Ճանաչենք մեր հերոսներին. «Երբ թուրքերը մոտեցել են, Կարենս կալցոն քաշել է․․․»․ զոհվածի մայր

Խելացի բալես․ Կարեն Սարգսյանի անմահ պատմությունը

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, երբ թշնամին նորից սանձազերծեց պատերազմը Հայաստանի դեմ, Ջերմուկի դիրքերում հերոսաբար զոհվեց պայմանագրային զինծառայող, 47-ամյա Կարեն Սարգսյանը։ Նա ընկավ ոչ թե պարզապես որպես զինվոր, այլ որպես մարդ, ով ամբողջ կյանքը ապրել էր մեկ գաղափարով՝ պաշտպանել հայրենի հողը մինչև վերջ։

Կարեն Սարգսյանը Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից էր։ Ամուսնացած էր, հայր՝ երկու որդիների՝ Արգիշտիի և Համլետի։ Նրա ընտանիքը պատերազմների ցավը ճանաչում էր ոչ թե լուրերից, այլ սեփական մաշկի վրա։ Ավագ որդին՝ Արգիշտին, մասնակցել էր 44-օրյա պատերազմին, կռվել Ջրականի և Սանասարի ուղղություններով, իսկ կրտսեր որդին՝ Համլետը, դեռ ծառայության մեջ էր, երբ հոր կյանքի ճանապարհը ընդհատվեց դիրքերում։

Զոհված զինծառայողի մայրը՝ Հերիքնազ Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցում պատմում է որդու կյանքի մասին այնպիսի ծանրությամբ, որը միայն մայրն է կարող տանել։

«Երեխես ընդամենը մի տարի երեք ամիս էր ծառայում, երբ հոր զոհվելու լուրը ստացավ։ Դրանից հետո ժամանակից շուտ զորացրին…»։

Կարենի կյանքը կապված էր բանակի հետ գրեթե ամբողջությամբ։ Քսան տարի ծառայություն Զինված ուժերում՝ դա պարզապես աշխատանք չէր նրա համար, այլ առաքելություն։

«Մի քանի ամսից լրանալու էր ծառայության 20 տարին։ Կարենս մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, 2016 թվականի ապրիլյանին, 2020 թվականի 44-օրյային, և սա եղավ վերջին պատերազմը։ Չորս պատերազմ տեսած տղա էր։ Տարիներ շարունակ ծառայել է Քարվաճառում, մինչև որ Քարվաճառը սկուտեղով մատուցեցին թուրքերին։ Էդ ժամանակ ստիպված իջան ու տեղափոխվեցին Ջերմուկ։ Իրեն Ցուլ էին ասում՝ իր բնավորության համար»։

Կարենը մեկ ամիս դիրքերում էր, մեկ ամիս՝ տանը։ Վերջին անգամ մայրը նրան տեսել էր օգոստոսին։ Գրկել էր, ճանապարհել ու չէր էլ պատկերացնում, որ դա վերջին հանդիպումն էր։

Սեպտեմբերի 14-ին, ժամը մոտավորապես 15։00-ին, Կարենը վերջին անգամ կապի է դուրս եկել քրոջ ամուսնու հետ։ Ինչպես միշտ՝ հանգիստ, վստահ ձայնով ասել է, որ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա։

«Ինչ վիճակ էլ լիներ, ինքը միշտ ասում էր՝ լավ ենք, ամեն ինչ լավ կլինի։ Մեզ ի՞նչ է եղել, լավ ենք։ Հենց այդ օրն էլ դեպքը եղել է…»։

Ծառայակիցների պատմելով՝ դիրքում եղել են ընդամենը երկուսը՝ Կարենը և մեկ այլ զինվոր։ Թշնամին բազմակի գերազանցությամբ մոտեցել է դիրքին։ Կարենը ռացիայով կապվել է մյուս դիրքի տղաների հետ և ասել, որ իր վրա դիպուկահար է աշխատում։ Այդ խոսքերից վայրկյաններ անց դիպուկահարի կրակոցը դիպել է նրան։ Նա ընկել է, բայց պայքարը չի ավարտվել այնտեղ։

Կարենը միշտ իր մոտ նռնակ էր պահում։ Դա նրա սկզբունքն էր։ Նա չէր ընդունում գերի ընկնելու գաղափարը։ Խաղաղ ժամանակ էլ, երբ կանգնած էր պոստում, նռնակը միշտ իր մոտ էր։

Նա իր որդիներին, եղբոր տղաներին սովորեցնում էր մի բան՝ երբեք չընկնել թշնամու ձեռքը։

«Ասում էր՝ տղա եք, բանակ գնալու ժամանակն է։ Եթե մի օր ընկնեք մի վիճակի մեջ, որ ելք չունենաք, ձեզ մոտ մի բան պահեք։ Թուրքին թույլ չտաք ձեզ նվաստացնի, խփի, հայհոյի ու գերի տանի։ Ավելի լավ է ձեզ վերացնեք, բայց գերի չընկնեք…»։

Այս անգամ էլ նռնակը իր մոտ էր։ Երբ թշնամին մոտեցել է, նա վերջին ուժերով քաշել է կալցոնը։ Վիրավոր վիճակում նա կարողացել է ոչնչացնել հինգ թշնամու։ Մինչև վերջին շունչը կռվել է՝ ինչպես զինվոր, ինչպես հայր, ինչպես հայ։

«Ափսոս, որ հինգ թուրք է սպանել… ավելի շատ պետք է տաներ… նույնիսկ վիրավոր վիճակում թուրքին սպանել է…»։

Թեև Կարեն Սարգսյանը զոհվել էր սեպտեմբերի 14-ին, նրա մարմինը ընտանիքին փոխանցվել է միայն 12 օր անց՝ սեպտեմբերի 26-ին։

«Ծառայակիցների պատմելով՝ որդուս մարմինը շների մոտ է եղել։ Շատերի մարմինները չեն տվել։ Ինքը այն 95 մարմինների մեջ է եղել, որ փոխանցել են։ Սեպտեմբերի 26-ին Վրաստանով բերեցին Հայաստան ու տվեցին մեզ։ Այս կիրակի՝ հոկտեմբերի 23-ին, տղայիս քառասունքն է…»։

Տիկին Հերիքնազը պատմում է, որ իր որդու համար բանաստեղծություն է գրել։ Վերնագիրը տվել է այնպես, ինչպես միայն մայրը կարող է ասել իր հերոս որդուն։

Խելացի բալես

Իմ խորհրդատու, լավատես բալես,

Պայքարող տեսակ իմ նախնիների,

Ամեն նեղ պահի ճանապարհ գտնող,

Բոլորին ուղիղ ճամփա ցույց տվող

Քո տղաներին, ընկերներին էլ

Բարի խրատներ, կյանքի ճանապարհ

Սովորեցնող իմ բարի բալես։

Մարդկային բարձր հատկանիշներով դաստիարակվեցիր

Ու ճիշտ կայացար որպես տղամարդ,

Ես դրա համար շնորհակալ եմ քեզ

Որ ընդունել ես ամեն խրատս

Որ չես անտեսել ամեն մի խոսքս,

Իմ Կարեն բալա, դու իմ մեծություն

Դու նույնն արեցիր քո ընտանիքին

Քո զավակներին ու քո Զոյային,

Հրաշք ընտանիք դու ստեղծեցիր

Ու հպարտ անցար քո կյանքի ուղին։