Վաչե Երիցյանն ու Սրբուհի Բալայանն ամուսնացել են

Սերը վերածվեց երդման. Սրբուհի Բալայանն ու Վաչե Երիցյանը ամուսնացել են Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Դերասանուհի Սրբուհի Բալայանն ու դերասան Վաչե Երիցյանը իրենց սերն ամրագրել են պսակադրությամբ՝ Աշտարակի հնամենի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ջերմ ու հուզիչ մթնոլորտում։

«Շնորհակալ եմ էս պահերի համար», – գրել է Սրբուհին Ինստագրամում՝ կիսվելով իր կյանքի ամենագեղեցիկ օրերից մեկի անկեղծ դրվագներով։

Հարսանիքին ներկա են եղել զույգի ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները, որոնց ներկայությամբ օրը վերածվել է իսկական հեքիաթի։ Տեսանյութերում ակնհայտ է՝ որքան ջերմ, ուրախ ու հիշարժան օր են ունեցել նորապսակները և իրենց հյուրերը։

Սերը սկսվեց գունավոր գուլպաներից…

BRAVO.am-ի «Եվ խոսեց սերը» նախագծի շրջանակում նախկինում հյուրընկալվել էինք զույգի տանը, որտեղ Սրբուհին անկեղծորեն պատմել էր իրենց առաջին հանդիպման մասին.

«Վաչեի գունավոր գուլպաները առաջինն էին, ինչ նկատեցի։ Մտածում էի՝ «Ինչպե՞ս կարող է տղան, որը մի բան է՝ գանգրահեր է, էլի գունավոր գուլպա հագնի»։ Բայց այդ խոպոպ մազերն իսկապես դուր էին գալիս։ Ինքն ընկերոջը ուղեկցում էր ինստիտուտ, քայլում էր ձեռքերը մեջքի հետևում դրած, ու դա ինձ նյարդայնացնում էր։

Մի հարսանիքի էինք հրավիրված։ Չգիտեմ ինչու, բայց մոտեցա ու ասացի՝ «Դո՞ւ էլ ես լինելու հարսանիքին, հենց քեզ հետ էլ ուրախանալու եմ»։ Հետո արդեն ինստիտուտում պատմեց, որ ինձ ուրիշի հետ էր շփոթել, ծաղիկ էր բերել, բայց տվել էր նրան։ Ասեց՝ «Գնա՞մ հետ բերեմ»։ Մտածում էի՝ կատակում է…»

Երբ սիրո հարցը տրվում է երկնքում…

Վաչեն էլ հիշում է իրենց ամուսնության առաջարկի անմոռանալի պահը, որը նրան հաջողվեց կազմակերպել երկնքում՝ սիրո քաղաք Փարիզ ճանապարհին.

«Ճանապարհորդություն էի պլանավորել՝ հատուկ նրա համար։ Փարիզում արդեն եղել էի, սիրել էի այդ քաղաքը՝ փողոցները, մետրոն, ամեն անկյուն։ Հասկացա՝ եթե կա պահ՝ հարցնելու՝ «Ցանկանո՞ւմ ես ինձ հետ ապրել կյանքդ», դա հենց այս ճանապարհորդության ժամանակն է։ Ինչո՞ւ ոչ՝ հենց ինքնաթիռում։ Ավիաընկերության հետ երկար բանակցություններից հետո ստացա թույլտվությունը, ու մեր սիրո պատմության այդ դրվագը վերածվեց մի բեմի՝ ամպերի վերևում»։

Loading