Դոկտոր Մյասնիկովը պատմել է՝ ինչով սնվել՝ շաքարախտից հեռու մնալու համար
Շաքարային դիաբետը լուռ մոտեցող վտանգ է, որը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ։ Վիճակագրությունը հուշում է՝ աշխարհի բնակչության մոտ 14%-ը տառապում է այս հիվանդությունից, իսկ շատերը դեռ չեն էլ կասկածում դրա գոյության մասին։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման ընթացքում բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը կարևոր խորհուրդներ տվեց այն մասին, թե ինչպես հնարավոր է կանխել շաքարախտը կամ առնվազն ժամանակին բացահայտել այն։
Սրտաբանի խոսքով՝ պաշտպանվել հիվանդությունից հնարավոր է բավականին պարզ քայլերով։ Նախևառաջ՝ պարբերաբար ստուգեք արյան մեջ գլյուկոզի մակարդակը։ Սա թույլ կտա ժամանակին որսալ երկրորդ տիպի շաքարախտը, երբ այն դեռ վերահսկելի է։
Բացի այդ, բժիշկը հորդորում է հաշվի առնել ռիսկի գործոնները՝ եթե ունեք ժառանգական նախատրամադրվածություն, ավելորդ քաշ կամ բարձր տարիք, զգոն լինելն արդեն անհրաժեշտություն է։
Եվ ամենակարևորը՝ սննդակարգ։ Շաքարախտի առաջացման հիմնական մեղավորներից են ոչ ճիշտ սնվելը, չափազանց շատ կալորիաները և արագ մարսվող ածխաջրերը։ Խուսափեք սպիտակ հացից, մակարոնից, բրնձից, քաղցր գազավորված ըմպելիքներից, հյութերից և անգամ շաքարի փոխարինիչներից, որոնք, հաճախ, ավելի մեծ վնաս են հասցնում։
Փոխարենը՝ ձեր սեղանին թող լինեն այն մթերքները, որոնք ոչ միայն օգտակար են, այլև օգնում են կանխարգելել շաքարախտը. ընկույզներ, խաղող, բանան, տանձ, թթվաշ կաթնամթերք և նույնիսկ սուրճ։ Դրանք կարող են դառնալ ձեր բնական պաշտպանիչ զինանոցը: