«Չեք հավատա, բայց Մհերս ամեն օր ինձ բացիկ է նվիրում». Անահիտ Կիրակոսյանը՝ 7-ամյա որդու մասին

«Իմ շունչն ու լույսը»․ Անահիտ Կիրակոսյանը որդու ծննդյան օրը շնորհավորել է հուզիչ գրառմամբ:

Թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի, սիրված հաղորդավար Անահիտ Կիրակոսյանը որդու՝ Մհերի 7-ամյակի առթիվ իր էջում գրել է մի հուզիչ ու սրտառուչ գրառում, որը չէր կարող անտարբեր թողնել իր հետևորդներին։

«Յոթ տարի առաջ լույս աշխարհ եկավ իմ շունչը, իմ լույսը, իմ յուրահատուկը։ Նա իմ մոլորակն է՝ բոլորից տարբերվող, աննման ու կախարդական։ Ինձ համար այլևս գոյություն չունեն տոն օրեր՝ ոչ Մարտի 8, ոչ Ապրիլի 7։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև իմ Մհերը ամեն օր վերածում է տոնի՝ իր բացիկներով, որոնց վրա գրված է միայն մի բան՝ «Մայրիկ, ես քեզ սիրում եմ»։ Ամեն օր՝ անկեղծ գրկախառնությամբ ու անսահման սիրով։»

Դերասանուհին նշել է, որ որդուց ստացած սերը չափել կամ բառերով բացատրել պարզապես հնարավոր չէ.

«Նրա սերն անչափելի է, անբացատրելի։ Ես պարզապես երջանիկ եմ, որ նա իմն է։ Մհեր ջան, ես քեզ պաշտում եմ։»

Ավելի վաղ BRAVO.am-ի հետ զրույցում Անահիտ Կիրակոսյանն անկեղծորեն խոստովանել էր, որ մայրությունը նրա կյանքը կտրուկ փոխել է՝ բաժանելով «մինչեւ»-ի եւ «հետո»-ի։

«Փոխվում է ամեն բան։ Հասկանում ես, որ պատասխանատվություն ես կրում մեկ այլ հոգու համար։ Քո կյանքը այլեւս միայն քոնը չէ։ Դու ձգտում ես ամեն րոպե նրա կողքին լինել, աջակցել, ուղղորդել ու փորձել մեծացնել արժանավոր մարդ, հայրենասեր ու բարի։»

Դերասանուհին հավելել է, որ մայրության շնորհիվ է հասկացել՝ որքան հրաշք կարող է լինել պարզ, մանկական մի գրկախառնություն։

«Ամենահիասքանչ զգացողությունը այն է, երբ օրն ավարտում ես հոգնած, հիասթափված կամ բարկացած, բայց վերադառնում ես տուն, ու փոքրիկ ձեռքերը գրկում են քեզ, իսկ քաղցր ձայնով լսում ես՝ «Մամ, մենք քեզ սիրում ենք»։ Այդ մի նախադասությունը վերականգնում է ողջ ուժդ, հիշեցնում է, որ դու երբեք մենակ չես ու չես էլ լինելու։ Այդ սերն ամենահզոր վահանն է կյանքի ցանկացած բարդության դեմ։»