Ճանաչենք մեր հերոսներին. «Ատում եմ «կյանքը շարունակվում է» նախադասությունը, կյանքս կանգ է առել այն ժամանակ, երբ զոհվեց Էդուարդը…». Հասմիկ Ավանեսյան

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա՝ սկսելով հերթական պատերազմն Արցախի խաղաղ բնակչության դեմ, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ այդ օրն է դառնալու մի ամբողջ ժողովրդի պատմության ամենացավալի էջերից մեկը։ Արցախցու հոգում ապրում էր աննկուն հավատը, որ իր պայքարը՝ հանուն հայրենի հողի, արդարության ու ազատ կյանքի, կգնահատվի աշխարհով մեկ։ Բայց աշխարհը լռեց։

21-ամյա Էդուարդ Դանիելյանը և 20-ամյա Հասմիկ Ավանեսյանը այդ հերոսական պայքարի կենդանի մասն էին։ Նրանք սիրեցին, երազեցին, ապրեցին՝ հավատալով, որ իրենց սերը կծաղկի հենց Արցախում։ Նրանք նշանադրվեցին 2022 թվականի հուլիսին, բլոկադայի պայմաններում՝ վստահ, որ ոչ մի փորձություն չի կոտրի իրենց կամքը։

Էդուարդն ու Հասմիկը ծնվել էին Մաղավուզ գյուղում, սովորել նույն դպրոցում, իսկ հետո՝ միասին ճանապարհ անցել դեպի հասուն սեր։ Նրանք ընկերություն էին անում դեռ 13 տարեկանից, և նրանց սերն ուժեղացել էր ամեն օրվա փորձությամբ՝ վերածվելով մի կապի, որն արդեն որևէ պատերազմ չէր կարող կոտրել։ Բայց սերը չհասցրեց վերածվել ամուսնության…

Սեպտեմբերի 19-ի չարաբաստիկ օրը խլեց Հասմիկից իր Էդոյին, իր Արցախը, իր ամբողջ կյանքը։
Նա հիշում է վերջին խոսակցությունը. Էդուարդն ասել էր, որ փայտ է բերում՝ դիրքերում ցուրտ է, ձյուն կարող է գալ։ Այդ խոսքերից հետո՝ լռություն… Արդեն հաջորդ գիշերը նա զոհվեց՝ օգնության հասնելով իր ընկերոջը։ Զոհվեցին երկուսով՝ ուս ուսի տված։

Էդուարդը հերոս էր ոչ միայն դիրքերում, այլև կյանքում՝ նվիրված հայրենիքին, սիրուն, ժողովրդին։ Նա երբեք չհավատաց, որ Արցախը կարելի է լքել։ Ընտանիքը նրան առաջարկում էր տեղափոխվել Ռուսաստան՝ ապահով ապագայի համար։ Բայց Էդոն ասած ու անսասան մի պատասխան ուներ՝ «Ես Արցախից դուրս ապրել չեմ կարող»։

«Եղնիկները» նրա սիրած վայրն էին. երբ իջնում էր գյուղ, ասում էր՝ «գյուղում ի՞նչ կա, Եղնիկներն ուրիշ բան են»։ Իսկ Հասմիկը կատակով պատասխանում էր՝ «եթե չես իջնում, ես կգամ Եղնիկներ»։

Էդուարդն ու Հասմիկը իրենց ապագան միայն Արցախում էին պատկերացնում։ Էդոն սովորում էր Արցախի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժնում, երազում էր մարզադպրոց բացել, վոլեյբոլային թիմ ունենալ։ Նա ապրում էր մեծ նպատակներով, բայց կյանքը նվիրեց առավել մեծ արժեքի՝ ազատության և ընկերության համար մղվող պայքարին։

Նրա վերջին քայլը՝ կյանքը զոհաբերել ընկերոջ համար, այդ ամենի վառ խորհրդանիշն է։

Էդուարդի մահից հետո Հասմիկն ասում է՝ կյանքը կանգնեց հենց այն պահին, երբ դադարեց բաբախել Էդոյի սիրտը։ Զինադադարի մասին լուրը նրանք լսեցին արդեն՝ շրջափակման մեջ, հեռու հարազատ գյուղից ու Էդուարդի մարմնից։ Միայն հայրն է կարողացել վերջին հրաժեշտը տալ որդուն՝ նրան հուղարկավորելով սիրելի Մաղավուզում։

Հիմա Հասմիկը ապրում է հիշողություններով, շարունակում է ուսումը, աշխատում, բայց սիրտը՝ Արցախում է, Էդոյի կողքին։

«Ատում եմ «կյանքը շարունակվում է» արտահայտությունը։ Իմ կյանքը կանգնեց այն պահին, երբ զոհվեց Էդոն…» — ասում է նա՝ պահելով սեր, հավատ ու հուշեր՝ որպես պայքարի և անմահության խորհրդանիշ։