«Իմ Արկադին իր զինվորներին երեխաների պես էր սիրում». հերոսի մոր պատմությունը
Արկադի Հովհաննիսյանի մասին խոսելիս մայրը՝ տիկին Աիդան, առաջինը հիշում է ոչ թե զինվորական համազգեստը, ոչ կոչումները, ոչ էլ պարգևները, այլ իր աշխույժ, բարի ու աշխատասեր տղային, որը մանկուց աչքի էր ընկնում շարժունությամբ, ուժեղ կամքով և մարդկանց օգնելու պատրաստակամությամբ։
«Աշխույժ երեխա էր տղաս։ Սպորտի հետ սեր ուներ՝ մարմնամարզություն, ըմբշամարտ։ Շատ փոքրամարմին էր, բայց ինչ գործ լիներ՝ անում էր։ Ինձ շատ էր օգնում»,- «Փաստի» հետ զրույցում պատմում է Արկադիի մայրը։
Արկադին ծնունդով Շիրակի մարզի Երազգավորս գյուղից էր։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Մայրը պատմում է, որ որդին դպրոցը սիրում էր առանձնահատուկ ջերմությամբ։ Նա ակտիվ էր, նախաձեռնող, աշխատասեր և գրեթե միշտ առաջիններից մեկն էր բոլոր միջոցառումներում։
«Ինչ միջոցառում լիներ, նա առաջինն էր։ Նոր տարվա ներկայացումներում Ձմեռ պապիկն էր լինում, Համբոյի ու Գիքորի ներկայացման մեջ էր ներգրավված։ Ասմունքում էր, Պարույր Սևակի ստեղծագործությունները գիտեր։ Շատ ակտիվ էր։ Սիրում էր ֆիզկուլտուրան, քանի որ ճկուն էր ու աշխույժ, սիրում էր նաև հայոց լեզուն ու գրականությունը»,- հիշում է տիկին Աիդան։
Արկադին դպրոցական տարիներից առանձնանում էր պատասխանատվությամբ։ Վերջին զանգին պատրաստվել էր երկար ու լրջորեն։ Մայրը ժպիտով ու ցավով է հիշում, որ որդուն այնքան շատ ստեղծագործություններ էին հանձնարարել, որ տանը բոլորը նրա հետ միասին անգիր էին արել դրանք։

