«4 տարի ա՝ դատական պրոցես ա, ոչ մեկին չեն դատում, մեղավորներն արդեն պիտի պատժված լինեին»․ որդեկորույս մայր՝ պայքարելու եմ

«Մեր կյանքը գլխիվայր շուռ եկավ. տղերքը մեռան, որ ուրիշները փախչեն». 44-օրյա պատերազմի զոհ Նարեկ Օհանյանի մայրը՝ Ասյա Մանուկյան

«Մեր էրեխեքը ոչ թե մարտի դաշտում ընկան, այլ՝ հրամանատարության սխալների պատճառով»: 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Նարեկ Օհանյանի մայրը՝ Ասյա Մանուկյանը, ցավով ու ցասումով է պատմում «Մեդիալաբ»-ին՝ որդու վերջին օրերի մասին։ Ասյայի խոսքով՝ նրանք պայքարելու են մինչև վերջ, մինչև վերջին շունչը, որպեսզի պատասխանատուները պատժվեն, քանի որ «էրեխեքը պարզապես թուրքին են մատուցվել»:

«Մեր էրեխեքը ոչ մի ճտեր չէին, որ էսպես առուվաճառքի ենթարկեին: Մենք դրանք՝ մեր ամենաթանկը, տվել էինք հայրենիքին, ոչ թե ինչ-որ մեկի փախուստի գնահատվածին»:

Ասյայի խոսքերով՝ որդին ողջ կլիներ, եթե հրամանատարական կազմը չփախչեր մարտի դաշտից՝ իրենց մենակ թողնելով առանց զենքի ու փամփուշտի։ «Ջուր ու հաց չունեին, զենք չունեին, թշնամուն մենակ էին թողել», ասում է մայրը։

Ասյան ու մյուս ծնողները դատական նիստերին մշտապես մասնակցում են, բայց տարիներ շարունակ արդարության ձայն չեն լսում. «2 տարի ա՝ դատ են անում, բայց իրական դատ չի եղել: Էս պաշտպանը չկա, էն մեկը հիվանդ ա՝ սաղ պատճառներ են: Մինչև վերջերս շարժ չկար, հիմա կարծես մի քիչ շարժվել ա՝ վկաներ են գալիս, լսում ենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Բայց մեղավորները վաղուց պիտի նստած լինեին: Եթե պետություն կա, սա պիտի պատժվեր»։

Ծնողների հավաքած տվյալներով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 12-ին, Ցորի տղաները Ջուվառլուում մնացել են մենակ՝ թշնամու հատուկջոկատայինների դեմ, որովհետև հրամանատարությունը փախել է: Տղաները մենակ կռվել են, մինչև վերջին փամփուշտը, մինչև վերջին շունչը:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի նկատմամբ, ով ըստ մեղադրանքի, փախուստի է դիմել, երբ մարտը դեռ շարունակվում էր: Գևորգյանը մեղադրանքը չի ընդունել: Նման մեղադրանք է ներկայացվել նաև ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին:

Նարեկ Օհանյանը 2020 թվականի հուլիսից անցել էր զինծառայության՝ Ցորի լեգենդար գնդում՝ որպես հրետանավոր։ Պատերազմի ընթացքում ոչնչացրել էր հակառակորդի մի քանի հենակետ, բազմաթիվ կորուստներ պատճառել թշնամուն:

Նրա կյանքի վերջին օրը դարձավ հոկտեմբերի 12-ը: Այդ օրվանից ծնողները որդուց լուր չունեին: Շուրջ մեկ տարի ու երեք ամիս սպասել են, հույս են պահել, հավատացել են, որ Նարեկը ողջ է: «Մեզ ասում էին՝ ապահով են, բունկերում են, չեզոք գոտում են… Հետո ասացին՝ գերի են, մտածում էինք՝ ինչ-որ մի տեղից դուրս կգան… Բոլոր դռները թակեցինք, մինչև անգամ սրբի դռներ պառկեցինք, որ գոնե մի լուր ունենանք: Բայց 2021-ի նոյեմբերի 2-ին Ադրբեջանը հայկական կողմին հանձնեց տղերքի մարմինները, Նարեկի աճյունն էլ էր նրանց մեջ», դառնությամբ պատմում է մայրը:

ԴՆԹ փորձաքննությամբ հաստատվեց, որ աճյունը Նարեկինն է: Նոյեմբերի 24-ին, երբ հարազատներն ու ծնողները եկան Ասյայի տուն, նա արդեն հասկացել էր՝ որդուն այլևս երբեք չի տեսնի: «Տղամարդկանց բազմություն էր տանը, արդեն գլխի էի ընկնում, բայց չէի ուզում հավատալ… Ասեցին՝ Աս, մեր էրեխեքն են, բոլորին իրար հետ են տվել», լացակումած հիշում է մայրը:

Նարեկի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 3-ին, Եռաբլուրում։ Մինչև հիմա էլ երբեմն նոր մասունքներ են հայտնաբերվում, ու կրկին հուղարկավորում են անում:

Ասյան ցավով ասում է. «Մեր կյանքը գլխիվայր շուռ եկավ: Ոչ մեկս էլ ապրել չենք ուզում, բայց ուժ ենք տալիս իրար՝ հանուն մյուս էրեխեքի»:

Նարեկը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ ցուցաբերած խիզախության և հերոսության համար:

«Նարեկս շատ համեստ էր, բարի, ազնիվ… Ընտանիքի ու ընկերների համար կյանքը կտար: Մեքենաներ էր շատ սիրում, հավաքում էր, նորերը որ գալիս էին, հայրը գնում էր, իրեն նվիրում: Մեկ անգամ եղբոր համար նույնիսկ ուզում էր իր վարորդական վկայականը տալ, որ եղբորը զրկելու փոխարեն իրեն զրկեն… Ինքը տենց ընտանիքասեր էր», հուզմունքով հիշում է մայրը:

Ասյան ասում է՝ մինչև այսօր չի համակերպվել որդու կորստի հետ. «Միշտ գնում եմ Նարեկիս մոտ, ասում՝ էս քո տեղը չէր, իմն էր…»:

Արփինե Արզումանյան