2020-ի 44-օրյա պատերազմի դաժան ու անողոք օրերն էին: Ասկերանը, կարծես հերոսական ամրոց, դիմադրում էր թշնամու անդադար հարձակումներին: Քաղաքում քիչ մարդ էր մնացել՝ ծերերը, երեխաներն ու կանայք տարհանվել էին դեպի Հայաստան, իսկ մնացածները պատսպարվում էին ապաստարաններում՝ սրտներում կրելով անկոտրում հավատը: Շրջակայքը անընդհատ ռմբակոծվում էր, արկերը ընկնում էին ծայրամասերում, երբեմն էլ կենտրոնում՝ սփռելով մահվան ստվեր:
Հոկտեմբերի սկիզբն էր, խոսակցություններ էին պտտվում, որ շուտով կավարտվի պատերազմը, ու ժողովուրդը հավատում էր հաղթանակին: Ամենուր հնչում էր «Հաղթելու ենք» կարգախոսը՝ ոգեշնչելով հերոսներին: Թշնամու հրետանին չէր լռում, ձայները այնքան մոտ էին, որ թվում էր՝ արկերը գլխիդ են թափվելու: Ամեն զարկի հետ հասկանում էիր, որ կյանքեր են կործանվում, ու սրտով աղաչում Աստծուն, որ շուտ վերջանա այդ արհավիրքը:
Հանկարծ սարսափելի բոթը հասավ Ասկերան. Արմենն է զոհվել՝ Ասկերանի նշանավոր տանկիստը, անմահ հերոսը: Ոչ ոք չէր ուզում հավատալ. յուրաքանչյուրս մտածում էր՝ գուցե սխալմունք է, գուցե վիրավոր է, բայց ողջ:

Անտեսելով մահացու վտանգը՝ Ասկերանի քաջ բնակիչները դուրս եկան ապաստարաններից ու գնացին վերջին հրաժեշտը տալու իրենց հերոսին: Բակը լեփ-լեցուն էր մարդկանցով, գլխիկոր կանգնած էին Արմենի հարազատները, մարտական ընկերները՝ հպարտությամբ ու անչափելի վշտով:
Աղաջանյանները կորցրել էին իրենց մեծ գերդաստանի հպարտությունը՝ անմնացորդ նվիրյալ զավակին: Նրանք գիտեին, որ Արմենը Հայրենիքի անվերապահ պաշտպանն էր. հայրենասիրությունը մանկուց էր սերմանված նրա սրտում: Նա հպարտանում էր Արցախյան առաջին պատերազմում հերոսի մահով ընկած Շահրաման հորեղբորով ու պատգամում էր եղբայրներին ու իր երեք որդիներին՝ լինել նրա արժանի հետնորդները:

Երբ Շահնազար և Մանյա Աղաջանյանների օջախում ծնվեց առաջնեկը՝ Արմենը, տունը լցվեց անչափելի ուրախությամբ ու լույսով: Հետո եկան մյուս զավակները: Ո՞վ կմտածեր, որ տարիներ հետո մայրը պիտի ողբար իր քաջ որդու կորուստը, որ երեք տարի անց կկարոտի նրա գերեզմանին ու այն սուրբ հողին, որի համար զոհվեց հերոսը:

Արմենը օրինակելի հայր էր, հոգատար ամուսին, սիրառատ զավակ ու եղբայր: Ծառայության կողքին ակտիվ մասնակցում էր Ասկերանի ու Իվանյանի համայնքային կյանքին: Բնակվում էր Իվանյանում, բայց սիրտն ու հոգին միշտ իր ծննդավայր Ասկերանում էին: Պարկեշտ, ազնիվ ու անսահման հայրենասեր՝ այդպես էին ճանաչում նրան բոլորը:
Արմեն Շահնազարի Աղաջանյանը ծնվել է 1977 թվականի մայիսի 13-ին: Ավարտելով Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան դպրոցը՝ ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում ու անմնացորդ նվիրվել Հայրենիքի պաշտպանությանը:
2010-ից ԼՂՀ ՊԲ Ն զորամասի տանկային գումարտակի հրամանատար էր: 2013-ին ավարտել է ՀՀ ՊՆ սպայական դասընթացները, հետո զբաղեցրել բարձր պաշտոններ: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի: Մասնագիտորեն կատարյալ էր, ճիշտ կատարում հրամանները ու անընդհատ կատարելագործվում:
Մասնակցել է 2016-ի Քառօրյա պատերազմին՝ որպես գումարտակի տեղակալ:
2020-ի մարտերում, որպես երրորդ տանկային գումարտակի սպառազինության գծով տեղակալ, քաջաբար կռվել է Ջրականում ու Վարանդայում: Հոկտեմբերի 8-ին՝ տանկիստի մասնագիտական օրը, թշնամու օդային հարվածից ստացել է ծանր վիրավորում ու ճանապարհին ընկել քաջի մահով:
Հոկտեմբերի 9-ին հուղարկավորվել է հարազատ Ասկերանի գերեզմանատանը՝ թողնելով անմահ լեգենդներ իր սխրանքների մասին, որոնցով կհպարտանան սերունդներ:
Արմենի ընտանիքը, ծնողներն ու հարազատները այսօր բնակվում են Երևանում: Նրանք ծաղիկներ կխոնարհեն Եռաբլուրի «Արցախի կանչ» հուշահամալիրում:
Փառք ու պատիվ քեզ, անմահ հերոս Արմեն: Քո հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