Թուրքիան՝ կամուրջ, պատնեշ թե՞ գործիք գերտերությունների փոխզիջման խաղում

ԱՄՆ-ն վերադառնում է խնդիրների վերանայմանը․ Եվրոպայում զորքերի կրճատման հարցը կմտնի օրակարգ մինչև տարեվերջ

ԱՄՆ-ն, թվում է՝ պատրաստվում է վերաշարադրել իր ռազմավարական ներկայության քարտեզը Եվրոպայում։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթակերը հայտարարել է, որ մինչև տարեվերջ Վաշինգտոնը կքննարկի Եվրոպայում ամերիկյան զորքերի թվի կրճատման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ երկարաձգել այս հարցի լուծումը Միացյալ Նահանգները չի ցանկանում։ Գործնականում սա մոտ երեք տասնամյակ հնության մտադրություն է, որը կարող է նոր շունչ ստանալ Հաագայում կայանալիք ՆԱՏՕ գագաթնաժողովից հետո՝ եվրոպացի գործընկերների հետ անմիջական քննարկումների միջոցով։

Ուիթակերն ընդգծել է, որ զորքերի դուրսբերումը կկազմակերպվի այնպես, որ անվտանգության ոչ մի վակուում չձևավորվի։ Մեկնաբանությունները հնչել են Անթալիայում ՆԱՏՕ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից անմիջապես հետո։

Թուրքիայի ակտիվությունը՝ որպես նոր մարտավարական խաղացող

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նույն հանդիպումից հետո հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ՝ Եվրոպան կանգնած է անվտանգության նոր ճարտարապետության անհրաժեշտության առաջ։ Իսկ սա, նրա ձևակերպմամբ, ոչ թե ցանկության, այլ՝ իրավիճակի հրամայականի հետևանք է։ Նախօրեին նույն շեշտադրումները կրկնեց նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հանդես գալով Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության վեցերորդ գագաթնաժողովում՝ Ալբանիայում։

Թուրքիան, կարծես, փորձում է ոչ միայն մասնակցել նոր անվտանգության համակարգի ձևավորմանը, այլ նույնիսկ թելադրել որոշ սկզբունքներ։ Ավելին, Անկարայի դերը ուկրաինական ճգնաժամի համատեքստում արդեն փաստում է, որ ամերիկա-ռուսական համաձայնության արդյունքում Թուրքիան վերածվում է «միջնորդվող համադրության»՝ Եվրոպայի անվտանգության նոր պատկերի մեջ։ Ինչ-որ առումով, Թուրքիան դառնում է ամերիկա-ռուսական ստվերային կոմպրոմիսի նյութ։

Հարցը, սակայն, մնում է՝ արդյոք Անկարան ի վիճակի կլինի երկարաժամկետ հեռանկարում պահել այս դիրքը։ Դա կախված է մի շարք փոփոխական գործոններից։ Բայց առնվազն միջնաժամկետ տեսանկյունից Թուրքիայի ռազմավարական դերը դառնում է արդեն նկատելի ու հաշվի առնվող։

Կովկասի վրայով դեպի Ասիա՞

Թուրքիայի ներգրավվածության հարցը կարելի է դիտարկել նաև Կովկասի ուղղությամբ։ Եվրոպան, որի համար Թուրքիան այժմ կարևոր գործընկեր է անվտանգության ճարտարապետության կառուցման գործում, կարող է դիմել Անկարային՝ իր ազդեցությունը տեղափոխելու դեպի Կովկաս և նույնիսկ Կենտրոնական Ասիա՝ երկարաժամկետ հեռանկարում։

Սա, հնարավոր է, բացատրում է նաև, թե ինչու է հայ-ադրբեջանական թեմատիկան աստիճանաբար ավելի մեծ տեղ զբաղեցնում Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության օրակարգում։ Այն կարող է ծառայել որպես հարթակ, որտեղ Թուրքիան կփորձի ձեւավորել նոր դեր, իսկ Եվրոպան՝ վերահսկել այդ դերը՝ միջնորդավորված և հաշվարկված պայմաններում։