Ճանաչենք մեր հերոսներին. Զինվորական պարտքը մինչև վերջ․ զինամթերք և սնունդ տեղափոխելիս հերոսաբար զոհվեց թշնամու անօդաչու սարքի հարվածից

«Զինամթերք և սնունդ տեղափոխելիս՝ հերոսաբար զոհվեց թշնամու անօդաչու սարքի հարվածից»

Նոյեմբերի 23-ը Արցախի 44-օրյա պատերազմի անմահ հերոսներից մեկի՝ հրետանային դիվիզիայի կապի պետ Արթուր Վարդանի Գրիգորյանի ծննդյան օրն է։ Այս օրը նա կդառնար 37 տարեկան։

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1986 թվականին՝ Գյումրիում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Գյումրիի թիվ 28 դպրոցում։ 2007 թվականի հուլիսի 20-ին բարձր առաջադիմությամբ ավարտել է «Մարշալ Խանփերյանցի» անվան ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտը։ Ունի մեկ եղբայր, մեկ քույր։

Հուշահամալիրի բացման ու օծման արարողությունը՝ հերոսի ծննդավայր Գյումրիում։

Ծառայության ճանապարհը՝ պարտքի գիտակցումով

Հերոսի եղբայրը՝ Արտյոմը, Iravunk.com-ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Արթուրը 2007 թվականի հուլիսի 31-ին, լեյտենանտի կոչումով, նշանակվել է ԼՂՀ Մատաղիսի զորամասում՝ որպես հրետանային դիվիզիոնի կապի պետ։ 2009-ի հուլիսի 24-ին ստացել է ավագ լեյտենանտի կոչում։

Մատաղիսում հինգ տարի ծառայելուց հետո, 2012 թվականի հունվարի 10-ին տեղափոխվել է Երևան՝ ՊՆ N զորամաս, որպես 3-րդ կապի գումարտակի դասակի հրամանատար։ 2014-ի օգոստոսի 22-ին ծառայությունը շարունակել է հայրենի Գյումրիում՝ որպես հակատանկային դիվիզիոնի կապի պետ։ 2018-ի սեպտեմբերի 3-ին նշանակվել է Իջևանի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիայի կապի պետ։

Արթուր Գրիգորյանը մեծ ներդրում է ունեցել կապի զորքերի կազմավորման և մասնագիտական կարողությունների զարգացման գործում։ Բարեխիղճ ծառայության համար խրախուսվել է պատվոգրերով ու մեդալներով։

Հիշատակի վայրում՝ հուշաքարի մոտ, ծաղիկներով ու խոնարհումով։

Արցախյան պատերազմը և վերջին առաքելությունը

2020 թվականի հոկտեմբերի 1-ից Արթուրը մասնակցել է Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմին՝ Մատաղիսում։

Հոկտեմբերի 17-ին, զինամթերք և սնունդ տեղափոխելիս, թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից հերոսաբար զոհվել է՝ գիտակցաբար փրկելով ողջ անձնակազմի կյանքը։ Նա զոհվեց՝ մինչև վերջ կատարելով զինվորական իր պարտքը։

Հետմահու արժանացել է «Արիության» մեդալի։

Հիշատակի սեղանը՝ հերոսի լուսանկարով ու պարգևներով՝ որպես ծառայության ճանապարհի վկայություն։

Հուշահամալիրի բացումը՝ արժանի հիշողության խոսք

Արթուր Գրիգորյանի ծննդյան օրը նշանավորվեց ծննդավայր Գյումրիում՝ հարազատ բակում հուշահամալիրի և ցայտաղբյուրի բացմամբ ու օծմամբ։ Հուշահամալիրը կառուցված է խորհրդանշական խոր իմաստով․ այնտեղ վեր է խոյանում արծվի վեհ քանդակը՝ մարմնավորելով անմահ հերոսի խիզախությունը, քաջությունն ու վեհությունը։

Միջոցառումը կազմակերպել էր վավերագրող Արմինե Կարախանյանը։ Հուշահամալիրի բացման պատիվը տրվեց հերոսի երկու դուստրերին։ Քահանան օծեց հուշահամալիրը։ Ներկա էին հարազատները, ընկերները, զինակիցները, քաղաքային ու մարզային իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները» գրքի հեղինակ Գագիկ Վարդանյանը։

Հիշատակը սերունդների մեջ է՝ անվան ու սխրանքի շարունակականությամբ։

Միջոցառման ընթացքում հայրենասիրական և ազգագրական երգերով առանձնացավ Գյումրիի կոնսերվատորիայի սան Մաքսիմ Հակոբյանը։ Պատանի երկրապահներն էլ ցուցադրական վարժություններով միջոցառմանը հաղորդեցին առավել ընդգծված ոգի։

Այսուհետ յուրաքանչյուր անցորդ, անցնելով այս փողոցով, մի պահ կանգ կառնի, կխոնարհվի և կհիշի մեր անմահ հերոսին՝ մարդուն, ով զոհվեց հանուն հայրենիքի, հանուն մեզ բոլորիս։

Շնորհավոր ծնունդդ, անմահ Հերոս։
Քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում…

Հավերժ փառք ու խոնարհում մեր բոլոր հերոսներին։

Պատրաստեց՝ Հովհաննես Սարգսյան