Շիրազի խոսքը, հայրական սերն ու ընտանեկան զրուցարանները. Զառա Արամյանի կյանքի 55-րդ էջը

Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը նշել է կյանքի հոբելյանը՝ դառնալով 55 տարեկան։ Բայց նրա գրառումը պարզապես տարիքային սահմանագծի նշում չէր. այն դարձավ մի ամբողջ կենսագրություն՝ լի ոգեշնչող հիշողություններով, անսպասելի շրջադարձերով և սիրով՝ դեպի մարդիկ, աշխատանքը և կյանքը։

Նա անկեղծորեն պատմել է այն ընտանիքի մասին, որտեղ ծնվել է՝ ընտանիք, որի համար հպարտությունը երբեք չի մարել․

«Երեք տարեկանում արդեն խաղացել եմ Դրամատիկական թատրոնում ու ստացել 30 ռուբլի աշխատավարձ։ Իսկ առաջին դասարանում ռուս ընկերուհուս ուղեկցելիս Ամիրյան փողոցով, բարձր խոսում էի ռուսերեն։ Հանկարծ մոտեցավ տարեց մարդ, ճերմակ մազերով, խիստ հայացքով և հանկարծ՝ ապտակ։ «Դու ի՞նչ է, ռուսի ճու՞տ ես, որ ռուսերեն ես խոսում»,— ասավ։ Ո՛չ մի մեծ չմիջամտեց, բոլորը լուռ էին։ Լալիս էի։ Իսկ մի կին մոտեցավ, նայեց ինձ և ասաց. «Մի լացի, աղջիկ ջան… քեզ ապտակեց Շիրազը»»։

Տարիներ անց այդ հիշողությունն արդեն պատմություն է դարձել։ Իսկ առաջին Աստվածաշունչը՝ նվեր հորից. նրա խոսքով՝ ողջ կյանքում կգտնես այնտեղ բոլոր հարցերի պատասխանները։ Զառան հաստատում է՝ մինչ օրս վերադառնում է այդ էջերին ու նորովի բացահայտում՝ ինքն իրեն։

«Ռադիոյում կիրակնօրյա «Հյուր Զառայի մոտ» ծրագիրը դարձավ իմ փոքրիկ աշխարհը։ Սիլվա Կապուտիկյանն անեկդոտ պատմեց, գիրք նվիրեց ու մակագրեց. «Արտաքինով Զառա, բայց ծագումով՝ Զարուհուն»։ Վահագն Դավթյանի «Ռեքվիեմը» ես էի կարդում՝ աչքերս չբարձրացնելով, որ չտեսնեմ նրան տաղավարում։ Երբ վերջացրի ու դուրս եկա, նա կանգնած էր՝ աչքերում արցունք ու ձեռքում ծափ»։

Նա հպարտությամբ է պատմում հոր՝ Ֆելիքս Արամյանի գործնեության մասին, ով կազմակերպել է «Ոսկե աշուն» և «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները։ Այդ ժամանակներից էր էլ ծնվում սիրո ձգողականությունը դեպի բեմ․
«Երբեմն խուլիգանություն էի անում՝ աստղերի հետ դուրս գալիս խոնարհման… Հետո սկսեցի սիրել այդ պահերը»։

Զառան հիշում է նաեւ Արցախյան առաջին պատերազմի տարիները, երբ ցուրտ ստուդիաներում աշխատելով՝ ձեռք բերեց քրոնիկ բրոնխիտ։

«Իսկ “Համով զրույցը” դարձավ մի իրական երևույթ. բեմահանդեսում հայտնվեցի շիկահեր, երկար եղունգներով, ժպտալով։ Շատերի համար՝ անսպասելի, ինձ համար՝ իսկական։ Ամեն շաբաթ նոր հյուրը՝ նոր բարեկամ։ 35 տարվա մեջ ամեն շաբաթ մի նոր ընկերություն էր ծաղկում»։

2002-ը բեկումնային էր.

«Իմ կյանքում սկսվեց փոթորիկ, ցունամի, տորնադո… Ամուսնացա Արտաշես Գասպարյանի հետ։ Մեկ տարի անց ծնվեց դստրս, հետո որդիս։ Բայց կորուստներ էլ եղան։ Ծնողներս… ամուսնուս ծնողները… մարդիկ, որոնց սիրտով էի սիրում։ Մահերն անսովոր չեն, բայց երբ հեռախոսիցս հերթով ջնջում եմ սիրելիների համարները, հոգիս փշրվում է»։

Իսկ առողջական խնդիրներն էլ չշրջանցեցին նրան․
«Երիկամս կորցրեցի, հետո՝ սրտի խնդիրներ։ Այժմ ապրում եմ իմ անբուժելի սրտիկով։ Բայց չեմ հրաժարվում։ Չեմ փոխի, չբողոքեմ. այդ սիրտը իմն է, իմ խաչը։ Ինչ Աստված տվել է, դա եմ կրում։ Հպարտ եմ, որ ինձնից ուժեղ մարդ եմ գտել հենց իմ ներսում»։