«Բերքը փչանում է, տանող չկա». արմավիրցիները միայն վնասներ են հաշվում

«Ծիրանի գինն այս տարի՝ արցունքի չափ». Արմավիրցի այգեգործը կրկին կանգնած է վնասի ու լռության առջև

«5 հեկտարանոց այգուս ծառերը լիքն են ծիրանով, բայց ոչ մեկը չես կարող նայել՝ ծակծկված են, կարկուտից վիրավոր։ Արդեն երկրորդ տարին է՝ բերք ունեմ, ապրուստ՝ ոչ։ Ի՞նչ անեմ այս ծիրանը, ո՞նց վաճառեմ, որ ապրեմ», — դառնացած ասում է Արմավիրի մարզի գյուղացի Արաբո Փիլոյյանը։

Նրա խոսքում լսվում է ոչ միայն անհույսության, այլ նաև՝ անտեսված լինելու ցավը։ Կարկուտը երկու տարի շարունակ ջնջել է ողջ հույսը։ Բայց ամենացավալին, ըստ նրա, բնության հարվածին զուգահեռ պետական անգործությունն է։

«Եթե այգուց մի քանի քայլ այն կողմ տեղադրված կարկտակայանը աշխատեր, այս ամենը չէր պատահի։ Ամպերը կարելի էր ցրել, բայց սարքը չի վերանորոգվում։ Արդյունքում՝ մենք կանգնում ենք միլիոնների վնասի առաջ», – ասում է Փիլոյյանը՝ հավելելով, որ դիմել է, բողոքել, ահազանգել, բայց պատասխանը մնում է նույնը՝ լռություն։

Մինչ պաշտոնյաները ոգևորությամբ հայտնում են ծիրանի արտահանման թվերը՝ օրերս Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն նշել էր, որ միայն մեկ օրում Հայաստանից 96 բեռնատար ծիրան է արտահանվել, իսկ հունիսի 1-ից մինչև 24-ը՝ արդեն 598 բեռնատար, Արաբո Փիլոյյանի բերքը շարունակում է փչանալ՝ ոչ արտահանման շարքում է, ոչ տեղական վերամշակող գործարանների ուշադրության կենտրոնում։

«Գուցե իմ ծիրաններն էլ այդ բեռնատարների մեջ լինեին, եթե կառավարությունը տեսներ, որ իրական մարդիկ կան այս թվերի ետևում։ Բայց նախարարները գնում են այնտեղ, որտեղ արդեն այցելել են, որտեղ թուղթ են պահանջել… Իսկ ինչո՞ւ մեր այգիներ չեն գալիս։ Ի՞նչ արժե 5 րոպե նայել մեր վնասը», — վրդովված ասում է նա։

Արաբոյի այգին գրավադրված է բանկում, բայց այդպես էլ չեն կարողանում բավարար վարկ վերցնել։ Անցյալ տարի 6 միլիոն դրամի ներդրում են արել, այս տարի՝ 5 միլիոն, բայց շուրջ 70 տոննա բերքից մեծ մասը ոչ վաճառվում է, ոչ էլ օգտագործվում։ Նախորդ տարի ծիրանը վաճառել են 1 կգ-ը՝ 40 դրամով, այս տարի՝ հազիվ 30։ Իսկ մեծ մասը մնում է գետնին։

«Երբ ծիրանը ծառից գետին է ընկնում ու մնում անտես՝ դա միայն գյուղատնտեսական խնդիր չէ։ Դա երկրի հոգու ցավն է։ Մարդ, որ ապրում է հողի վրա, արժանի է խնամքի», — ասում է նա։

Պաշտոնյաները գյուղացիներին հորդորում են տեղադրել կարկուտապաշտպան ցանցեր կամ ապահովագրել այգիները, բայց Փիլոյյանն ասում է՝ այդ խորհուրդներն օդում կախված են։ «Վարկերը, աշխատավարձերը, ջրի վճարները, հողի հարկը մեզ շնչելու հնարավորություն չեն տալիս։ Մենք ապահովագրել ենք, բայց դա էլ չարդարացված ծախս դուրս եկավ», – դժգոհում է նա։

Էկոնոմիկայի նախարարությունից նշել են, որ կարկուտի հասցրած վնասների փոխհատուցում դեռ չի տրամադրվել, քանի որ տվյալները դեռ հավաքագրվում են։ Խոստացել են որոշում կայացնել ամփոփումից հետո, սակայն որևէ ժամկետ չեն նշել։

Փիլոյանի ընտանիքը չի հավատում փոխհատուցման խոստումներին։ Նախորդ տարի ոչ մի աջակցություն չեն ստացել, այս տարի էլ հույս չունեն։ Բայց հողը չեն լքում։ Նրանք շարունակում են պայքարել հողի, ծառերի ու մանուկների ապրուստի համար։

«Գյուղացին չի կարող մենակ դիմակայել բնության ու բյուրոկրատիայի հարվածներին։ Եթե պետությունը իր մեջ չտեսնի գյուղացու հոգսը, վաղը տասնյակ այգիներ պարզապես կչորանան։ Իսկ եթե ծառը չբերքատու լինի, երկիրն ինչպե՞ս ապրի…»