Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

Ինչպե՞ս հաղթահարել բաժանվելու վախը և վերջապես պատասխանատվություն վերցնել սեփական կյանքի համար

Սիրո ավարտը մարդկանց մեծ մասի համար ամենածանր փորձություններից մեկն է։ Երբ թվում է, թե հարաբերություններն այլևս չեն երջանկացնում, ներսում սկսվում է իրական պայքար․ մի կողմում սովորությունն է, հիշողությունները, վախերը, իսկ մյուսում՝ հասկանալը, որ այդպես շարունակել այլևս հնարավոր չէ։ Հոգեբաններն ասում են՝ շատ մարդիկ ոչ թե հարաբերություններն են պահում, այլ վախենում են փոխել կյանքը։

Ինչո՞ւ է սերը ժամանակի ընթացքում փոխվում

Շատերը կարծում են, թե եթե հարաբերություններում նախկին կրակը չկա, նշանակում է՝ սերն ավարտվել է։ Բայց իրականում առողջ հարաբերություններում սերը պարզապես փոխվում է։ Սկզբում կա ուժեղ սիրահարվածություն, հուզմունք, անընդհատ միմյանց տեսնելու ցանկություն։ Հետո առաջանում է կապվածություն, վստահություն, հարգանք և միասին ապագա կառուցելու ցանկություն։

Եթե երկու մարդիկ պատրաստ են լսել միմյանց, խոսել խնդիրների մասին և աշխատել հարաբերությունների վրա, սերը սովորաբար չի անհետանում։ Այն դառնում է ավելի հասուն և խորքային։

Բայց լինում են իրավիճակներ, երբ զուգընկերներից մեկը հանկարծ հասկանում է, որ այլևս ոչինչ չի զգում։ Այդ պահին կարևոր է չվախենալ և անկեղծորեն հասկանալ՝ իսկ իրականում այդ սերը երբևէ եղե՞լ է։

Հոգեբանները նշում են, որ շատ մարդիկ հարաբերությունների մեջ մտնում են ոչ թե սիրուց, այլ ներքին դատարկությունը լրացնելու, միայնությունից փախչելու կամ անվտանգության զգացում ստանալու համար։ Երբ մարդը հաղթահարում է իր հոգեբանական խնդիրները, կախվածությունը կամ տրավմաները, հանկարծ հասկանում է, որ այլևս այդ հարաբերությունների կարիքը չունի։

Երբեմն էլ հարաբերությունները պահվում են միայն որոշակի շահի պատճառով։ Օրինակ՝ մեկը հարաբերություններում իրեն ապահով է զգում ֆինանսապես, մյուսը՝ պարզապես վախենում է միայնությունից։ Եվ հենց այդ «հենարանը» կորում է, զգացմունքներն էլ սկսում են մարել։

Իհարկե, յուրաքանչյուր պատմություն տարբեր է։ Այդ պատճառով կարևոր է անկեղծորեն պատասխանել մի քանի հարցի․

  • Ինչո՞ւ էի ես այս մարդու հետ։
  • Ի՞նչ էի իրականում փնտրում այդ հարաբերություններում։
  • Ե՞րբ սկսեցին փոխվել իմ զգացմունքները։
  • Ի՞նչ էր կատարվում մեր հարաբերություններում մինչև այդ պահը։

Այս հարցերը երբեմն ավելի շատ ճշմարտություն են բացում, քան երկար վեճերն ու մեղադրանքները։

Ի՞նչ անել, եթե հասկանում եք, որ սերն այլևս չկա

Ինչ անել, եթե հարաբերություններում սեր այլևս չկա

Եթե երկար մտածելուց հետո հասկանում եք, որ հարաբերություններում այլևս սեր չկա, առաջին հերթին կարևոր է չփախչել այդ զգացումից։ Շատ մարդիկ տարիներով ձևացնում են, թե ամեն ինչ նորմալ է, միայն թե չկանգնեն դժվար որոշման առաջ։ Բայց ճշմարտությունից երկար փախչել հնարավոր չէ։

Ամենակարևորը՝ անկեղծ խոսել զուգընկերոջ հետ։ Առանց վիրավորանքների, առանց խաղերի և մանիպուլյացիաների։ Պարզապես բացատրել, թե ինչ եք զգում և ինչ է կատարվում ձեր ներսում։

Երբեմն նման խոսակցությունից հետո մարդիկ հասկանում են, որ հարաբերությունները դեռ կարելի է փրկել։ Գուցե պարզապես երկուսն էլ հոգնել էին, հեռացել միմյանցից կամ չափազանց կենտրոնացել առօրյա խնդիրների վրա։ Այդ դեպքում հնարավոր է հարաբերություններին նոր շունչ տալ՝ ավելի շատ խոսելով, ժամանակ անցկացնելով միասին և ուշադրություն դարձնելով միմյանց։

