– Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք հավանում տարվա այս եղանակը:
– Ամառը իմ եղանակն է։ Մրսկան եմ, ու կարծես ամբողջ տարին սպասում եմ այդ ջերմությանը, երբ արևը ոչ միայն լուսավորում, այլև ջերմացնում է հոգիդ։ Բացի այդ՝ ամառը բնության արթնության, արևահամ մրգերի ու թարմ օդի ժամանակաշրջանն է։ Ամառը ինձ համար մի փոքր կանգառ է՝ լիցքեր հավաքելու ու նոր մտքերով լցվելու համար։
– Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունեք։
– Ամառը մուրաբաների շրջան է։ Վարդի, ելակի, ազնվամորու մուրաբաները ես ինքս եմ պատրաստում՝ թեկուզ ամեն ինչ խանութում էլ կա։ Դա ինձ համար ոչ միայն ավանդույթ է, այլև հոգեվիճակ։ Իսկ ամառային ընտանիքիս հետ ծով գնալն արդեն մեզանում դարձել է գեղեցիկ և սպասված սովորույթ։

– Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա:
– Իմ ներսում եղանակը միշտ ամառ է։ Եթե մի փոքր էլ պասիվ եմ լինում, ուրեմն պարզապես կուտակման փուլում եմ։ Արեւոտ տրամադրությունը ուղեկցում է ինձ տարվա բոլոր օրերին։
– Ամենաանմոռանալի ու թեժ ամառը:
– Կիպրոսում անցկացրած ամառը՝ համերգներով ու հանգստով, հաստատ կմնա հիշողություններիս լուսավոր էջերից։ Գարրիի հետ տաք, էներգիայով լի օրեր էին․ համերգից՝ ծով, ծովից՝ բեմ։
– Ինչպե՞ս էիք անցկացնում ամառային ամիսները մանկության տարիներին:
– Ամառը մանկության մեջ գունեղ էր։ Շահումյանի շրջանում, Բանանց գյուղում, պապիկիս տանն էի։ Նա պատերազմի վետերան էր՝ վառ անհատականություն, իսկ գյուղը՝ անմոռանալի տեսարաններով։ Այդ տան լռությունը, ժայռերի վրայից պապիկիս հավաքած մորին՝ մանկությանս պատկերներից ամենաուժեղն են։
– Ո՞րն է մանկությունից մնացած ամառային ամենալավ հիշողությունը:
– Մորու բերքահավաքը՝ ժայռի վրա, ու պապիկիս կերպարը։ Նա ինձ համար մնաց որպես ամառային հեքիաթի գլխավոր հերոս։

– Ի՞նչ եք հասցրել առաջին անգամ անել այս ամռանը:
– Պոպոքի մուրաբա եմ պատրաստել՝ առաջին անգամ։ (ծիծաղում է – հեղ.) Չնայած արտաքինից կարող եմ տնարար չթվալ, բայց իրականում շատ բան գիտեմ։ Մայրս ասել է՝ երբեք չգիտես, գուցե հայտնվես անմարդաբնակ կղզում։ Այդտեղ ամեն հմտություն արժեք է ստանում։
– Ամառային սիրելի ուտելիքները:
– Ամառային տոլման՝ գունավոր պղպեղներով։ Շատ եմ սիրում՝ թե՛ պատրաստել, թե՛ ուտել։
– Իսկ որեւէ բաղադրատոմսով կկիսվե՞ք մեզ հետ:
– Իհարկե։ Հավի կրծքամիսը մանրացնում եմ, ավելացնում աղ, սխտոր, սեւ ու կարմիր պղպեղ, կանաչիներ՝ սամիթ, ռեհան, ծիտրոն։ Խառնուրդով լցոնում եմ պղպեղներն ու սոխերը, իսկ արանքում մի քանի սալորաչիր եմ դնում՝ թթվաշ համի համար։
– Զովանալու տարբերակներ:
– Ջուր։ Ամռանը ես կամ ծովում եմ, կամ լողավազանում։ Ջուրը իմ տարրն է։
– Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:
– «Հռոմեական արձակուրդները»՝ նոստալգիկ, մեղմ, գեղեցիկ։ Եվ իհարկե՝ «Խատուտիկի գինի»։ Բրեդբերին այնպիսի իրականությամբ է գրում, ասես հենց մեր երևանյան օգոստոսը լինի նկարագրում։

– Հայաստանում ամռանն այցելելու 3 վայր:
– Ստեփանավան՝ զով ու կանաչ, Դիլիջան՝ իր խաղաղ բնությամբ ու Մակարավանքով, և իհարկե՝ Սեւան՝ անփոխարինելի ամառային ուղեկից։
– Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:
– Ֆիզիկական ակտիվությունն իմ առօրյայի անբաժան մասն է։ Սննդի հարցում շատ ուշադիր եմ․ առավոտները սկսում եմ ջրով ու մրգով, խուսափում եմ երեկոյան ծանր սննդից։ Խնջույքներին երբեմն բացառություններ լինում են, բայց հիմնականում հետևում եմ կարգուկանոնին։ Կարեւոր է սննդից ոչ թե պարզապես հագենալը, այլ հաճույք ստանալը։

– Ո՞րն է կատարյալ հանգիստը Ձեզ համար:
– Ծովի ափին, լռության ու ինքնակենտրոնանալու պահերին։ Դա է ինձ համար իսկական հանգիստը։
– Արդյո՞ք դերասանի աշխատանքն ու արձակուրդը համատեղելի են:
– Եթե ճիշտ ես կազմակերպում ժամանակդ՝ ամեն ինչ համատեղելի է։ Մարդը չպիտի ամբողջությամբ սպառվի աշխատանքում. պետք է ժամանակ մնա ապրելուն։
– Որտե՞ղ ու ինչպե՞ս եք պլանավորում հանգստանալ:
– Ծովափնյա երկրում՝ անհոգ լռության մեջ։
– Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս 2 ամսվա ընթացքում:
– Հանգստանալ, լիցքավորվել ու սկսել այն նախագծերը, որոնք սպասում են իրենց ժամանակին։

– Ի՞նչ հոտեր եք սիրում ամռանը:
– Ծովի, անձրեւից հետո թաց հողի ու սեխի բույրը։
– Ի՞նչ շոշափել:
– Ավազը։
– Ի՞նչ դիտել:
– Պատմամշակութային վայրերը։ Այս տարի ուզում եմ այցելել Հունաստան ու տեսնել Ակրոպոլիսը։
– Որտե՞ղ լինել:
– Այնտեղ, որտեղ սիրված ու գնահատված ես զգում։
– Ո՞ւմ գրկել պարտադիր:
– Իհարկե՝ երեխայիս։
– Ի՞նչ սովորել:
– Մարդ մնալ՝ ցանկացած իրավիճակում։

– Կարդալ:
– Հայոց պատմություն։
– Լսել:
– Բախ։ Նրա երաժշտությունն օդ է՝ ամեն օրվա համար։
– Ի՞նչ չթաքցնել:
– Ազնիվ զգացմունքներն ու սերը։ Դրանք պիտի շնչեն, ոչ թե փակված մնան։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ալլա Սահակյանի անձնական արխիվից