Զինվորական ճանապարհը
Դպրոցն ավարտելուց հետո Արկադին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Ավարտելուց հետո՝ 2005 թվականին, ծառայության է անցել Հայկական զինված ուժերում։ Ծառայել է տարբեր զորամասերում՝ «Մարտունի 3»-ում, Ճամբարակում, Գյումրիում, Ստեփանավանում, Քարվաճառում։ Լավ ծառայության համար բազմիցս պարգևատրվել է։
Տիկին Աիդան ասում է՝ որդին իսկապես սիրում էր զինվորականի գործը։ Սկզբում ցանկացել էր օդաչու դառնալ, սակայն այդ տարի այդ ուղղությամբ միակ դիմորդն ինքն էր եղել, և ծրագիրը չի ստացվել։ Բայց ճակատագիրը նրան տարավ դեպի բանակ, որտեղ նա գտավ իր գործը, իր պատասխանատվությունը և իր ճանապարհը։
Արկադին ծառայությունը սկսել էր Արցախից և հենց Արցախում էլ անմահացավ։ Նա իր ցանկությամբ էր որոշել ծառայությունը շարունակել Քարվաճառում։ Մայրն ասում է՝ որդին այնտեղ ապրել ու ծառայել էր ուզում։ Զորացրվելուն և թոշակի անցնելուն մնացել էր ընդամենը տասը ամիս։ Այդ օրերին նրան պետք է կապիտանի կոչում տային։ Փաստաթղթերը պատրաստ էին, բայց պատերազմն ավելի շուտ եկավ։
«Նա կոչումների հետևից չէր ընկնում։ Իր համար կարևորը զինվորներն էին, որ նրանց հետ որևէ բան չպատահեր։ Արկադին շատ էր սիրում զինվորականի գործը, կանգնած էր զինվորի կողքին, չէր սիրում անարդարությունը»,- ասում է մայրը։
Քարվաճառի կարճատև երջանկությունը
Քարվաճառ տեղափոխվելուց առաջ Արկադիի ընտանիքը մի քանի ամիս մնացել էր մոր մոտ։ Հետո նա մեկնել էր Քարվաճառ, տեղավորվել այնտեղ, տուն ստացել նոր շենքում։ Մայրը պատմում է, որ այդ տունը տեսնել այդպես էլ չհասցրեց։ Կինն ու երեխաներն արդեն նրա մոտ էին, ամեն ինչ կարծես իր տեղն էր ընկել։ Նրանք ընդամենը չորս ամիս խաղաղ ու երջանիկ ապրեցին, մինչև սկսվեց պատերազմը։
Արկադիի կինը պատմել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացել են հարևանի ձայնից. «Հարսնե՛ր, պատերազմ է»։ Նրանք պատշգամբից տեսել են, թե ինչպես է պատերազմը մոտենում իրենց խաղաղ առօրյային։ Հարևանը՝ փոխգնդապետ Վահագը, Արկադիի ընտանիքին տեղափոխել էր Մարտունի՝ Սևանի կողմը, ապա վերադարձել Քարվաճառ և բարձրացել դիրքեր։ Նա նույնպես զոհվել է։ Այդ օրերին երեք ընկերներ միասին անմահացան։
Օմարի լեռներում
44-օրյա պատերազմի ժամանակ Արկադին եղել է Օմարի լեռնանցքում։ Սեպտեմբերի 28-ին տղաները հրաման են ստացել հսկել Օմարի լեռները։ Թեժ մարտերի ժամանակ նահանջի հրաման է եղել, սակայն Արկադին չի թողել դիրքը։ Նա իր յոթ զինվորների հետ շարունակել է կռվել մեծաթիվ հակառակորդի դեմ։
Արկադի Հովհաննիսյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին։
Մայրը պատմում է, որ որդին ամենից շատ ուրախանում էր իր զինվորների համար, երբ նրանց հետ ոչինչ չէր պատահում։ Ասում են՝ նա չէր ուզում, որ ջահել զինվորները բարձրանան դիրքեր։ Նրանց ասում էր՝ դիրքը ինքը կպահի, իրենք թող չբարձրանան, փորձանքի չգան։ Բայց տղաները բարձրացել էին նրա հետ։ Յոթ զինվորներից միայն մի քանիսն են փրկվել։
«Զինվորներին իր երեխաների պես էր սիրում»,- ասում է տիկին Աիդան։
Լուրը, որ փոխեց ամեն ինչ
Պատերազմի սկզբում Արկադիի եղբայրը մեկնել էր Արցախ՝ եղբոր ընտանիքին վտանգավոր գոտուց տեղափոխելու համար։ Բայց Վահագն արդեն հասցրել էր նրանց ապահով վայր տանել։ Մյուս որդին նույնպես ընկերոջ հետ ներգրավվել էր պատերազմում։ Մայրը սկզբում ոչ մի բանից տեղյակ չէր։ Ծանր լուրը նախ հասցրել էին աղջկան։
«Աղջիկս եկել էր, որ ինձ հայտնի։ Մյուս տղաս արդեն տանը չէր։ Կապվեց եղբոր հետ՝ ասացին՝ Ական վիրավորվել է, արի, հասի։ Տղաս 25 կիլոմետր կրակների միջով ճանապարհ էր կտրել, որ հասնի եղբորը։ Իրենց վաշտի տղաներին անօդաչուն էր թիրախավորել։ Շատ զոհեր էին ունեցել, մյուս տղաս ուղղակի հրաշքով փրկվեց ու տուն հասավ»,- պատմում է մայրը։
Արկադիի վերադարձը հայրենի տուն երկար չի տևել։ Հոկտեմբերի 4-ին նրան արդեն բերել էին։ Մայրը հիշում է միայն մի պահ, որը դաջվել է մտքում։ Երբ մյուս որդին՝ Արասը, տուն է մտել, ասել է. «Մա՛մ ջան, քեզ ձիգ պահի։ Եթե քեզ էլ մի բան լինի, իմ ապրելու իմաստը կկորի»։
«Հպարտ եղիր, որ այդպիսի եղբայր ունես»
Տիկին Աիդան պատերազմի օրերից մեկ դրվագ էլ է հիշում։ Շատ էին զգուշացնում՝ մի զանգեք տղաներին։ Բայց աղջիկը՝ Նինան, զանգել էր Արկադիի համարին։ Զանգին պատասխանել էին։ Մի պահ ընտանիքը կարծել էր, թե Արկադին է։
«Նինաս ասաց՝ վայ, մա՛մ, Ակաս է։ Բայց պատասխանողն ասաց՝ ցավում եմ, Ական չէ։ Միայն մի բան ասեմ՝ հպարտ եղիր, որ դու այդպիսի եղբայր ունես։ Այդ պահին արդեն հասկացանք, թե ինչի մասին է խոսքը»,- պատմում է մայրը։
Հետո տղաները սկսեցին գալ նրանց տուն։ Մեկը բերեց Արկադիի գլխարկը, մյուսը՝ զինվորական համազգեստը, մեկը՝ պայուսակը, որի մեջ նաև ընտանիքի լուսանկարներն էին։ Այդ փոքրիկ իրերը դարձան մեծ հիշողության մաս՝ մի կյանքի, որը նվիրված էր ընտանիքին, հայրենիքին և զինվորներին։

Մոր ամենօրյա ճանապարհը
Այսօր Արկադին հանգչում է հայրենի Երազգավորսում։ Մայրը չի ցանկացել, որ որդին իրենից հեռու լինի։ Ասում է՝ օրեր են լինում, երբ երկու-երեք անգամ գնում է նրա մոտ, սրբում քարը, նստում ու զրուցում հետը։
«Արկադիս շատ էր կիսվում հետս, իմ խորհրդատուն էր։ Երբ գալիս էր, ամբողջ գիշեր կարող էինք նստել ու զրուցել։ Միշտ ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ կարոտում եմ՝ հարևաններին, բակը, մեր տունը։ Ընտանիքին նվիրված տղա էր»,- ասում է տիկին Աիդան։
Ապրելու ուժը
Տիկին Աիդան այսօր ապրելու ուժը գտնում է իր երեխաների ու թոռների մեջ։ Արկադին երեք երեխա ունի՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Մոր համար նրանք են հիշողության շարունակությունը, ուժի աղբյուրը և այն լույսը, որը օգնում է դիմանալ ամենածանր օրերին։
«Մյուս տղաս ամուսնացած չէ, հիմա ցանկությունս է, որ նա էլ ընտանիք կազմի։ Աղջիկս ու նրա ընտանիքն են ուժ տալիս, Արկադիիս ընտանիքը, նրա երեխաները։ Երեխաներս ու թոռներս են ուժ տվողը»,- ասում է հերոսի մայրը։

Հ. Գ. Ավագ լեյտենանտ Արկադի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիություն» մեդալներով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Երազգավորսի ընտանեկան գերեզմանատանը։
Լուսինե Առաքելյան