«Նարեկն ասաց՝ պետք է գնամ…»… Մոր պատմությունը հերոսի մասին, որ չցանկացավ լքել հայրենի հողը
«Մենք չէինք ուզում, բայց ինքն ասաց՝ պետք ա գնամ։ Շատ էր սիրում հայրենիքը…» — սրանք Սյուզի Հովսեփյանի խոսքերն են։ Նա որդեկորույս մայր է. որդին՝ 21-ամյա Նարեկ Հովսեփյանը, հերոսաբար զոհվեց 44-օրյա պատերազմում՝ պաշտպանելով հողը, որին երազում էր վերադառնալ։
Նարեկը մի քանի տարի ապրել էր Ռուսաստանում, սակայն սրտի կանչը նրան Հայաստան էր վերադարձրել։ Նա համոզված էր՝ պետք է գնա բանակ, ծառայի, հետո վերանորոգի իրենց հին տունը Արարատում և ապրի այնտեղ՝ հայրենի հողի վրա։
«Չէր ուզում Ռուսաստան վերադառնար։ Ասում էր՝ բանակից հետո մեր տանը՝ Արարատում եմ ապրելու։ Չէր թողնում տունը վաճառեինք»,- հիշում է մայրը։
Նարեկը ծառայել է Մարտակերտում։ Պատերազմի սկսվելուց հետո մասնակցել է ամենաթեժ կետերի մարտերին՝ Մարտակերտում, Մարտունի 2-ում, Ֆիզուլիում։ Նա վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 28-ին՝ ընդամենը մեկ նախադասությամբ. «Ամեն ինչ լավ ա, իմ մասին չմտածեք, ինձ չզանգեք, ես կզանգեմ»։
Այդ խոսքից հետո անցավ ընդամենը մեկ օր։ Հոկտեմբերի 29-ին Նարեկը զոհվեց անօդաչու թռչող սարքի հարվածից։
«Նարեկը կյանքով լի էր, խարիզմատիկ, շատ սիրելի բոլորի կողմից։ Տունը դատարկվել է առանց իրեն… Գնում ենք գերեզման, զրուցում ենք իր հետ։ Շատ կարոտում ենք…»,- արցունքն աչքերին ասում է մայրը։
Նարեկը զբաղվել է ըմբշամարտով, հավաքել է մեդալներ, սովորել էր օլիմպիական հերթափոխի քոլեջում և ծրագրում էր բանակից հետո ընդունվել ֆիզկուլտ ինստիտուտ՝ սպորտով շարունակելով ապրել։
«Ամեն ինչ կիսատ մնաց…» — ասում է Սյուզին։
Նա հիշում է մի զրույց, որը կարծես մարգարեական լիներ. զոհվելուց երկու օր առաջ Նարեկը զանգել էր հորը. «Պա՛պ, իմացի՝ ես սաղիդ շատ եմ սիրում»։ Երբ հայրը զարմացած հարցրել էր՝ ինչու այդպես է ասում, պատասխանը կարճ էր եղել՝ «Եսիմ, պա՛պ ջան, չգիտեմ՝ վաղն ինչ կլինի մեր հետ…»
Մայրը վստահ է՝ Նարեկը կանխազգում էր իր ճակատագիրը։
Նարեկ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։
Տարիներ անց, մոր սրտում կրկին հույս է ծնվում.
«Ուզում էի նորից երեխա ունենանք, բայց բուժման կարիք կար… Ու մինչ դեռ մտածում էի՝ հանկարծ իմացա, որ հղի եմ։ Մտածում եմ՝ երևի Աստծո կամքն էր։ Մեր մյուս տղան՝ Վահրամը, չպետք է մենակ մնա։ Հույս ունեմ՝ այս նոր փոքրիկի հետ նոր լույս ու ջերմություն կվերադառնա տուն»։