Որդին երկար ժամանակ չէր այցելել մորը: Նրա այցերը դարձել էին հազվադեպ, կարճատև, գրեթե անցողիկ: Այս անգամ էլ, ինչպես միշտ, նա միայն մեկ րոպեով կանգ առավ, իսկ ձեռքին՝ տորթ: Ներս չմտավ: Դռան շեմին կանգնած, նա արագ մեկնեց տորթն ու ասաց. «Լա՞վ ես, մամ, սա քեզ համար է»: Մայրն արցունքոտ, կարոտով լի աչքերով նայեց որդուն՝ իր միակ հպարտությանը: Նա այդքան սպասված հանդիպման փոխարեն միայն մի քանի վայրկյան ստացավ:
Մայրը, սակայն, ձեռքերը դատարկ չէր պահում: Նա որդուն նվեր ուներ՝ նորագույն iPhone, գրեթե ամենաթանկ և վերջին մոդելը: Այդ նվերը նրան արժեցել էր ոչ միայն գումար, այլև իր անձնական զոհաբերություններ: Մի ամբողջ տարի նա խնայել էր իր կարիքների վրա, չէր գնում նոր հագուստ, չէր այցելում սիրելի վայրերը՝ ամեն ինչ միայն մեկ նպատակով՝ գնել այն, ինչը, իր կարծիքով, ուրախություն կպատճառեր որդուն:
«Սիրելիս, սա քեզ համար է», — ասաց մայրը՝ մեկնելով գեղեցիկ փաթեթավորված նվերը: Նրա ձայնը մեղմ էր, սակայն հոգնեցած, կարծես ինքն էլ գիտեր, որ ժամանակն արդեն չէր իր կողմում: «Հույս ունեմ, որ ամեն անգամ, երբ ձեռքդ վերցնես այս հեռախոսը, կհիշես ինձ և ինձ ավելի հաճախ կզանգես»:
Որդին արագ պատասխանեց. «Մամ, գիտես, ես շատ զբաղված եմ, բայց խոստանում եմ՝ ավելի հաճախ կզանգեմ»: Նա գրկեց մորը, համբուրեց ու սահուն քայլերով իջավ աստիճաններով: Մայրը նայեց նրա հետևից՝ հույսով լի աչքերով, բայց ներսում թաքուն վախ էր զգում:
Երեկոյան նա փորձեց հանգստանալ՝ նայելով որդու լուսանկարներին: Լուսանկարների հետ նա հաճախ էր զրուցում՝ կարծես իր որդին իսկապես այնտեղ էր: Բայց այս անգամ խոսակցությունը ընդհատվեց նրա հոգսերով լի մտքերով: Մայրը վաղուց գիտեր, որ շուտով հիվանդանոցում կլինի: Բժիշկը վաղուց էր ասել՝ նրա վիճակը ծանրանում է, բայց մայրը չէր ուզում տղային բեռ դառնալ:
Մի քանի օր անց որդուն զանգեցին հիվանդանոցից: Մայրը այլևս չկար: Տղան սառած մնաց մի քանի վայրկյան, իսկ հետո արցունքները հոսեցին գետի պես: Նա գրկեց այն հեռախոսը, որ մայրն էր իրեն նվիրել, և բնազդաբար հավաքեց մոր համարը՝ հույս ունենալով լսել այն ծանոթ ու սիրելի ձայնը, որն այժմ միայն հուշ էր:
Սակայն միակ պատասխանը, որ նա լսեց, սառը և անզգա էր. «Բաժանորդը անհասանելի է»:
Այդ պահին նա հասկացավ, որ նույնիսկ ամենաթանկ և նորագույն հեռախոսը չի կարող նրան վերադարձնել այն, ինչը կորցրեց՝ մոր սերը, նրա ջերմությունը և ամենաթանկ րոպեները, որոնք նա թողել էր անցյալում: Կգա մի օր, երբ մենք կլսենք «բաժանորդը անհասանելի է»՝ հասկանալով, որ նույնիսկ լավագույն տեխնոլոգիաները չեն կարող լրացնել կորուստի բացը: