Մեր մոլորակը սկսել է պտտվել ավելի արագ։
Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է փոփոխվել Երկրի մեկ օրվա տևողությունը 1960-ից մինչև 2020 թվականը։ Եթե 20-րդ դարում մոլորակի պտույտը դանդաղել էր, ապա վերջին տարիներին այն սկսել է արագանալ։
Մասնագետները նշում են, որ Երկրի պտույտի վրա կարող են ազդել մի շարք գործոններ՝ ներքին միջուկի շարժը, օվկիանոսային հոսանքները, մթնոլորտային երևույթները, ինչպես նաև Արեգակնային համակարգի այլ մարմինների գրավիտացիոն ազդեցությունը։
Այս փոփոխությունների պատճառով երբեմն անհրաժեշտ է լինում ժամանակին ավելացնել կամ հանել մեկ վայրկյան։ Վերջին անգամ այդպիսի «ընթացքի ճշգրտում» կատարվել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ 23:59:59-ին։
2020 թվականի հուլիսի 5-ը ճանաչվել է պատմության ամենաարագ անցած օրը․ Երկրի պտույտը տեղի է ունեցել 1.0516 միլիվայրկյանով ավելի արագ, քան սովորական օրը։
Ժամանակային շեղումները փոխհատուցելու հարցը երկար քննարկվում էր գիտական շրջանակներում։ Քննարկվում էր բացասական նահանջ վայրկյանի ներմուծումը, սակայն արդյունքում որոշվեց օգտվել ատոմային և աստղագիտական ժամանակների միջև եղած տարբերությունից։
Միևնույն ժամանակ, գիտնականները զգուշացնում են, որ նման մոտեցումը կարող է խնդիրներ առաջացնել բարձր ճշգրտության համակարգերի աշխատանքի ժամանակ, ինչպես հայտնում է New Science պարբերականը։
Տեղեկատվություն՝ Երկիրը համարվում է հուսալի բնական ժամացույց։ Արեգակի նկատմամբ այն կատարում է մեկ պտույտ 86 400 վայրկյանում։ Սակայն բարձր ճշգրտության ատոմային ժամացույցների հայտնագործումը ցույց է տվել, որ միջին արեգակնային օրվա տևողությունը կարող է փոփոխվել մի քանի միլիվայրկյանով (1 միլիվայրկյանը համարժեք է 0.001 վայրկյանի)։
Նախկինում գիտնականները նաև զգուշացրել էին, որ Երկրի միջուկի հնարավոր տեղաշարժը կարող է նպաստել մոլորակի գերտաքացմանը։