Ալբերտ Սաֆարյան. «Շատ կուզեմ մի օր Գիքորի հոր՝ Համբոյի դերում լինել»

«Շունչ» թատրոնի «Ծնողը» ներկայացումը պարզապես բեմադրություն չէ․ այն հուզիչ պատմություն է, որը դահլիճից դուրս գալուց հետո էլ երկար ժամանակ շարունակում է ապրել հանդիսատեսի ներսում։

Այն դերասանների համար ոչ միայն ստեղծագործական հերթական աշխատանք է, այլեւ կարեւոր ասելիք, խորքային զգացողություն ու լուրջ ուղերձ՝ ուղղված յուրաքանչյուրին, ով երբեւէ կանգնել է ընտանիքի, պարտքի, սիրո եւ խղճի առաջ։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ալբերտ Սաֆարյանը մարմնավորում է ընտանիքի հորը՝ մի մարդու, ով իր կնոջ հետ մեծ սիրով, նվիրումով ու անձնազոհությամբ մեծացրել է երեխաներին, նրանց տվել կյանքի լավագույն հնարավորությունները, պաշտպանել ու պահել է ամեն դժվարությունից։

Սակայն ժամանակի հերթական շրջադարձը բերում է ամենացավոտ իրականությունը․ երբ ծնողները կարիք ունեն ջերմության, ուշադրության ու հոգատարության, հենց իրենց երեխաներն են հրաժարվում այդ պատասխանատվությունից։

Այս պատմությունը հարվածում է ուղիղ սրտին, որովհետեւ խոսում է մի թեմայի մասին, որը շատերը նախընտրում են շրջանցել։ Բայց բեմը հենց դրա համար է՝ բարձրաձայնելու այն, ինչ առօրյայում հաճախ լռության է մատնվում։

«Այս ներկայացման հիմքում ամերիկյան պիես է, բայց թեման համամարդկային է։ Երեխաները որոշում են ծնողներին ծերանոց տանել։ Թեեւ հաճախ ասում ենք, որ նման երեւույթը մեր արժեհամակարգին խորթ է, իրականությունն այնքան էլ միանշանակ չէ։ Եվ հենց այդ պատճառով այն մեզ համար ավելի ցավոտ է», — նշել է դերասանը։

Նրա խոսքով՝ տարբեր երկրներում այս հարցին տարբեր կերպ են վերաբերվում։ Ճապոնիայում այդ թեման կապված է «Նառայամա» հասկացության հետ, Ամերիկայում՝ տարեցների խնամքի հաստատությունների։ Մեզ մոտ էլ հաճախ ծնողները, փորձելով արդարացնել երեխաներին, ասում են, թե նրանք արտերկրում են ապրում, իսկ իրենք պարզապես այլընտրանք չունեն։ Սակայն նույնիսկ այդ արդարացումներից ներս թաքնված է մեծ միայնություն, ցավ ու չասված վիրավորանք։

«Այս ներկայացումը դաս կլինի բոլոր նրանց համար, ովքեր մտածում են նման ճանապարհ ընտրելու մասին։ Դա այն իրականությունն է, որը չէի ցանկանա ոչ միայն հայերին, այլ ընդհանրապես ոչ մեկին աշխարհում», — BRAVO.am-ին պատմել է Ալբերտ Սաֆարյանը։

Դերասանը խոստովանել է, որ արդեն կարողանում է շատ բաների նայել տարիների փորձով ու ներքին հասունությամբ։ Կան դերեր, որոնց մարդը պարզապես պետք է հասնի՝ հոգեւոր ու ապրումային ճանապարհ անցնելով։ Նրա համար այս կերպարը հենց այդպիսի հնարավորություն է եղել՝ ժամանակին եկած, սպասված ու խորապես զգացված։

«Ռոբերտը խնդրահարույց ընտանիքի հայր է, ով ամեն կերպ փորձում է արդարացնել իր զավակներին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ներսում ցավ կա, ինքը շարունակում է սիրել, հասկանալ ու ներել», — ընդգծել է նա։

Սա եվրոպականացված ընտանիքի պատմություն է, որը ստեղծագործական թիմը փորձել է ադապտացնել մեր իրականությանը՝ դարձնելով ավելի մոտ, հասկանալի ու ցավոտ տեղական հանդիսատեսի համար։ Եվ հենց այդ պատճառով ներկայացումը չի ընկալվում որպես հեռու կամ օտար պատմություն։ Այն թվում է շատ ծանոթ, շատ իրական, նույնիսկ անհանգստացնող իր ճշմարտացիությամբ։

«Ես միշտ փորձում եմ այնպես անել, որ դահլիճի ամենավերջում նստած մարդն էլ հույզեր ունենա, ժպտա, հոգին ցավի, աչքին արտասուք առաջանա, հասկանա՝ ինչի մասին է խոսքը։ Այս անգամն էլ բացառություն չէ», — ասել է դերասանը։

Եվ հենց այստեղ է ներկայացման ուժը․ այն ոչ միայն պատմում է, այլեւ ստիպում է զգալ, մտածել, հիշել սեփական ծնողներին, սեփական պարտքն ու մարդկային պատասխանատվությունը։ «Ծնողը» բեմի վրա բացվող ընտանեկան դրամա չէ միայն, այլ նաեւ հայելի, որի մեջ շատերը կարող են տեսնել իրենց կյանքը, իրենց որոշումները, իրենց բացթողումները։

Ալբերտ Սաֆարյանը նաեւ խոստովանել է, որ հաճախ է մտածում, թե ապագայում ինչ կերպար կցանկանար մարմնավորել։ Նրա ներաշխարհին հատկապես հարազատ է հայկական գրականության ամենամարդկային կերպարներից մեկը։

«Իմ ներքինից ելնելով՝ կուզեի Համբո լինել՝ Գիքորի հայրը։ Շատ բարի, դրական, լավ, միամիտ, սիրուն կերպար է», — ասել է նա։

Այս անկեղծ ցանկությունն ինքնին շատ բան է ասում դերասանի ներքին աշխարհի մասին։ Համբոյի նման կերպարները մարմնավորում են մաքրություն, հայրական պարզ սեր, բարություն ու անպաճույճ մարդկայնություն։ Եվ թերեւս հենց այդ որակներն են, որ այսօր առավել քան երբեւէ պակասում են մեր արագացող ու սառնացող աշխարհում։

«Ծնողը» ներկայացումը հիշեցնում է պարզ, բայց հաճախ մոռացվող ճշմարտությունը՝ ծնողները երբեք չեն դառնում ավելորդ։ Նրանք այն մարդիկ են, ովքեր մեր կյանքի առաջին օրերից եղել են մեր կողքին, իսկ երբ գալիս է իրենց ամենախոցելի ժամանակը, նրանք առավել քան երբեւէ կարիք ունեն ոչ թե արդարացումների, այլ մարդկային ներկայության, սիրո եւ երախտագիտության։

Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի