Գրիշա Աղախանյանն ու որդին՝ «LIFEROOM»-ում․ անկեղծ խոստովանություններ ընտանիքի, կարոտի ու վերադարձի մասին
Գրիշա Աղախանյանն ու նրա որդի Ալեքսանդրը հյուրընկալվել են Ամալյա Հովհաննիսյանի հեղինակային «LIFEROOM» հաղորդմանը՝ ներկայացնելով ջերմ, հուզիչ և բացառիկ անկեղծ զրույց։ Սա Ալեքսանդրի առաջին հարցազրույցն էր, որի ընթացքում նա բաց խոսեց հայրիկի հետ ապրելու իր որոշման, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տարբերությունների, ինչպես նաև իրենց ընտանիքում տիրող ամուր ու անքակտելի կապի մասին։ BRAVO.am-ը առանձնացրել է զրույցի ամենահիշարժան դրվագները։
«Որոշել ենք՝ այլևս չբաժանվել»
Խոսելով ժամանակավոր բաժանումների մասին՝ Գրիշա Աղախանյանը չի թաքցնում, որ որդու հետ կապվածությունն այնքան խորն է, որ հեռավորությունը հաղթահարելը հեշտ չէ.
«Երկար ընդմիջումները հաճելի չեն։ Որոշել ենք, որ էլ նման բան չի լինի։ Միշտ իրար հետ լինենք», — ասում է նա։
Նույն զգացողությունն ունի նաև Ալեքսանդրը։ Նա պատմում է, որ Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում մշտապես մտածում էր Հայաստան վերադառնալու մասին։ Իսկ հարցին, թե ինչն էր ամենաշատը կարոտում, պատասխանում է առանց երկմտելու.
«Իհարկե, իմ ընտանիքը»։
Սենտիմենտալ տարիներ և կյանքի իրական արժեքները
«Տարիների հետ մարդը ավելի սենտիմենտալ է դառնում», — շարունակում է Գրիշա Աղախանյանը։ — «Ավելի մեծ պահանջ ես ունենում, որ հարազատներդ կողքիդ լինեն։ Այո, տղամարդ ես, կարող ես դիմանալ, բայց ինչո՞ւ դիմանալ, երբ կյանքն անցնում է վայրկյան առ վայրկյան, և այդ ամբողջ ընթացքում ուզում ես գրկել, խոսել, շփվել, պաչել»։
Գեների ազդեցությունը՝ առանց ջանքի
Հարցին՝ արդյոք փորձում է նմանվել հայրիկին, Ալեքսանդրը պատասխանում է ժպիտով.
«Չեմ փորձում, որովհետև արդեն ստացվել է։ Գեներով նման ենք։ Ոճն է նման, մտածելակերպն է նման»։
Գրիշան շարունակում է միտքը՝ ընդգծելով, որ որդին իր պես նրբանկատ ու բարի է.
«Միմիկան, հումորը, դադարները… Գեները հետաքրքիր բան են։ Ինչպես երեխան ասաց՝ դու չես սովորեցնում ինչ-որ բաներ, պարզապես կողքից հետևում ես ու տեսնում, թե որքան է նա նման քեզ»։
Վերադարձ «Top 10 of Rabiz»-ին՝ երկար դադարից հետո
Խոսելով «Top 10 of Rabiz» նախագծի մասին՝ Գրիշա Աղախանյանը ակնարկում է հնարավոր վերադարձի մասին.
«Մտածում ենք, որոշ բաներ փորձում ենք… Կա ցանկություն գրեթե 30 տարվա դադարից հետո վերադառնալ։ Չշտապեմ ժամանակից առաջ, բայց հույս կա, որ 2026-ին կշարունակենք»։
Անձնական կյանք՝ առանց վերջակետի
Իր և Շողերի հարաբերությունների մասին Գրիշան խոսում է հանգիստ ու վստահ՝ ընդգծելով, որ անկախ հեռավորությունից, շփումը պահպանվում է ջերմ ու մարդկային.
«Վերջնական որոշում չկա։ Մենք միասին ենք։ Երբ վերջնական լինի՝ կասեմ։ Ունենք և՛ ամառանոց, և՛ տուն, հաճախ հավաքվում ենք միասին՝ այստեղ կամ այնտեղ։ Ճգնաժամեր եղել են, այո, բայց հիմա չկան»։
Զրույցը վերածվեց ոչ միայն հարցազրույցի, այլ նաև անկեղծ պատմության ընտանիքի, կարոտի, սիրո և միասին լինելու իրական արժեքի մասին։