«Ինֆարկտ, ինսուլտ եմ տարել. գնացի էն դուռը, պաչեցի, եկա». Լեւոն Շարաֆյան

Լևոն Շարաֆյան
Դերասան Լեւոն Շարաֆյանի հետ զրուցել եմ Լոս Անջելես այցիս ընթացքում։ Նա դեռ լիովին չէր ապաքինվել․ նոր էր դուրս գրվել հիվանդանոցից, սակայն, չնայած թուլությանը, չմերժեց BRAVO.am-ի հետ զրույցի առաջարկը։

Հայ հանդիսատեսի համար Լեւոն Շարաֆյանը պարզապես դերասան չէ․ նա մի ամբողջ ժամանակաշրջան է։ Նրան կարոտում են՝ բեմում, էկրանին, հիշողությունների մեջ։ Եվ մեր զրույցից պարզ դարձավ՝ այդ կարոտը փոխադարձ է։

— Իհարկե, կարոտել եմ։ Պարզապես հիմա ի վիճակի չեմ բեմ բարձրանալ կամ նկարահանվել։ Դրա համար ֆիզիկական ուժ է պետք, որն այս պահին չունեմ։ Եթե պարզապես բեմ բարձրանամ՝ ինչ-որ բան ապացուցելու համար, դա սխալ կլինի։ Բայց ես հույս ունեմ՝ կապաքինվեմ։ Ծրագրերը շատ են… Ասում են՝ արվեստագետին մի կյանքը քիչ է, և դա իսկապես այդպես է։

Մանկության լույսը, որը չի մարում

Նրա ձայնում ջերմություն կա, երբ խոսում է մանկությունից։

Գեղեցիկ մանկություն եմ ունեցել։ Ամենաշատը կարոտում եմ բակային խաղերը։ Կային օրեր, որոնք անմոռանալի էին։ Ֆիլմերից ոգեւորված՝ բակում բեմադրություններ էինք անում՝ «Թափառաշրջիկ», «Պարոն 420»… Հետո ընդունվեցի Թատերական ինստիտուտ, և հենց այնտեղից սկսվեց իմ իրական ճանապարհը։

Սկզբում թվում էր՝ արդեն ամեն ինչ գիտենք։ Բայց ժամանակի ընթացքում հասկացանք՝ իրականում ոչինչ էլ չգիտենք։ Ավարտելուց հետո նորից սկսում ես՝ զրոյից։ Եվ ես ամենուր էի՝ թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում։

Levon Sharafyan portrait

Թատրոնը՝ որպես կյանք

— Այդ երեքից ո՞րն էր Ձեզ ամենամոտը։

Բոլորը։ Բայց թատրոնը միշտ առաջին տեղում էր։ Առավոտից մինչև ուշ երեկո աշխատանքի մեջ էի՝ ռադիո, բեմ, նկարահանումներ։ Հոգնած տուն էի հասնում, քնում, որ հաջորդ օրը նույնը կրկնվեր։ Եվ հենց այդ անվերջ շարժման մեջ էր կյանքի գեղեցկությունը։

— Կա՞ դեր, որը Ձեր կյանքում վճռորոշ է եղել։

Իհարկե։ Կան դերեր, որոնք սկզբում քեզ օտար են թվում, բայց հետո դառնում են ամենասիրելիները։ Ամեն դերի մեջ պետք է գտնես քո «երաժշտությունը»։ Եթե գտար՝ այն կապրի։ Եթե ոչ՝ կմնա դատարկ։

Դու դուրս ես գալիս բեմ ու տեսնում՝ հարյուրավոր տարբեր մարդիկ են նստած։ Պետք է կարողանաս նրանց բերել մի ընդհանուր զգացողության։ Եթե վերջում դահլիճում միասնություն կա՝ ուրեմն դու հաղթել ես։

Կարոտը՝ մարդկանց հանդեպ

Բոլորին եմ կարոտում… Լեւոն Թուխիկյանին, Իշխան Ղարիբյանին, Կիմ Երիցյանին։ Անահիտ Թոփչյանին… Երբ նա բեմ էր դուրս գալիս, բեմը լցվում էր կյանքով։

Levon Sharafyan театр

Ընտանիք՝ ամենաթանկ հենարանը

— Դուք միշտ համարվել եք ցանկալի տղամարդ…

(Ժպտում է) Չէ, երբեք չեմ օգտվել այդ ուշադրությունից։ Ես ունեմ ընտանիք, որն ինձ համար ամենաթանկն է։

Երբ կոտրվում եմ, նրանք են ինձ պահում։ Կողքից «բզում» են, ուժ տալիս։ Դերասանը պետք է իր մեջ պահի երեխային՝ անմիջականությունը։ Բայց լավ դերասան լինելու համար առաջին հերթին պետք է լավ ընտանիք ունենալ։

Թատրոնը՝ ծառայություն

Թատրոնը քեզ կլանում է։ Դեկորների հոտը, կուլիսների փոշին… Դրանք դառնում են քո մի մասը։

Մի անգամ նույնիսկ վնասվածքով եմ խաղացել։ Ոտքս դուրս էր ընկել, բայց ներկայացումը շարունակել եմ։ Հանդիսատեսը եկել է քեզ տեսնելու։ Նա չի մտածում՝ դու ցավ ունես, թե ոչ։ Դու պարտավոր ես դուրս գալ բեմ։

Միշտ ասում եմ՝ մարդը երեք տեղում է ծառայում՝ բանակում, եկեղեցում և թատրոնում։

Կյանքը՝ առանց նեղանալու

Ես երբեք չեմ նեղացել հայրենիքից։ Ինչպե՞ս կարելի է նեղանալ հայրենիքից։ Դա նույնն է, ինչ ծնողից նեղանալը։

Կյանքում շատ աշխատանք եմ արել՝ նույնիսկ փոշեկուլ եմ վաճառել։ Բայց դա ամոթ չէ։ Ամոթ է չաշխատելը։

Արվեստագետը պետք է խոսի

Չեմ հասկանում լռողներին։ Արվեստագետը պետք է դիրքորոշում ունենա։ Լռելը երբեմն ավելի բարձր է խոսում, քան խոսքը… բայց ոչ ճիշտ ժամանակին։

Անավարտ երազանքներ

Մեծ երազանքներ այլևս չունեմ… Մի դեր կար, որ շատ էի ուզում խաղալ՝ «Լիր արքան»։ Բայց չստացվեց։ Երևի այլևս չեմ խաղա։

Կյանքում ամենամեծ ցավը մորս կորուստն է։ Իսկ ամենամեծ ափսոսանքը՝ որ չեմ հասցնի անել այն ամենը, ինչ ծրագրել եմ։

Բայց մեկ բանի հավատում եմ՝ Աստծուն։ Եթե Նա չլիներ, ես վաղուց այստեղ չէի լինի։

Զրուցեց՝ Արմինե Գևորգյանը
Լուսանկարները՝ Լեւոն Շարաֆյանի անձնական արխիվից