«Իմ տղան զոհվել է հանուն իր ընկերների… զոհվել հանուն հայրենիքի, զոհվել հանուն ընկերոջ՝ դա ամեն մարդու գաղափարի բանը չէ»․ այս խոսքերը Գայանե Հակոբյանինն են, որի որդին՝ Ժորա Մարտիրոսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։ Մոր խոսքը ծանր է, բայց լի է հպարտությամբ․ այն պատմում է մի երիտասարդի մասին, ով գիտակցաբար ընտրեց իր ճանապարհը և մինչև վերջ հավատարիմ մնաց ընկերներին ու հայրենիքին։
«Այդ պահից տագնապ մտավ մեջս, ու լուսադեմին դեպքը եղել է»
Ժորա Մարտիրոսյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 10-ին՝ Երևանում։ Նա դեռ 15 տարեկան էր, երբ ընտանիքը որոշում է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։ Սակայն նույնիսկ այնտեղ Ժորան իր մտքում արդեն որոշում էր կայացրել․ մինչև 18 տարին լրանալը նա ծնողներին հայտնում է, որ վերադառնում է Հայաստան՝ ծառայելու հայկական բանակում։ Այդ որոշումը կտրուկ էր, բայց վստահ ու անշրջելի։
Ծառայությունը Ժորան սկսում է Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ վեց ամիս անց տեղափոխվում Սանասար՝ Կուբաթլուի ուղղությամբ։ Նա տանկիստ էր և համարվում էր լավագույններից մեկը։ Այդ մասին է վկայում նաև այն, որ մասնակցել էր Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող տանկային բիատլոնին՝ ներկայացնելով իր ստորաբաժանումը։

«Մեկ տարի երեք ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Իրենք եկել են պատերազմի երրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին։ Տղաները դեռ կարող էին մնալ, բայց չէին համբերում վերադարձին․ պատերազմ էր, ընկերների կորուստներ կային, ու նրանց համար այլ ընտրություն չկար։ Եկան Հայաստան ու օդանավակայանից անմիջապես գնացին Սանասար՝ իրենց զորամաս»,— պատմում է մայրը։
Մոր և որդու վերջին խոսակցությունը եղել է հոկտեմբերի 21-ի երեկոյան։ Սակայն այդ զրույցն անսովոր շարունակություն է ունեցել։ «Խոսեցինք, բայց մեր զրույցից հինգ րոպե անց նորից զանգեց, ինչը երբեք չէր անում։ Ասաց՝ մամ ջան, քեզ լավ նայիր, ինչ էլ որ լինի՝ դուխդ չգցես… Այդ պահից տագնապ մտավ մեջս, ու լուսադեմին դեպքը եղել է»։

Ժորան զոհվել է ընկերների հետ միասին՝ հերթափոխի ժամանակ։ Նրա մտերիմ ընկերը՝ Սարգիսը, ընտանիքում ուներ միայն մորը, որը հիվանդ էր, և այդ մասին բոլորը գիտեին։ Երբ Ժորան տեսել է, որ Սարգիսին ուզում են նորից դիրք բարձրացնել, ասել է․ «Ես չեմ հանգստանում, քեզ հետ եմ գալիս»։ Այդ որոշումն էլ դարձել է ճակատագրական։ Ժորան, Սարգիսը, նրանց երրորդ ընկերը՝ Միսակը, և ևս երեք զինվոր զոհվել են Իշխանաձորի հատվածում՝ միասին, մինչև վերջ։
Ժորա Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալներով։ Նրա անունը մնաց ոչ միայն պարգևների մեջ, այլ նաև ընկերների, մոր և հայրենիքի հիշողության մեջ՝ որպես ընտրության, հավատարմության և զոհողության խորհրդանիշ։
Անի Գևորգյան
Մանրամասները՝ տեսանյութում