Բայց լինում են նաև իրավիճակներ, երբ երկուսն էլ հասկանում են՝ ավարտը վաղուց եկել է, պարզապես վախենում էին դա ընդունել։ Եվ որքան էլ ցավոտ լինի, երբեմն բաժանումը դառնում է ամենաառողջ որոշումը։

Ինչո՞ւ է այդքան դժվար հեռանալ դժբախտ հարաբերություններից

Ինչու են մարդիկ վախենում բաժանվելուց

Նույնիսկ երբ հարաբերությունները վաղուց երջանկություն չեն բերում, շատ մարդիկ շարունակում են մնալ դրանց մեջ։ Պատճառը սովորաբար ոչ թե սերն է, այլ վախը։

Մեկը վախենում է միայնությունից։ Մյուսը՝ ֆինանսական խնդիրներից։ Ոմանք վախենում են, թե այլևս երբեք չեն սիրի կամ չեն լինի սիրելի։ Իսկ կան մարդիկ, ովքեր պարզապես սովորել են ապրել այդ մարդու կողքին և չեն պատկերացնում կյանքն առանց նրա։

Այդ վախերը լիովին բնական են։ Բայց կարևոր է հասկանալ՝ եթե վախը ձեզ ստիպում է մնալ հարաբերություններում, որտեղ դուք դժբախտ եք, ժամանակն է կանգ առնել և անկեղծորեն նայել իրականությանը։

Փորձեք հասկանալ՝ հատկապես ինչն է ձեզ պահում այդ հարաբերություններում։ Եթե վախենում եք միայնությունից, մտածեք՝ արդյոք դուք իսկապե՞ս մենակ եք, թե պարզապես սովոր չեք միայնակ ապրելուն։ Եթե վախենում եք ֆինանսական անկայունությունից, փորձեք պլան կազմել՝ ինչպես կարող եք ինքնուրույն ապահովել ձեզ։

Հոգեբանները նշում են, որ շատ կախվածություններ գալիս են մանկությունից։ Երբ մարդը մեծանում է սիրո կամ անվտանգության պակասով, հետագայում չափազանց ուժեղ է կապվում զուգընկերոջից և սկսում է վախենալ նրան կորցնելուց։ Այդ դեպքում կարևոր է աշխատել սեփական ինքնագնահատականի և ներքին կայունության վրա։

Սեփական կյանքի համար պատասխանատվություն վերցնելը հասունության կարևոր նշան է։ Դա նշանակում է՝ դադարել ամբողջ պատասխանատվությունը դնել ուրիշների վրա և հասկանալ, որ ձեր երջանկության գլխավոր պատասխանատուն հենց դուք եք։

Ինչպե՞ս հաղթահարել բաժանումից հետո առաջացած վախերը

Ինչպես ապրել բաժանումից հետո

Բաժանումից հետո շատ մարդիկ իրենց կորած են զգում։ Սկզբում թվում է, թե կյանքը կանգ է առել, ամեն ինչ դատարկվել է, իսկ ապագան՝ անհասկանալի դարձել։ Դա բնական վիճակ է, հատկապես եթե երկար ժամանակ ապրել եք մեկ մարդու կողքին։

Բայց կարևոր է հիշել՝ այդ ցավը հավերժ չի մնալու։ Ժամանակի ընթացքում մարդը սկսում է նորից զգալ կյանքը, վերագտնել իրեն և հասկանալ, թե իրականում ինչ է ուզում։

Այս փուլում շատ կարևոր է կենտրոնանալ ինքներդ ձեր վրա, ոչ թե նախկին հարաբերությունների։ Փորձեք զբաղվել այն բաներով, որոնք վաղուց հետաձգել էիք։ Զարգացեք, փոխեք առօրյան, սկսեք նոր հոբբի, ավելի շատ ժամանակ անցկացրեք մարդկանց հետ, ովքեր ձեզ լավ են զգացնել տալիս։

Երբ մարդը սկսում է ճանաչել ինքն իրեն և հասկանալ իր իրական արժեքը, նա այլևս չի մտնում հարաբերությունների մեջ միայն դատարկությունը լրացնելու համար։ Այդ ժամանակ հարաբերություններն արդեն կառուցվում են սիրո, հարգանքի և փոխադարձ աջակցության վրա, ոչ թե վախի, կախվածության կամ սովորության։

Երբեմն հարաբերությունների ավարտը կյանքի ավարտը չէ։ Ընդհակառակը՝ շատ դեպքերում դա նոր, ավելի առողջ և ավելի գիտակցված կյանքի սկիզբն է։