«Մաման քեզ շատ ա սիրում, Տիգրա՛նս…»
Երբ Արցախյան վերջին պատերազմի դաշտում ընդմիշտ լռեց 24-ամյա Տիգրանի սրտի զարկը, մոր՝ Լիանա Ավետիսյանի ներսում մի ամբողջ աշխարհ փուլ եկավ։ Բայց այդ փլատակների մեջ մնաց կանգուն միայն մեկ բան՝ մայրական սիրո անսահման ուժը։
«Իմ Տիգրանը միշտ ուժեղ ու ժպիտով էր ինձ նայում։ Ես հիմա էլ պետք է ձիգ ու կանգուն լինեմ, որ նորից ինձ այդպես տեսնի։ Այլ տարբերակ չունեմ… մենակ հավատս եմ կորցրել՝ Աստծուն»,– ասում է Լիանան։
Տիգրանը մոր համար ոչ միայն որդի էր, այլ նաև լավագույն ընկերը, կյանքի իմաստը։ Լիանան ասում է՝ տարիներ շարունակ աղոթել է, որ Աստված պահպանի Տիգրանին։ Բայց Տիգրանի զոհվելու օրվանից իր համար Աստված լռեց.
«Երբ իմ անթերի Տիգրանը չփրկվեց, Աստված էլ իմ մեջ չմնաց»։
Տիգրանի մանկությունն անցել է առանց հոր։ 4 տարեկանից հայրը այլևս չի հայտնվել որդու կյանքում։ Բայց մոր և տատիկի սերն ու նվիրումը լցրել են այդ բացը։
«Մենք էդ երեխու համար սարեր շուռ էինք տալիս։ Չեղածն էինք ստեղծում, որ ինքը ոչնչի կարիք չունենա։ Բայց ինքն էլ մեզ հետ էր ստեղծում՝ 14-ից արդեն աշխատում էր, ծիրան էր հավաքում, մատուցող էր, մոյկայում էլ ա աշխատել։ Մեզ օգնելու համար ինքը չէր խնայում ինքն իրեն»,– հուզվում է մայրը։
Տիգրանը ուներ ոչ միայն արտասովոր գեղեցկություն, այլ նաև ներսից փայլող լույս։ Ընկերներն իրեն «երիտասարդ Դի Կապրիո» էին ասում, իսկ անցորդները նրան միշտ շրջում էին հայացքներով։
Բայց Տիգրանը միայն գեղեցիկ չէր։ Նա խելացի էր, աշխատասեր, երազող ու համառ։ Պարարվեստի քոլեջն ավարտելուց հետո ընդունվեց Թատրոնի և կինոյի ինստիտուտ։ Մի միավորի տարբերությամբ անվճար սովորեց։
«Էդ ժամանակ ուրախություն կար մեր կյանքում։ Բայց հիմա մտածում եմ՝ եթե էդ մի միավորը չլիներ, գուցե գնացորդել ավելի ուշ… ո՞վ իմանար»։
Տիգրանի արկածասեր հոգին չէր մարում։ Սիրում էր էքստրիմը, բարձրությունները, արագությունը։ Մայրը մի անգամ պատահաբար գտել էր մի տեսանյութ, որտեղ Տիգրանը 9-րդ հարկից կախված էր ու ժպտում։
«Էդ վիդեոն եթե ժամանակին տեսնեի, հաստատ հազար անգամ կխոսեի վրան, բայց հիմա էլ նայում եմ ու սիրտս կանգնում ա։ Ինքը շտապում էր ապրել, ասում էր՝ ժամանակ չունեմ, ամեն ինչ պիտի հասցնեմ»։
Պարը, թատրոնը, նկարահանումները, ուսումը… Տիգրանի օրերը լիքն էին։ Նա նկարահանվում էր սիթքոմներում, տարբեր հոլովակներում։ «Դետք» խմբի հետ պիտի սկսեր համագործակցել բանակից հետո։ Բայց նրա երազանքներից մեկն էր սեփական սրճարան ունենալը։
«Ասում էր՝ մատուցողները կապիկներ են լինելու, ու սրճարանը լիքը հաճախորդ կունենա։ Էդքան վառ երևակայություն ուներ ինքը»։
Մինչև սիրահարվելու հասցներ, արդեն պատերազմն էր եկել։
«Մի օր ասեց տատիկին՝ աղջիկներն ինձ չթողեցին սիրահարվեմ։ Բայց ես հավատում էի, որ մի օր հանդիպելու ա իր սերը։ Պարզվեց՝ պատերազմը ավելի շուտ եկավ»,– պատմում է Տիգրանի տատիկը։
Տիգրանը ծառայության մեկնեց 22 տարեկանում։ Ընտրվեց Հադրութը՝ հենց նա էր խնդրել այնտեղ լինել։ Պատերազմի ընթացքում մնաց նույն վայրում։ Լիանան հիշում է՝ զանգում էր ու միշտ ասում՝ «մա՛մս, սաղ տոչնի ա»։ Բայց հոկտեմբերի 10-ին զանգ չեկավ… այդ օրը սիրտը խփեց, լացն եկավ անբացատրելի։
«Էդ օրը ես արդեն գիտեի, բայց հույսս չէի կորցնում։ Ասում էի՝ Տիգրա՛ն, մամադ հետդ ա, ուժ եմ տալիս քեզ»։
Տիգրանը զոհվել է նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին, Հադրութում, «Բայրաքթարի» հարվածից, ընկերոջը փրկելիս։ Վերջին բառերն էլ՝ «մա՛մ, ես քեզ շատ եմ սիրում»։ Նրա մարմինը հայտնաբերվեց միայն նոյեմբերի 7-ին։
Մոր սիրտը չի խաղաղվում, բայց նա շարունակում է ապրել՝ ինչպես Տիգրանը կուզեր։
«Մարդիկ լացում են կողքս, ասում եմ՝ հավաքե՛ք ձեզ։ Ես էլ եմ լացում, բայց ներսում։ Ծիծաղում եմ, հագնվում, որովհետև Տիգրանս ինձ էդպես էր սիրում»։
Նա հրաժարվեց ցայտաղբյուրից՝ չէր ուզում «վայ-վույ»-ի արժանանա Տիգրանի հիշատակը։
«Իմ սիրտը հանգիստ ա, որ ամեն ինչ արել եմ։ Ու հիմա էլ ասում եմ՝ մաման քեզ շատ ա սիրում, Տիգրա՛նս, մեռնեմ ջանին, արև՛ս…»։