Տոնական օր կավելանա. մանրամասներ

Հայաստանում կարող է սահմանվել նոր պաշտոնական օր․ հունիսի 23-ը նախատեսվում է հայտարարել Հանրային ծառայողի օր։

Ինչպես տեղեկացել է MediaHub-ը, վարչապետի աշխատակազմը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և հունիսի 23-ը պաշտոնապես ամրագրել որպես Հանրային ծառայողի օր։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այսօր պետական տարբեր կառույցներ ունեն իրենց առանձին մասնագիտական տոները կամ հիշատակի օրերը։ Օրինակ՝ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշվում է հունվարի 8-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, Ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, Քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին և այլն։

Սակայն նախագծի հեղինակների համոզմամբ՝ նման մասնատված մոտեցումը չի համապատասխանում հանրային ծառայության զարգացման ներկայիս պատկերացումներին։ Նրանք կարծում են, որ անհրաժեշտ է ունենալ մեկ միասնական օր, որը կընդգծի բոլոր հանրային ծառայողների դերը երկրի կառավարման և զարգացման գործընթացում։

Նախագծում նաև հիշեցվում է, որ դեռ 2002 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով հունիսի 23-ը հռչակել է Հանրային ծառայության օր։ Այդ փաստաթղթով անդամ պետություններին առաջարկվել է այդ օրը կազմակերպել միջոցառումներ՝ հանրային ծառայության կարևորությունն ու դրա ներդրումը հասարակության զարգացման գործում ընդգծելու նպատակով։

Հեղինակները շեշտում են նաև ֆինանսական կողմը։ Նրանց գնահատմամբ՝ տարբեր պետական կառույցների առանձին տոնական միջոցառումները լրացուցիչ ծախսեր են պահանջում, մինչդեռ մեկ միասնական օրվա սահմանումը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել պետական միջոցները և միաժամանակ հանրության ուշադրությունը կենտրոնացնել հանրային ծառայողի աշխատանքի կարևորության վրա։

Եթե նախագիծը ընդունվի, ապա հունիսի 23-ը Հայաստանում պաշտոնապես կնշվի որպես Հանրային ծառայողի օր։

Մարիաննա Արամյան