝ միշտ բարձր տրամադրությամբ։ Ընկերները նրան «մեր ժպիտի հեղինակն» էին անվանում։

Մայրը խնդրում էր որդուն վերադառնալ տուն։ Բայց Գառնիկը անդրդվելի էր՝ «Իմ մի կյանքը՝ 100 հայի կյանք է, մամ։ Ինչպես թողնեմ ու գամ, որ գան ու հասնեն իմ բա՞կ»։ Նա գիտեր, թե ինչի համար է պայքարում։ Իր կյանքը զոհեց, բայց ոչ երբեք՝ իր համոզմունքը։ Գռնոն փրկում էր վիրավոր ընկերներին, սնունդ էր հասցնում ու օգնություն ցույց տալիս՝ վտանգելով իրեն։

Նոյեմբերի 9-ին, նա վերջին անգամ խոսեց մայրիկի հետ։ Շշնջաց՝ «Մամ, հոգնած եմ, գնամ քնեմ, առավոտը կզանգեմ»։ Բայց այդ առավոտը այլևս չեկավ։

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, պատերազմի ավարտից ընդամենը երկու ժամ անց, Կարմիր Շուկայում Գառնիկը անմահացավ։ Նա այլևս մեզ հետ չէր ֆիզիկապես, բայց իր լույսը, իր ջերմությունն ու իր ժպիտը մնացին։ Նա պատերազմում մնաց, որ մեզ արև բերեր, խաղաղություն՝ իրենով վճարելով։

Փառք քեզ, Գռնո։ Դու ապրում ես մեր հիշողությունների մեջ, մեր աչքերում, մեր աղոթքներում։
Քո ժպիտը դեռ ծաղկում է, ինչպես վերջին հույսը՝ մութի մեջ։