Ճանաչենք մեր հերոսներին. «26-ամյա Արցախը զոհվեց հանուն Արցախի»

1994 թվականի օգոստոսը դարձավ կյանքի սկիզբը մի հերոսի համար. Արցախյան պատերազմից անմիջապես հետո, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում ծնվեց Հովհաննիսյանների ընտանիքի որդին՝ նրան անուն դրեցին Արցախ՝ ի պատիվ հայրենիքի հաղթանակի։ Արցախը մեծացավ հերոս տղայի պես, ծնողները միշտ հպարտանում էին նրան, իսկ հայրը՝ Սպարտակը, նույնպես անցել էր պատերազմի թոհուբոհով։

168.am-ի հետ զրույցում Արցախին այսպես ներկայացրեց նրա հորաքրոջ որդին՝ Վարդան Սաֆարյանը.
«Արցախը շատ դուխով, քաջ ու հերոս տղա էր, գովեստի խոսքերն անգամ քիչ են նրան բնութագրելու համար»:

Երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց նոր պատերազմը, Արցախը չէր վարանել: Առաջիններից մեկը կամավորագրվեց և արագ մեկնեց սահման՝ իր ընտանիքի, իր ժողովրդի համար պայքարելու։

«Արցախը նոր էր վերադարձել պարտադիր ծառայությունից, 26 տարեկան էր, ընտանիքում հինգ երեխա էին՝ երեք քույր, երկու եղբայր: Ինքն ապրում էր ծնողների ու եղբոր հետ, եղբայրը արդեն ընտանիք ուներ, իսկ Արցախը՝ մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: Կնոջը սպասվում էր երեխա, բայց նա հանուն հայրենիքի չհապաղեց ու հեռացավ կռվի դաշտ»,- պատմում է Վարդանը:

 

Արցախը բազմաթիվ երազանքներ ուներ. ուզում էր իր փոքրիկ ընտանիքի համար հիպոթեքով բնակարան գնել, հեռանալ ծնողների տնից:
«Նա խոսում էր, թե ինչպես կհասցնեն հիպոթեքը վարձել, քանի որ երկուսն էլ աշխատում էին ու ապագան կառուցելու ծրագրեր կային… Շատ նպատակներ ուներ, բայց չհասցրեց»:

 

Արցախը սիրեց հողը, բնությունը. ազատ ժամանակ զբաղվում էր այգով, տնկում ծառեր, մշակում էր այգին, հոգ էր տանում, որ ծնողները չտանջվեն, նույնիսկ տրակտոր էր գնել հողի համար:
«Նա պապու ամենասիրած թոռն էր, միշտ իրար հետ էին, պապը շատ ծանր տվեց նրա կորուստը»:

Պատերազմի օրերին վերջին անգամ տուն զանգեց, մոր հետ խոսեց:
«Ասել էր՝ ամեն ինչ լավ է, դուխներդ չգցեք, կհաղթենք: Պատրաստվում էր պերեսմենկա՝ հանգստանալու համար իջներ, հետո նոր կբարձրանար դիրքեր, բայց մահվան ճակատագիրը այլ էր՝ Արցախը զոհվեց հանուն իր անունի, հանուն մեր հայրենիքի…»:

 

Արցախ Սպարտակի Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին՝ հայրենի Սայաթ-Նովա գյուղում: Նրա հերոսական սխրանքը մնաց սրտում ու հիշողություններում որպես հավերժական ու լուսավոր սուրբ փառք մեր երկրի համար: