Ի՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում և արտասահմանում․ ՀՀ քաղաքացիները ո՞րն են նախընտրում

Ամանորին մնացել են հաշված օրեր, և տոնական եռուզեռը արդեն զգացվում է ամեն քայլափոխի։ Շատ քաղաքացիներ այս օրերին կանգնած են կարևոր ընտրության առաջ՝ դիմավորե՞լ Նոր տարին Հայաստանում, թե՞ փախչել առօրյայից ու մեկնել արտերկիր։ Բայց արդյո՞ք ամանորյա հանգիստը Հայաստանում իսկապես ավելի մատչելի է, թե հակառակը՝ երբեմն արտասահմանն է դառնում շահավետ ընտրություն։

New.yerevan-info-ն փորձել է համեմատել գները և պարզել՝ որքան արժե ամանորյա տրամադրությունը ՀՀ քաղաքացիների համար։

Պարզվում է՝ Հայաստանում ամանորյա հանգիստն ամենևին էլ էժան հաճույք չէ։ Օրինակ՝ «Lastiver Resort» հյուրանոցում ամանորյա օրերի համար մնացել է ընդամենը մեկ Luxe կարգի սենյակ։ Երկու անձի համար դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 4-ը հանգիստը կարժենա 780.000 դրամ։ Փաթեթը ներառում է ամանորյա գալա ընթրիք, բազմազան հյուրասիրություններ, նախաճաշ, շոգեբաղնիք, իսկ սենյակում հյուրերին սպասում է նաև ջակուզի։

«Tsaghkadzor Marriott Hotel»-ում ամանորյա փաթեթը երկու անձի համար կարժենա շուրջ 500.000 դրամ։ Մոտավորապես նույն գինն առաջարկում է նաև «Aghveran Ararat Resort»-ը՝ 520.000 դրամ երկու անձի համար։ Ամենամատչելի տարբերակը Հայաստանում, ըստ ներկայացված տվյալների, առաջարկում է «Jermuk Moscow Health Resort»-ը, որտեղ ամանորյա փաթեթը մեկ անձի համար արժե 200.000 դրամ։

Իսկ ահա արտասահմանում պատկերը երբեմն ավելի գրավիչ է։ Օրինակ՝ Թիֆլիսում Ամանորը դիմավորելը քաղաքացու վրա կարժենա մոտ 150.000 դրամ։ Ավելի շքեղ, բայց համեմատաբար շահավետ առաջարկ կա նաև Աբու Դաբիում․ 610.000 դրամով հնարավոր է ստանալ ամբողջական փաթեթ՝ ավիատոմս, հյուրանոց, տրանսֆեր, նախաճաշ և անգամ հանրահայտ «Yas Island Theme Parks»-ի չորս թեմատիկ այգիների այցելություն։

Սակայն ամենամատչելի ամանորյա ուղղություններից մեկը շարունակում է մնալ Եգիպտոսը։ Օրինակ՝ Շարմ Էլ Շեյխում Ամանոր անցկացնելը՝ ավիատոմսով, հյուրանոցով և all inclusive սննդով, կարժենա ընդամենը 135.000 դրամ։ Եգիպտոսի տարբեր քաղաքներում ու հյուրանոցներում հնարավոր է ամանորյա հանգիստ կազմակերպել նաև մինչև 200.000 դրամի սահմաններում։

Չնայած դրան՝ Հայաստանի գրեթե բոլոր հյուրանոցներում ամանորյա օրերի համար մնացել են ընդամենը 1–2 ազատ սենյակներ։ Սա փաստում է, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը շարունակում է Նոր տարին դիմավորել հայրենիքում։ Այնուամենայնիվ, տուրիստական գործակալությունների տվյալներով՝ ամանորյա հանգստի համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունները այս տարի Եգիպտոսն ու Վրաստանն են։