Ճանաչենք մեր հերոսներին. Լույսը նոր էր բացվել, երբ եկավ ամենադաժան լուրը․․․ 19-ամյա Էդմոնը մեկ ամիս առաջ էր տուն վերադարձել քրոջ հարսանիքին մասնակցելու

Սեպտեմբերի 13-ը հայկական ընտանիքներից մեկի համար դարձավ ցավի և միաժամանակ՝ հպարտության օր։ Թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով իր հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար զոհվեց ընդամենը 19-ամյա Էդմոն Սարգսյանը։ Նա Երևանի Հաղթանակ թաղամասից էր՝ ընտանիքի միակ որդին, սիրելի եղբայր և անփոխարինելի զավակ։

Էդմոնը ծնվել էր 2003 թվականի փետրվարի 21-ին։ Մանկուց աչքի էր ընկնում իր բարությամբ, ջերմությամբ և կյանքի հանդեպ լուսավոր վերաբերմունքով։ Սովորել և ավարտել էր Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցը, որտեղ ուսուցիչներն ու ընկերները նրան հիշում են որպես ազնիվ, պատասխանատու և նպատակասլաց երիտասարդի։

Դպրոցն ավարտելուց հետո Էդմոնը ընդունվել էր Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ լուսանկարչության բաժին։ Նա հավատում էր, որ լուսանկարչությունը կարող է պատմել մարդկային պատմություններ, փոխանցել զգացմունքներ և պահպանել հիշողություններ։

«Ժպիտը Էդմոնից անպակաս էր։ Ամենադժվար պահին էլ միշտ ժպտում էր ու ասում՝ մի մտածիր, մեկ է՝ վերջում լավ է լինելու։ Ամեն ինչին ժպիտով էր պատասխանում, ամեն ինչում դրականն էր տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում պատմել է Էդմոնի հորաքրոջ որդին՝ Վարդան Համբարձումյանը։

2021 թվականի ամռանը Էդմոնը զորակոչվեց բանակ։ Նա ծառայության էր անցել Ջերմուկի դիրքերում՝ պատվով և պատասխանատվությամբ պաշտպանելով հայրենի հողը։

«Ծառայությունից շատ գոհ էր, ոչ մի խնդիր չուներ։ Զորամասում գրեթե չկար զինվոր կամ սպա, որ իրեն չսիրեր ու չհարգեր։ Երբ դիրքերից զանգում էր, միշտ բարձր տրամադրություն ուներ, ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Ամռանը պետք է զորացրվեր․․․»,- հիշում է Վարդանը։

Էդմոնը բազմակողմանի հետաքրքրություններ ունեցող երիտասարդ էր։ Զորակոչվելուց առաջ նա սիրով զբաղվում էր երաժշտությամբ, հատկապես ռեփ ժանրով։ Երազում էր զորացրվելուց հետո զարգացնել իր ստեղծագործական ուղին՝ համատեղելով լուսանկարչությունն ու երաժշտությունը և իր արվեստով մարդկանց ոգեշնչել։

«Մոտ երեք տարի էր, ինչ սկսել էր ռեփ կարդալ։ Շատ էր սիրում այդ արվեստը։ Youtube-ում հրապարակած երգեր ունի։ Նա մեծ երազանքներ ուներ և հավատում էր իր ապագային»,- պատմում են հարազատները։

Էդմոնը վերջին անգամ տուն էր վերադարձել մեկ ամիս առաջ՝ մասնակցելու քրոջ հարսանեկան արարողությանը։ Այդ օրերը ընտանիքի համար լի էին ուրախությամբ, ջերմությամբ և հույսերով։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդ հանդիպումը վերջիններից մեկն էր լինելու։

«Քույրիկի հարսանիքն էր։ Երեք օրով արձակուրդ էր եկել։ Սրանից առաջ էլ մի քանի օրով էր եկել։ Ասում էր՝ դիրքեր բարձրանա, հետո նորից կգա տուն։ Բայց ճակատագիրը այլ որոշում ուներ․․․»,- պատմում են հարազատները։

Հիշելով ճակատագրական գիշերը՝ Էդմոնի եղբայրը պատմում է, որ թշնամու հարվածները հանկարծակի են եղել։ Զորքը պատրաստվում էր հերթափոխի, սակայն այդ ծրագրերը մնացին անկատար։ Զինվորները, չնայած անսպասելի հարձակմանը, դուրս են եկել և շարունակել պայքարը՝ պաշտպանելով իրենց ընկերներին և հայրենիքը։

Վարդանը հիշում է Էդմոնի հետ վերջին խոսակցությունը, որը տեղի էր ունեցել պատերազմը սկսվելուց ընդամենը մեկ օր առաջ։

«Ես ու մյուս եղբայրս սեպտեմբերի 12-ի առավոտյան ենք խոսել նրա հետ։ Մոտ 15-20 րոպե խոսեցինք։ Երբ գիշերը տեղեկացանք, որ մարտեր են սկսվել, ամբողջ գիշեր զանգել ենք, գրել, սպասել ենք, որ պատասխան տա։ Չէինք մտածում, որ կարող էր վատ բան պատահել։ Մտածում էինք՝ պարզապես հեռախոսն անջատված է․․․ Առավոտյան լույսը բացվեց, ու եկավ ամենացավալի լուրը․․․»

Էդմոն Սարգսյանի հերոսական ուղին ավարտվեց, սակայն նրա անունը մնաց որպես քաջության, նվիրումի և հայրենիքի հանդեպ անսահման սիրո խորհրդանիշ։ Նա իր կյանքը նվիրեց հայրենի հողի պաշտպանությանը՝ ապացուցելով, որ հայրենասիրությունը տարիք չի ճանաչում։

Էդմոն Սարգսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին՝ Հաղթանակ թաղամասի զինվորական պանթեոնում։ Նրա հիշատակը հավերժ կմնա հարազատների, ընկերների և ամբողջ ժողովրդի սրտերում՝ որպես լուսավոր երիտասարդի, ով իր կյանքով պաշտպանեց հայրենիքը և ապագան։