Որքանո՞վ կարող են մրգերը նպաստել օրգանիզմի երիտասարդացմանը
Նարինջը, սեխը և ջրով հարուստ այլ մրգերը նպաստում են արտաքին տեսքի և ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության թերապևտ Ամիր Հանը։
Նրա խոսքով՝ ինքնախնամքի ամենատարածված սխալներից մեկը ջրի անբավարար օգտագործումն է, քանի որ ջրազրկումը բացասաբար է ազդում մաշկի վիճակի վրա. այն դառնում է չոր, իսկ կնճիռները՝ ավելի նկատելի։
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, հեղուկի պակասը նաև բացասաբար է անդրադառնում հոդերի առողջության, մարսողության և էներգիայի ընդհանուր մակարդակի վրա։ Ջրային հավասարակշռությունը պահպանելու համար Հանը խորհուրդ է տալիս խմել բավարար քանակությամբ ջուր և սննդակարգում ներառել ջրով հարուստ մրգեր։
Բացի այդ, մասնագետը նշել է գաջեթների և համակարգիչների երկարաժամկետ օգտագործման հետևանքները։ Նրա խոսքերով, կապույտ լույս արձակող սարքերը նվազեցնում են մաշկի էլաստիկությունը և քայքայում կոլագենը, ինչը հանգեցնում է վաղաժամ ծերացման։
Հանը նաև ընդգծել է ոչ ակտիվ կենսակերպի վնասակար ազդեցությունը։ Ֆիզիկական ակտիվության պակասը հանգեցնում է արյան շրջանառության դանդաղեցման և մկանային զանգվածի կորստի, ինչի հետևանքով մաշկը դառնում է թորշոմած և ստանում մոխրագույն երանգ։
Հոդվածը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում բժշկական առաջարկություն։ Նախքան սննդակարգը կամ կենսակերպը փոփոխելը, անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ։