Մեջքի հանկարծակի ցավը շատերը սովոր են բացատրել հոգնածությամբ, քնելու անհարմար դիրքով կամ «մի քիչ ծանր բան» բարձրացնելու հետևանքով։ Բայց երբեմն այդ ցավը կարող է լինել ոչ թե մանր անհարմարություն, այլ օրգանիզմի լուրջ ահազանգ։ Նյարդաբան Եվգենի Մոսինը «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում զգուշացնում է, որ որոշ դեպքերում նման ցավը կարող է մատնանշել ծանր և վտանգավոր հիվանդություններ, որոնք անուշադրության մատնելու դեպքում կարող են հասցնել հաշմանդամության կամ նույնիսկ մահվան։
Բժշկի խոսքով՝ մեջքի ցավի պատճառով կյանքին սպառնացող վիճակները հազվադեպ են ի հայտ գալիս, սակայն հենց այդ հազվադեպ դեպքերն են, որ պահանջում են առավելագույն ուշադրություն։ Մեջքի անսպասելի ցավը երբեմն կարող է «հուշել» տարբեր օնկոլոգիական հիվանդությունների մասին՝ սկսած վահանագեղձի քաղցկեղից մինչև թոքերի չարորակ նորագոյացություններ։
Մասնագետը նշում է, որ ամենաուժգին մեջքային ցավերից մեկը կարող է առաջանալ ողերի հատվածում տեղակայված ուռուցքային գործընթացների ֆոնին՝ օրինակ օստեոսարկոմայի դեպքում կամ ողնաշարում մետաստազային օջախների առկայության ժամանակ։ Սուր ցավերով և մետաստազներով ուղեկցվող առավել հաճախ հանդիպող ուռուցքային հիվանդությունների շարքում բժիշկը առանձնացնում է կրծքագեղձի քաղցկեղը, շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև արգանդի և ձվարանների ուռուցքները։
Սակայն վտանգը միայն ուռուցքներով չի սահմանափակվում։ Մեջքի ցավը կարող է կապված լինել նաև ողնուղեղի բորբոքման հետ։ Սա շատ վտանգավոր վիճակ է, և եթե ժամանակին բուժում չստացվի, կարող է դառնալ մահվան պատճառ։
Բացի այդ, բժիշկը ուշադրություն է հրավիրում գոտկատեղի գոտևորող ցավի վրա։ Այդպիսի ցավը կարող է մատնանշել ենթաստամոքսային գեղձի խնդիրներ, ինչպես նաև շաքարային դիաբետին բնորոշ խանգարումներ։