«Ստիպված եմ լինելու այլևս հանդես չգալ հեռուստասերիալում». Անի Մեհրաբյանը «Վերջին զանգ»-ից դուրս գալու պատճառի մասին

«Բարություն սփռելու ճանապարհին». Անի Մեհրաբյանը պատրաստվում է մեկնել Հունաստան՝ շարունակելու իր որոնումները

«LIFEROOM» հաղորդման տաղավարում այս անգամ հյուրընկալվել էր դերասանուհի Անի Մեհրաբյանը։ Հաղորդման ընթացքում վարող Ամալյա Հովհաննիսյանն ու Անին բաց և հուզիչ զրույց ունեցան դերասանուհու մասնագիտական ուղու, ներքին շարժառիթների, և սպասվող փոփոխությունների մասին։

StarNews-ը հետևեց հարցազրույցին, որի ընթացքում Անի Մեհրաբյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև «Վերջին զանգ» նախագծից դուրս գալու պատճառներին։

Դեռ մանկությունից Անիի մեջ ապրում էր մի հաստատուն համոզմունք՝ մի օր հայտնվելու է էկրանին.
«Ներքին զգացում կար, որ ես առաքելություն ունեմ էս ասպարեզում՝ սփռելու բարություն և մարդկանց ժպիտներ պարգևելու», – անկեղծացավ նա։

Ամալյա Հովհանիսյանը, լսելով այս միտքը, չհամաձայնեց՝ նշելով.
«Առաքելություն ասվածը մի քիչ բարձր է հնչում… ըստ քեզ՝ դու քո մասնագիտության միջոցով կարողանու՞մ ես այդպիսի բարձր առաքելություն կատարել»։

Անին համեստությամբ պատասխանեց.
«Կարծում եմ ինչ-որ չափով ստացվել է։ Մեծամիտ չհնչի, բայց ես չեմ կարող ասել՝ կարողացել եմ այդ առաքելությունը ավարտին հասցնել, բայց ճանապարհին եմ և ինչ-որ չափով կատարել եմ»։

Ներկայումս դերասանուհին դեռ որոնումների ճանապարհին է և մասնագիտական հստակ կողմնորոշում չունի։ Բայց վստահ է՝ ինքն արդեն ձևավորել է իր տեսակն ու իր արժեքային ուղենիշները։
«Ես շատ սիրում եմ սովորել ու նոր բաներ ուսումնասիրել։ Որոշել եմ մեկ տարով մեկնել Հունաստան՝ մագիստրատուրա սովորելու։ Հնարավոր է՝ իմ հունական արմատներն են կանչել. հայրիկիս տատիկը հույն էր։ Գնալու եմ հյուրընկալվելու հայրիկիս հորեղբոր ընտանիքին, որոնք սիրով համաձայնել են ինձ ընդունել», – պատմեց Անի Մեհրաբյանը։

Դերասանուհին այժմ նկարահանվում է «Վերջին զանգ» հեռուստանովելում։ Իսկ թե ինչպես կավարտվի նրա կերպարի պատմությունը՝ պարզ չէ։

«Ի՞նչ է լինելու իմ կերպարի հետ՝ կորոշի Դիաննա Գրիգորյանը։ Բայց ես ստիպված եմ լինելու այլևս հանդես չգալ նախագծում, քանի որ սեպտեմբերից արդեն Հունաստանում եմ լինելու», – ընդգծեց նա։

Այդպիսով, Անի Մեհրաբյանը նոր ուղի է սկսում՝ իր մեջ պահելով բեմի սերը, մարդկանց ժպիտ պարգևելու մղումը և ինքնաճանաչման մեծագույն ցանկությունը։
Նրա ճանապարհը դեռ շարունակվում է, բայց նրա բարությամբ լեցուն ներկայությունը արդեն իսկ ամրացրել է դերասանուհու անունը հանդիսատեսի սրտերում։