Նոյեմբերի 23-ին կդառնար 37 տարեկան Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոսը՝ կապի զորքերի անփոխարինելի սյունը, Արթուր Վարդանի Գրիգորյանը։
Ծնվել է 1986 թվականին, հայկական խիզախության քաղաքում՝ Գյումրիում։ Մանկության ու պատանեկության տարիներն անցել են Գյումրու թիվ 28 դպրոցում, իսկ կյանքի ուղին շարունակել է որպես սպա՝ հայրենիքի աննկուն պաշտպան։
2007-ի հուլիսի 20-ին, բարձր առաջադիմությամբ ավարտել է ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտը՝ Մարշալ Խանփերյանցի անունը կրող կրթօջախում։ Նույն տարվա հուլիսի 31-ին, արդեն լեյտենանտի կոչումով, նշանակվել է Մատաղիսի զորամասում՝ որպես հրետանային դիվիզիայի կապի պետ։ Զինվորական կյանքի 13 տարին Արթուրը նվիրել է բացառապես հայրենիքին ու իր ծառայողական պարտքը լավագույնս կատարելու առաքելությանը։
Արտյոմ Գրիգորյանը՝ հերոսի եղբայրը, խորը հուզմունքով է հիշում.
«Արթուրը երբեք չէր փնտրում հեշտ ճանապարհներ։ Նա ապրում էր ծառայելով, աննկուն կամքով, բայց բարի սրտով։»

2012-ին վերադարձավ մայրաքաղաք, իսկ երկու տարի անց՝ հարազատ Գյումրի։ Այստեղ ևս անշեղ շարունակեց իր առաքելությունը՝ որպես հակատանկային դիվիզիայի կապի պետ։ 2018-ից սկսած՝ նշանակվեց Իջևանի N զորամասում։ Արթուրի ծառայությունը նշանավորվեց բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով՝ սակայն ամենամեծ պարգևը նրա համար մնաց համեստությամբ ու անմնացորդ նվիրումով լցված իր պարտքը։
Եվ երբ սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ի անարդար պատերազմը, Արթուրը կրկին առաջին գծում էր։ Մատաղիսում, այն նույն դիրքերում, որտեղ երբևէ սկսել էր իր ծառայությունը, նա կանգնեց մինչև վերջին պահը։ Հոկտեմբերի 17-ին, իր զինակիցների համար սնունդ ու զինամթերք հասցնելիս, թշնամու անօդաչու սարքի հարվածից զոհվեց՝ գիտակցաբար ընտրելով իր կյանքի գնով փրկել մյուսներին։
Հետմահու արժանացավ Արիության մեդալի։ Սակայն առավելագույն պարգևը ժողովրդի սերն ու խոնարհումն էր։

Արթուր Գրիգորյանի ծննդյան օրը հավերժացվեց Գյումրիում՝ նրա սիրելի բակում հուշահամալիրի ու ցայտաղբյուրի բացմամբ։ Արծվի քանդակը վեր խոյացող հուշարձանի վրա խորհրդանշում է Արթուրի վեհությունը, խիզախությունն ու թռիչքը դեպի անմահություն։ Հուշակոթողի բացման պատիվը տրվեց նրա երկու անչափահաս դուստրերին։ Քահանայի օրհնությամբ՝ այս սրբավայրն ամրագրվեց որպես հավերժության մի փոքր անկյուն։
Միջոցառման մասնակիցների թվում էին Արթուրի հարազատներն ու ընկերները, զինակիցները, Գյումրիի ու Շիրակի մարզի ղեկավար ներկայացուցիչներ, ինչպես նաև «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները» գրքի հեղինակ Գագիկ Վարդանյանը։ Հայրենասիրական երգերով հանդես եկավ Գյումրիի կոնսերվատորիայի սան Մաքսիմ Հակոբյանը։ Պատանի Երկրապահների ցուցադրական ելույթը էլ ավելի մեծ խորը հպարտությամբ էր լցնում մթնոլորտը։
Այժմ, յուրաքանչյուր անցորդ, ով կանցնի այդ բակով, մի պահ կանգ կառնի, խոնարհմամբ կհիշի այն տղային, ով իր կյանքը տվեց, որ մենք ապրենք խաղաղ։
Հավերժ փառք քեզ, Արթուր։
Հավերժ փառք ու խոնարհում բոլոր մեր հերոսներին։








