Ճանաչենք մեր հերոսներին. «Հերոսը, ով ժպտում էր անգամ պատերազմում». Հովսեփ Առաքելյանի կյանքի ու սխրանքի պատմությունը

Նա ծնվեց ոչ թե պարզապես ապրելու, այլ՝ օրինակ դառնալու։ Հովսեփ Առաքելյանը լույս աշխարհ եկավ 1995 թվականի ապրիլի 27-ին՝ Երևանում։ Մանկությունը դասական երևանյան երեխայի նման անցավ՝ սովորեց Նար-Դոսի անվան դպրոցում, ապա տեղափոխվեց Արտեմ Միկոյանի անվան դպրոց։ Սակայն նույնիսկ այդ փոքր տարիքում երևում էր՝ Հովսեփն ամենևին էլ սովորական տղա չէ։

Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց «Պահապան արծիվներ» ակադեմիա՝ որպես թիկնապահ։ Բայց նրա կյանքի ուղին շատ ավելի բազմազան էր․ աշխատել էր նաև որպես մոնտաժող «Երկիր Մեդիա»-ում, իսկ հետո՝ բարմեն Գառնի տան ռեստորանում։ Ոչ մի տեղ, ոչ մի աշխատանք նրանից չխլեց ամենակարևորը՝ հայրենիքի, մարդկանց ու կենդանիների հանդեպ անսահման սերը։

Բանակում ծառայել չէր հասցրել, բայց երբեք դա չէր համարում խոչընդոտ։ «Հերոս չեն դառնում՝ հերոս ծնվում են։ Ես այդպես եմ ծնվել։ Եվ բարեգործ էլ չեն դառնում՝ բարեգործ ծնվում են»,- հաճախ էր ասում նա։ Սովորական բառեր չէին դրանք՝ այլ ներքին վստահություն, որ նա մի օր հենց իր գործով պիտի ապացուցի այդ ամենը։

Եվ այդ օրը եկավ։

2020 թվականի աշնան մռայլ օրերից մեկն էր, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Հովսեփը ոչ մի րոպե չէր վարանել։ Չնայած նրան, որ չէր ծառայել, մի քանի օր շարունակ մասնակցեց զորավարժություններին, դիմում գրեց և վերջապես՝ իր կամքով ու սրտով միացավ Երկրապահ կամավորականների ջոկատին։ Իր հետ առաջնագիծ մեկնեցին նաև հարազատ ընկերները, այդ թվում՝ Գևորգը։

Անհայր էր մեծացել, բայց դարձել էր տան միակ տղամարդը։ Նրա մեծ քույրը՝ Մարիամը, մնաց Երևանում՝ սպասելով, աղոթելով։ Իսկ Հովսեփը գնաց՝ գիտակցելով, որ իր ներկայությունը կարող է փրկել ուրիշի կյանքը։ Երբ փորձեցինք նրան հետ պահել, նա պարզապես պատասխանեց՝
«Եթե մենք՝ կամավորներս, չգնանք, ապա ով պիտի լինի այդ 18-20 տարեկան տղերքի կողքին…»։

Հովսեփը կռվեց Հադրութում՝ 103-րդ դիրքում։ Նա զոհվեց հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14:00-ին։ Պատահականությամբ, հենց իր ընկեր Գևորգի ծննդյան օրը։ Չհասցրեց անգամ շնորհավորել… պատերազմի թեժությունը խլեց այդ պահին անգամ խոսքն ու ժպիտը։

Նրա մարմինը միայն 60 օր անց վերադարձրին հայրենիքին։ Իսկ հուղարկավորությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 26-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Հովսեփը հանգչում է այնտեղ, որտեղ իր նմաններն են՝ նրանք, ովքեր չխոսեցին շատ, բայց արեցին ավելին, քան կարելի էր պատկերացնել։

Նրա դեմքին՝ խաղաղ ժպիտ, նրա հայացքում՝ հաղթողի արժանապատվություն։ Նա ընդամենը 25 տարեկան էր, բայց ապրեց այնպես, ինչպես շատերը չեն ապրում անգամ 80 տարում։

⭐Հովսեփ Առաքելյան⭐
🌿 27․04․1995 – ✨ 26․10․2020
Հերոս, որ ժպտում է անգամ երկնքից 🕊️

Հովսեփ Առաքելյանը պարգեվատրվել է Մարտական ծառայության համար մեդալով, Արիության համար մեդալով, Գարեգին Նժդեհ, Գեվորգ Չաուշ, Տիգրան Մեծ, Հավերժություն հուշամեդալներով, ունի մի շարք պատվոգրեր։

Loading