«Ֆուլ հաուս. վայրէջք» ֆիլմի պրեմիերան, խոստովանություններն ու հյուրերը

Մարջան Ավետիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Մոսո Կարապետյանը, Գարիկ Սեփխանյանը եւ Աղաս Մանուկյանը կրկին միասին են՝ այս անգամ ոչ թե հեռուստաեթերում, այլ մեծ էկրանին։ Սիրված «Ֆուլ հաուս» սիթքոմի կերպարները վերադարձել են նոր պատմությամբ՝ «Ֆուլ հաուս. վայրէջք» գեղարվեստական ֆիլմում։

Տարիները չեն անցել աննկատ. կերպարների կյանքում շատ բան է փոխվել։ Ոմանք դարձել են ավելի խոհեմ ու զգացմունքային, մյուսները՝ հայտնվել կյանքի անսպասելի շրջադարձերի առաջ։ Սակայն մի բան մնացել է անփոփոխ՝ նրանց միջև եղած կապը, հումորը եւ ջերմությունը, որը տարիներ շարունակ սիրել է հանդիսատեսը։

Պրեմիերան երեկ էր՝ «Կինոմոսկվա»-ում։ Ֆիլմի ռեժիսորը Կարեն Ամյանն է, որի ղեկավարությամբ սիթքոմը յոթ տարի շարունակ եղել է հեռուստաեթերում։ Գլխավոր պրոդյուսերը Արմեն Պետրոսյանն է, իսկ սցենարի համահեղինակները՝ Գրիգոր Դանիելյանն ու Գարիկ Սեփխանյանը։

Ստեղծագործական թիմը խոստովանում է՝ վերամիավորման օրը սպասված էր հատուկ հուզմունքով։ Արմեն Պետրոսյանը (Մենչ) լրագրողների հետ զրույցում կատակել է, թե իրենք իրենց «վիպուսկնոյն» են նշում՝ այդքան ոգեւորված ու երջանիկ են։ Իսկ սցենարիստ Գարիկ Սեփխանյանն անկեղծացել է․ «Ես անգամ հարսանիքիս այսքան հուզված չէի»։

Տարիներ անց արդեն ծանոթ կերպարների համար սցենար գրելն արդյոք բարդ չէ՞ր։ Այս հարցին Արմեն Պետրոսյանը պատասխանել է, որ աշխատանքն իսկապես ավելի պատասխանատու էր, քանի որ ֆիլմը չպետք է կրկներ սիթքոմի կառուցվածքը․ «Հայաստանյան սիթքոմերի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ սիթքոմը վերածվում է լիամետրաժ ֆիլմի։ Այստեղ ուղիղ կատակներ չկան, փոխարենը՝ հումորային իրավիճակներ։ Ցանկացել ենք, որ ֆիլմը լինի ոչ միայն ծիծաղելի, այլ նաեւ հուզիչ՝ սիրով ու դրամայով»։

Ֆիլմում իրականացվել է նաեւ Մարջան Ավետիսյանի կերպարի՝ Թամարայի վաղեմի երազանքը․ չափազանց հուզական հերոսուհին դարձել է բազմազավակ մայր։ Դերասանուհին նշում է, որ այս նախագիծը վաղուց դարձել է իրենց կյանքի մի մասը. «Տարիներ շարունակ ապրել ենք այս կերպարների հետ։ Ամենակարեւորն այն էր, որ նոր սցենարի քննարկման ընթացքում մեր բոլորի կարծիքը լսվել է, եւ շատ գաղափարներ ներառվել են պատմության մեջ։ Մենք մեծացել ենք, բայց մեր խաղն ու հույզերը նույնն են մնացել։ Հույս ունեմ՝ հանդիսատեսը դա կզգա»։

Նախագիծը ճակատագրական է դարձել նաեւ Արփի Գաբրիելյանի եւ Միհրան Ծառուկյանի համար․ համատեղ աշխատանքի ընթացքում նրանց միջեւ ծնված սերը շարունակություն է ստացել իրական կյանքում՝ ընտանիքի ստեղծմամբ։

Մոսո Կարապետյանի խոսքով՝ իր մարմնավորած Հրաչը ֆիլմում փոխվել է՝ դարձել ավելի հասուն, ավելի բարի ու պատասխանատու։ Իսկ սիթքոմում Զառայի կերպարը մարմնավորած Քրիստինա Եղոյանը նկարահանումներին չի մասնակցել արտերկրում գտնվելու պատճառով։

«Ֆուլ հաուս. վայրէջք»-ի գլխավոր ուղերձը, ինչպես ընդգծում է Արմեն Պետրոսյանը, սերն է․ «Այսօր դա շատերի կյանքում պակասում է։ Եթե մարդիկ սիրում են իրար, հարգում եւ միասին են, կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն։ Թող ֆիլմի ամփոփումը լինի այս բառերով՝ սեր, հոգատարություն, համախմբվածություն, ընկերություն»։

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի