«Մարդամեկը 2» սիթքոմի պրեմիերան ազդարարվել է հարսանեկան մթնոլորտում

«Մարդամեկը» վերադառնում է՝ ավելի աղմկոտ, ավելի անկեղծ ու ավելի «ընտանեկան» քան երբևէ

Մեծ ընտանիք, անխուսափելի բախումներ, սուր հումոր և բոլորիս այնքան ծանոթ կենցաղային դրվագներ․ հենց այս բաղադրիչներով է կրկին եթեր վերադառնում «Մարդամեկը» ընտանեկան սիթքոմը։ Երեկ, հայկական հարսանիքներին հատուկ ջերմ ու աշխույժ մթնոլորտում, տարոսիկների ու ուրախ անցուդարձի ուղեկցությամբ, տեղի ունեցավ «Մարդամեկը 2» նախագծի առաջին սերիաների փակ նախադիտումը։

Ամեն ինչ սկսվում է հիշողություններով․ առաջին սերիայում հանդիսատեսը վերադառնում է ավագ որդի Սուրիկի (Մոսո Կարապետյան) և Նատալյայի (Արփի Գաբրիելյան) ավանդական, գունեղ ու մի փոքր քաոսային հարսանիքին։ Բայց սա պարզապես սկիզբն է․ ստեղծագործական թիմը խոստանում է՝ նոր եթերաշրջանը լի է լինելու անսպասելի շրջադարձերով, հարաբերությունների սրման պահերով ու, իհարկե, ծիծաղով, որը երբեմն ավելի անկեղծ է, քան ցանկացած լուրջ խոսք։

Արփի Գաբրիելյանի խոսքով՝ այս նախագիծը առանձնանում է իր բնականությամբ, որն այսօր հազվադեպ է հեռուստաեթերում։ «Այստեղ խաղը քիչ է, մենք շատ իրական ենք։ Ես այնպիսին եմ, ինչպիսին տանն եմ՝ երեխայիս ու ամուսնուս հետ։ Մեր խոսակցությունները կենցաղային են, առանց ավելորդ «բեմականացման», և հենց դա է, կարծում եմ, հանդիսատեսին մոտ դարձնում մեզ։ Երբ նայում ես, թվում է՝ սա քո տունն է, քո ընտանիքը»,- նշում է դերասանուհին։

Հետաքրքիր է նաև այն, որ այս անգամ սիթքոմը նոր փուլ է բացում ոչ միայն պատմության, այլև ստեղծագործական պատասխանատվության տեսանկյունից․ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը հանդես են գալիս որպես համապրոդյուսերներ։ Սա նրանց համար ոչ միայն ստեղծագործական փորձարկում է, այլև լուրջ մարտահրավեր։

«Մենք բոլորս հիմա ուղղակի գերհոգնած ենք, բայց միևնույն ժամանակ՝ շատ երջանիկ։ Սա այն աշխատանքն է, որը սիրում ենք ամբողջ սրտով։ Պատասխանատվությունն այնքան մեծ էր, որ ամեն քայլը փորձում էինք անել առավելագույնս որակով»,- անկեղծորեն խոստովանել են նրանք։

Արփին կեսկատակ հավելել է, որ ամուսինը գրեթե ամեն օր որոշում է այլևս չզբաղվել պրոդյուսերությամբ, սակայն Միհրանն անմիջապես հակադարձում է՝ արդեն իսկ նոր նախագծերի գաղափարներ ունեն։ Եվ դա, թերևս, ամեն ինչ ասում է այս թիմի ստեղծագործական էներգիայի մասին։

Սիթքոմի սցենարի հեղինակն է Հայկ Ալեքյանը, ով սոցիալական հարթակներում հայտնի է ընտանեկան հարաբերությունների մասին իր անկեղծ ու հաճախ սարկաստիկ դիտարկումներով։ Նրա ձեռագիրը զգացվում է նաև նախագծում՝ կերպարները կենդանի են, երկխոսությունները՝ իրական, իսկ իրավիճակները՝ չափազանց ճանաչելի։ Նրա ներկայությունը սիթքոմում ներկայացված է Արման Խաչատրյանի մարմնավորած կերպարի միջոցով։

Դերասանական կազմը շարունակում է մնալ բազմազան ու գունեղ․ երեք զավակների հոր՝ Սամվելի դերում հանդես է գալիս Լևոն Հարությունյանը, իսկ ամեն մանրուք նկատող, բայց դա «նրբանկատորեն» բարձրաձայնող սկեսուրի կերպարը մարմնավորում է Իրինա Դանիելյանը։

Սիթքոմում ներգրավված են նաև Մոսո Կարապետյանը, Աղվան Կարապետյանը, Դիանա Զաքարյանը, Վահագն Գալստյանը, Տիրուհի Հակոբյանը և այլք, որոնք իրենց կերպարներով ստեղծում են այն յուրահատուկ «ընտանեկան քաոսը», որտեղ յուրաքանչյուր դիտող հեշտությամբ կարող է գտնել իրեն կամ իր հարազատներին։

«Մարդամեկը 2»-ը արդեն պատրաստ է նորից մտնել մեր տները՝ ծիծաղով, հուզմունքով և շատ ճանաչելի պատմություններով։ Հումորային նախագիծը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի մայիսի 4-ից՝ խոստանալով ամեն երեկո վերածել փոքրիկ ընտանեկան տոնի։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրմանյանի