Ամերիկացի հայտնի դերասան Բրեդ Փիթը, Անջելինա Ջոլիի հետ պաշտոնական ամուսնալուծությունից հետո, ցանկություն է հայտնել վերականգնել հարաբերությունները նախկին կնոջ հետ՝ հանուն իրենց ընդհանուր երեխաների։ Radar Online-ի հաղորդմամբ, Փիթը ձգտում է կրկին կապ հաստատել Ջոլիի հետ երկարատև դատական գործընթացից հետո, քանի որ ցանկանում է ակտիվորեն մասնակցել իր երեխաների կյանքին, հատկապես՝ նրանց 21-ամյա որդի Պաքսի դաստիարակությանը։ Դերասանը խիստ անհանգստացած է Պաքսի վիճակով, քանի որ վերջինս վերջերս երկու անգամ ավտովթարի է ենթարկվել՝ վարելով էլեկտրահեծանիվ։ Փիթն համոզված է, որ իր որդուն, որն այժմ ապրում է իր կյանքի կարևոր անցումային փուլերից մեկը, հոր աջակցությունն անհրաժեշտ է։

Փիթը վստահ է, որ կարող է ազդել որդու կյանքի վրա և ճիշտ ուղղություն ցույց տալ նրան այս բարդ ժամանակահատվածում։ «Բրեդը ցանկանում է ակտիվորեն մասնակցել իր երեխաների կյանքին և խորապես անհանգստացած է Պաքսի համար։ Նա կարծում է, որ Պաքսին անհրաժեշտ է կայուն հայրական ներկայություն, հատկապես վերջին միջադեպերից հետո», — հայտնում է աղբյուրը։ Չնայած Ջոլիի կողմից երեխաների հետ հանդիպելու արգելքին՝ Փիթը պատրաստ է փոխզիջումների գնալ։ Նա համոզված է, որ համատեղ դաստիարակությունը միայն օգուտ կբերի բոլորին։ Այդ իսկ պատճառով դերասանը որոշել է դիմել Ջոլիին՝ խնդրելով թույլ տալ շփվել երեխաների հետ և վերացնել նրանց միջև առաջացած խզումը։

Դերասանը նշում է, որ եթե հնարավորություն ունենար մասնակցելու երեխաների դաստիարակությանը, ամեն ինչ կարող էր լրիվ այլ կերպ լինել։ Առավել ևս՝ Պաքսի դեպքում, որի համար, Փիթի կարծիքով, այս շրջանը չափազանց կարևոր է։ Սակայն նա չի կարողացել ստանձնել հոր դերը՝ նախկին կնոջ մերժման պատճառով։ Փիթն ու Ջոլին միասին են եղել 11 տարի, 2014-ին պաշտոնապես ամուսնացել են, սակայն ընդամենը երկու տարի անց բաժանվել։ Տարիներ տևած դատական գործընթացներից հետո նրանց ամուսնալուծությունը պաշտոնապես ավարտվել է 2019-ին, իսկ ամուսնալուծության փաստաթղթերը ստորագրվել են միայն 2024-ի դեկտեմբերի 30-ին։ Նրանց բաժանումը զուգորդվեց բուռն սկանդալներով՝ կապված գույքի բաժանման և երեխաների խնամակալության հարցերի հետ։