«Մայրիկս վերջին անգամ ջուր ուզեց… Ես ուշացա»․ Վահան Միրաքյանի հուզիչ պատմությունը

Ամալյա Հովհաննիսյանի տաղավարում այս անգամ հյուրընկալվել էին Վահան Միրաքյանն ու նրա կինը՝ Ռուզաննա Մանուչարյանը։

Հաղորդման ընթացքում զույգը անկեղծորեն խոսեց իրենց անցած դժվարին փուլերի մասին՝ կիսվելով այն փորձություններով, որոնք թե՛ ցնցել են նրանց կյանքը, թե՛ ամրացրել իրենց կապը։

Ամալյայի այն հարցին՝ «Կան արդյո՞ք պահեր, որոնց համար Վահանը զղջում է Ռուզաննայի առաջ», դերասանը երկար լռելուց հետո խոստովանեց.

«Այո՛, կան։ Դա իմ կյանքի ամենամութ շրջանն էր… Այն պահից սկսած, երբ հիվանդանոցում ինձ ասացին, որ մայրիկիս մոտ 4-րդ աստիճանի քաղցկեղ է և նրան մնացել է ապրելու ընդամենը մի քանի ամիս։ Այդ լուրը բառացիորեն բաժանեց իմ կյանքը՝ մինչև ու հետո։ Հանկարծակի մեծացա, հանկարծակի փակվեցի աշխարհի առաջ։

Ու հենց այդ ծանր պահին Ռուզաննան մտավ իմ կյանք։ Ես լի էի ցավով, շփոթությամբ ու չընդհատվող մթությամբ։ Եվ, ցավով եմ ասում, այդ ամբողջ բացասականը, ցավը, որը չէի կարողանում հաղթահարել, ուղղվում էր նրան՝ իմ ամենամոտ մարդուն։ Դիմանում էր լռությամբ… Զանգում էր՝ չէի պատասխանում։ Երբեմն կոպտում էի, ուղղակի այդ պահերին բոլորի դեմ էի՝ աշխարհի, կյանքի, Աստծո։ Իսկ ինքը ուղղակի կողքիս էր՝ այդ ամենի միջով անցնող, բայց չհեռացող։

Հետադարձ հայացքով հասկանում եմ՝ նա չէր արժանի դրան։ Բայց ամեն ցավի մեջ մի խաչ կա, ու իմ ամենախոր ցավը մորս կորուստն էր։ Նա միակն էր, ում դիմում էի ցանկացած հարցով, ում ներկայությունը ինձ ուժ էր տալիս։ Եվ երբ դա այլևս չկար՝ կարծես օդս վերցված լիներ»։

Հրապարակվել է 13.02.2025