Կոնյակ, գինի և լուռ լարվածություն. ի՞նչ է իսկապես կատարվում հայ-վրացական հարաբերություններում.
Հունիսի 6-ին, ինչպես նախապես հայտարարված էր, պետք է տեղի ունենար Վրաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնական այցը Հայաստան։ Սակայն վերջին պահին Թբիլիսիից տեղեկացրեցին՝ այցը չեղարկվում է։ Պաշտոնական պատճառաբանությունը՝ գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ, ներողություն և հույս ապագա փոխայցելության։ Սովորական կհնչեր՝ եթե այս այցի ֆոնին օրեր շարունակ չշրջանառվեին տեղեկատվություններ կոնյակի և գինու արտահանման խոչընդոտների մասին։
Հայաստանյան տնտեսվարող մի շարք ընկերություններ բարձրաձայնում են՝ վրացական մաքսային ծառայություններն իրենց բեռները ենթարկում են անհարկի և անսահման երկար ստուգումների, որոնք առաջացնում են ոչ միայն ֆինանսական մեծ կորուստներ, այլև խաթարում են արտահանման ողջ գործընթացը։ Խնդիրը՝ ըստ էության, ոչ այնքան բյուրոկրատական մանրուքի մասին է, որքան բիզնես մթնոլորտի հանդեպ վստահության հարց։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ օրերս հաստատեց՝ այս հարցը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում, սակայն արագ լուծում ակնկալել դեռևս վաղ է։ Այդ «վաղ է»-ը, սակայն, վերածվում է մշտական տատանման՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը և Վրաստանը հռչակել են փոխադարձ ռազմավարական գործընկերություն։ Եթե ռազմավարական գործընկեր պետությունները շաբաթներ շարունակ չեն կարողանում կարգավորել մի խնդրի, որը տեխնիկական բնույթ ունի, ապա բնականաբար առաջանում են ավելի խորը հարցադրումներ։
Խնդիրը, սակայն, հնարավոր է շատ ավելի խորքային է, քան արտաքնապես կարող է թվալ։ Ասվածն առավել հիմնավորվում է, երբ վերհիշում ենք օրերս մամուլում տարածված մի ուշագրավ տեղեկություն՝ Հայաստանի դեսպանի հանդիպումը Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ Թբիլիսիում։ Նման մակարդակի հանդիպումներն անհաճո են և տեղի են ունենում բացառիկ հանգամանքներում։ Քանի որ սա դիվանագիտական տեսանկյունից բացահայտում է՝ որ խնդիրը պարզապես գյուղատնտեսական չէ։
Ի՞նչ կարող է լինել Վրաստանի ազգային անվտանգության ծառայության ներգրավվածության պատճառը։ Միգուցե այն բողոքի ակցիաները, որ տնտեսվարողները իրականացրեցին Վրաստանի դեսպանատան առջև Երևանում։ Դեպք, որը կարող էր դիտարկվել որպես ճնշման ձև ոչ միայն վրացական դիվանագիտական ներկայացուցչության, այլ՝ վրացական պետության վրա։ Մինչ այդ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նաև բավականին մեղմ, բայց փաստացի արդարացրել էր այդ գործողությունները։
Ստացվում է՝ Վրաստանում կարող էին առաջանալ կասկածներ, որ տնտեսվարողների այս քայլը չէր եղել ինքնաբուխ։ Կարող էին մտածել, թե դրա հետևում կանգնած էին պաշտոնական Երևանի որոշ ուժեր։ Եթե այս տեսակետը նույնիսկ պարզ ենթադրություն է, ապա այն արդեն իսկ լարում է հայ-վրացական հարաբերությունների ֆոնային մթնոլորտը։ Եվ հենց այդ ներքուստ աճող անվստահության պայմաններում էլ գուցե հետաձգվեց նախարարի այցը։
Միևնույն ժամանակ, քաղաքական սցենարն ավելի ուշագրավ երանգներ է ստանում՝ հաշվի առնելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունները։ Հայաստանը և Վրաստանը հայտնվել են շատ բարդ աշխարհագրական և քաղաքական հանգույցում։ Մեկը փորձում է դուրս գալ փակ շրջափակումից, մյուսը՝ զգուշորեն հավասարակշռում է արևմտյան և ռուսական ազդեցությունները։ Այս ամենի ֆոնին նույնիսկ փոքր թվացող խնդիրները՝ ինչպես կոնյակի բեռների ուշացումը սահմանին, վերածվում են հարաբերությունների խորքային փորձաքարի։
Այս պարագայում պետք է հարց տալ՝ արդյոք կոնյակի և գինու շուրջ ստեղծված այս իրավիճակը պատճառ է՝ թե՞ առիթ։ Փաստացի դժվար է պատկերացնել, որ մեկ գյուղատնտեսական խնդիրը շաբաթներ շարունակ չի ստանում լուծում առանց այլ գործոնների ազդեցության։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ՝ այն ընդամենը առիթ է՝ վեր հանելու ավելի խորքային տարաձայնություններ կամ տարակուսանքներ։
Սա արդեն իսկ հուշում է մի մտահոգիչ իրողություն՝ հայ-վրացական հարաբերությունները, որքան էլ արտաքինից բարեկամական թվան, ներքուստ ունեն միկրոլարվածություն, որը եթե անտեսվի, կարող է ժամանակի ընթացքում սրվել։ Այդ իսկ պատճառով՝ կարևոր է ոչ միայն տեխնիկական լուծումներ փնտրել կոնյակի բեռների հարցում, այլև սկսել նոր ձևաչափով քաղաքական երկխոսություն, որտեղ պարզ և բաց տեքստով կխոսվի ակնկալիքների, անվստահության և ապագայի մասին։
Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները երբեք միայն տնտեսական չեն եղել։ Դրանք միշտ հյուսված են պատմության, տարածաշրջանային մարտահրավերների, ազգային ինքնության զգայուն շերտերի միջով։ Եվ որքան շուտ կողմերը գիտակցեն, որ գինու ու կոնյակի հարցը գուցե հենց դրանց շոշափելի դրսևորումն է, այնքան ավելի մեծ կլինի շանսը՝ կանխել լուռ լարվածության վերածվելը բաց հակասության։
Հեղինակ՝ Հակոբ Բադալյան