Ճանաչենք մեր հերոսներին․ «Իմ սիրտը չկարողացա տամ երեխուս…»․ Ծյոմը՝ դիջեյ, որ ընտրեց ճակատը, ոչ թե բեմը

Քոլանջյանների երկհարկանի տան մեջ վաղուց երաժշտություն չի հնչում։ Այստեղ հիմա լռություն է բնակվում՝ ծանր, անընդհատ, խեղդող։ Այդ լռությունը սկսվեց այն օրը, երբ 27-ամյա Արտյոմ Քոլանջյանը այլևս չվերադարձավ։

Նրա մայրը՝ Արփինե Շահբազյանը, ասում է՝ որդին երաժշտությունն այնքան էր սիրում, որքան մարդը սիրում է օդն ու ջուրը։ Նա ապրում էր իր ստեղծած յուրաքանչյուր հնչյունով։ Սակայն մի օր ամեն ինչ մի կողմ դրեց՝ հանուն հայրենիքի։

Այսօր հյուրասենյակում, որդու լուսանկարի դիմաց, մայրը խոսում է նրա հետ։ Երբեմն լացում է, երբեմն՝ վիճում։ Մեղադրում է, որ կյանքը չխնայեց, որ թողեց ու գնաց։

«Ասում եմ՝ է՞ս էր ուզածդ։ Գնացիր մեզ փրկելու, բայց մեզ էդպես փրկե՞լ ա… Քո կյանքի գնով ապրելը ինձ պե՞տք էր…» — ասում է նա՝ ձեռքով շոյելով որդու խնամքով պահած ձայնասկավառակները։ Դրանք այսօր նրա մոխրացած ապագայի լուռ վկաներն են։

Ծյոմը դիջեյ էր։ Նրա բեմական անունը՝ SCIONIS, նշանակում էր նոր սկիզբ, վերածնունդ։ Նրա երաժշտությունը պրոգրեսիվ էր, տեխնոյի և ժամանակակից հնչյունների խառնուրդ։ Ամեն նոր ստեղծագործությունից հետո հերթով կանչում էր բոլորին՝ հասկանալու, թե ով ինչ լսեց։

«Ինձ միշտ ասում էր՝ մամ, լսի՛ր։ Ես անկեղծ ասում էի, ինչ մտածում էի, ինքն էլ լսում էր, հաշվի էր առնում։ Ես զգում էի իր երաժշտությունը», — հիշում է մայրը։

Պատերազմի լուրը լսելուն պես Արտյոմը հանեց Ապրիլյան քառօրյա պատերազմից մնացած համազգեստը, ծառայությունից մնացած կոշիկները։ Լվաց, արդուկեց։ Մոր պատրաստած տոլմայից կերավ, գործիքները դասավորեց, անջատեց ու գնաց։

«Չեմ հասկանում՝ ոնց կարողացավ էդքան հեշտ թողնել ամեն ինչ։ Ոնց որ էդ համազգեստը հագնելուց հետո իր բոլոր երազանքները հօդս ցնդեին», — ասում է մայրը։

Սկզբում նրան տարան Լուսակերտ, ապա՝ հոկտեմբերի 15-ին՝ Հադրութ։ Տունը դրա մասին իմացավ միայն Արտյոմի զոհվելուց հետո։ Նա հատուկ էր թաքցրել իր գտնվելու վայրը, որ մայրը չանհանգստանա։

Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 18-ին։ «Ամեն ինչ լավ է, հաղթում ենք, չմտածե՛ք», — ասել է նա։ Ձայնի մեջ անհանգստություն չկար։ Դա վերջին անգամն էր։

«Ասում են՝ մի մազ չկար պակաս… սրտին էին խփել։ Մեկ-մեկ մտածում եմ՝ ես ի՞նչ մայր էի, որ իմ սիրտը չկարողացա տամ երեխուս…» — ասում է Արփինեն։

«Իմ սիրտն ինձ ասում էր, որ Ծյոմս էլ չկա։ Ես ամեն ինչ տեսել էի իմ ներսում…»

Արտյոմը սիրում էր աստղերն ու տիեզերքը։ Ասում էր՝ «Մա՛մ, դու տիեզերքի ձայները լսո՞ւմ ես, գույները տեսնո՞ւմ ես…»։

Նա ուսանել է Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավաբանական բաժնում, զբաղվել է երաժշտությամբ, սպորտով, ծառայել է որպես ավագ սերժանտ, դասակի հրամանատար։

«Գնացի դժոխք, հետ եկա… իսկ հիմա մեզ թողեց դժոխքում», — ասում է մայրը։

Արփինեն որդու լուսանկարը դաջել է իր ձեռքերին՝ միշտ նրա հետ լինելու համար։

Հինգ տարի է՝ նրա ճանապարհները տանում են Եռաբլուր։ Այն ամենը, ինչ պիտի աներ որդու համար, այսօր անում է սառը շիրմաքարի առաջ։

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Սոֆի Խաչատրյան