Քենդալ Ջենները պատասխանել է իր սեռական կողմնորոշման մասին լուրերին. «Ես լեսբուհի չեմ. . .»

Քենդալ Ջենները վերջապես որոշել է փակել այն թեման, որը տարիներ շարունակ սնուցում էր համացանցային ենթադրություններն ու խոսակցությունները։ Քենդալ Ջենները հունվարի 9-ին հրապարակված In Your Dreams փոդքասթի ընթացքում բաց և առանց շրջանցումների անդրադարձել է իր սեռական կողմնորոշման շուրջ շրջանառվող լուրերին։

30-ամյա մոդելը հաղորդավար Օուեն Թիլիի հետ զրույցում նշել է, որ տեսել է ամենատարբեր մեկնաբանություններ. «Համացանցում կան մարդիկ, որոնք համոզված են, թե ես լեսբուհի եմ»,— ասել է նա։ Սակայն Ջենների համար խնդիրը ոչ այնքան ենթադրությունն է, որքան դրա արտահայտման ձևը. «Շատ դեպքերում դա արվում է կոպիտ, ագրեսիվ տոնով։ Դա աջակցություն չէ, այլ՝ ճնշում»։

Մոդելը հստակեցրել է, որ ինքն իրեն գեյ չի նույնականացնում, բայց միաժամանակ ընդգծել է՝ եթե այդպես լիներ, չէր թաքցնի. «Բազմաթիվ մարդկանց համար բացահայտվելը դժվար ճանապարհ է։ Բայց ինձ ճանաչելով՝ վստահ եմ, որ եթե դա իմ ճշմարտությունը լիներ, ես կխոսեի դրա մասին բացահայտ»։

Ջենները նաև հերքել է այն միֆը, թե իբր ինքն ինչ-որ բան «թաքցնում է» հանուն կարիերայի. «Ես լսել եմ իսկապես անհեթեթ բաներ, օրինակ՝ թե դա կարող է վատ լինել բիզնեսի համար։ Անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է մարդու ինքնությունը վնասել նրա աշխատանքին»։

Զրույցի ավարտին Քենդալը ամփոփել է իր դիրքորոշումը հստակ և առանց երկիմաստության. «Այս պահին՝ ոչ, ես լեսբուհի չեմ։ Չեմ կարծում, որ կդառնամ, բայց երբեք չեմ փակում կյանքի փորձառությունների դուռը»։

Տարիների ընթացքում մոդելի անունը կապվել է մի շարք հայտնի անձանց հետ՝ սկսած Հարրի Սթայլզից դեռահասության տարիներին, մինչև բասկետբոլիստ Դևին Բուքերի հետ երկամյա հարաբերությունները։ Նրա վերջին աղմկահարույց սիրավեպը ռեփեր Բեդ Բաննիի հետ էր, սակայն, ըստ աղբյուրների, զույգը բաժանվել է 2023 թվականի վերջին։

Չնայած անկեղծությանը՝ Ջենները շարունակում է խիստ սահմաններ պահել իր անձնական կյանքի շուրջ։ Ինչպես նշվել է Քարդաշյանները նախագծի շրջանակում, Քենդալն ունի իր անձնական կանոնը․ նա չի հրապարակայնացնում հարաբերությունները, քանի դեռ դրանք չեն տևել առնվազն մեկ տարի։

Ավելի վաղ, Vogue Australiaին տված հարցազրույցում, մոդելը անկեղծորեն խոստովանել էր. «Ինձ համար հարաբերությունները շատ անձնական, գրեթե սրբազան տարածք են։ Երբ դրանք դառնում են հանրային, ամեն ինչ շատ ավելի բարդ է դառնում»։

Այս խոսքերով Քենդալ Ջենները ևս մեկ անգամ ընդգծում է իր դիրքորոշումը՝ լինել բաց, բայց ոչ պարտադրված, և պահպանել սեփական սահմանները՝ անկախ հանրային հետաքրքրությունից։