Ռեփերը կոգեշնչի մարզիկներին և կստեղծի թիմային բարձր տրամադրություն։
Ամերիկացի երաժիշտն ու մշակութային ֆենոմեն Սնուպ Դոգգը ստացել է նոր՝ և բավական անսպասելի դեր։ Նա նշանակվել է ԱՄՆ հավաքականի պատվավոր մարզիչը ձմեռային Օլիմպիական խաղերում, որոնք կանցկացվեն 2026 թվականին Եվրոպայում՝ Միլանում և Կորտինա դ’Ամպեցցոյում։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները։
Ռեփի լեգենդը կդառնա նման կոչում ստացած առաջին մարդը պատմության մեջ։ Նրա առաքելությունն է մրցահարթակներից դուրս ոգեշնչել և աջակցել մարզիկներին՝ ստեղծելով միասնության և վստահության մթնոլորտ։ USOPC-ում ընդգծել են, որ արտիստը հայտնի է ոչ միայն իր երաժշտությամբ, այլ նաև ակտիվ դիրքորոշմամբ, հումորով և մարդկանց հետ կապ հաստատելու կարողությամբ․ կազմակերպիչների խոսքով՝ հենց այս հատկանիշներն էլ կօգնեն նրան դառնալ օլիմպիական թիմի բարոյական առաջնորդը։
Առաջին անգամ Սնուպը իրեն փորձեց օլիմպիական միջավայրում 2024 թվականին Փարիզում անցկացված խաղերի ժամանակ, որտեղ հանդես էր գալիս որպես NBC հեռուստաալիքի և Peacock սթրիմինգային ծառայության ռեպորտեր։ Այն ժամանակ նա շատ արագ դարձավ հանդիսատեսի սիրելին՝ իր թեթև ոճի, հեգնական մեկնաբանությունների և սպորտի հանդեպ անկեղծ հետաքրքրության շնորհիվ։ Երաժիշտը ոչ միայն մեկնաբանում էր մրցումները, այլև մասնակցում էր հանդիսավոր արարողություններին․ նա կրեց օլիմպիական կրակը, ներկա եղավ Օլիմպիական խաղերի փակման արարողությանը, իսկ ավելի ուշ ստացավ երկու «Էմմի» մրցանակ՝ մարզական իրադարձությունների օրիգինալ լուսաբանման համար։
Այժմ արտիստը վերադառնում է Օլիմպիական շարժում նոր կարգավիճակով։ Կոմիտեի ներկայացուցիչների խոսքով՝ նրա մասնակցությունը «թիմի մեջ փողոցային կյանքի և երաժշտական մշակույթի կենդանի էներգիա ներշնչելու միջոց է»։ Սնուպը արդեն հայտարարել է, որ մտադիր է անձամբ այցելել մարզական հավաքներին և իր օրինակով մոտիվացնել մարզիկներին։
Ձմեռային Օլիմպիական խաղերը 2026 թվականին կանցկացվեն փետրվարի 6-ից 22-ը՝ Իտալիայում։