«Որդիս Ջրականի ժամկետային ծառայող էր։ Նա զոհվեց պատերազմի հենց առաջին օրը…»
Այս բառերը հնչում են ոչ միայն որպես մայրական ողբ, այլ որպես ցավի ու արդարության պահանջի ահազանգ։ Զոհված զինծառայող Նորայր Սողոմոնյանի մայրը՝ Սյուզաննա Վարդանյանը, Aravot.am-ի հետ զրույցում խոսում է ոչ միայն որդու կորստի մասին, այլ նաև այն հարցերի, որոնց պատասխանները, ըստ նրա, մինչ օրս չեն տրվել։
Նորայրը ընդամենը 19-20 տարեկան էր։ Երիտասարդ, կյանքով լի, հայրենիքի պաշտպանության համար կանգնած իր մարտական դիրքում։ Պատերազմի առաջին իսկ օրը տղաները մնացին շրջափակման մեջ։ Մայրը պնդում է՝ կան փաստեր, ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ հենց այդ դիրքից է տեղի ունեցել մարդուժի ճեղքը։
«Մենք գիտենք, որ այնտեղ եղել է հզոր զինատեսակ։ Զենք, որը, մեզ ասելով, թշնամու ահն ու սարսափն էր։ Բայց այն չի օգտագործվել։ Եվ դրա հետևանքով երեք մարտական դիրքի տղաներ մնացել են շրջափակման մեջ ու զոհվել», — ասում է նա։
Նրա խոսքով՝ այդ տարածքում տեղակայված է եղել հրամանատարական ՀԴԿ-ն։ Բայց փոխանակ հրամանատարները օգնության հասնեին, մայրը պնդում է, որ նրանք լքել են դիրքերը։
«Զենքը օգտագործող պատասխանատուն սկզբում ձևացնում էր, թե հոգեկան խնդիրներ ունի։ Բայց երբ ավելի կոշտ մոտեցանք, խոստովանեց՝ չեն կրակել, փախել են», — ասում է տիկին Սյուզաննան։
Նա պատմում է, որ դիմել են համապատասխան մարմիններին։ Փաստաթղթեր են ներկայացրել։ Սակայն, ըստ նրա, գործը փորձում են փակուղի տանել։
«Հարցաքննության ժամանակ հասկացա՝ չեն ուզում քրեական գործ հարուցել։ Երբ ասացի, որ դեռ շատ ասելիք ունեմ, քննիչը պատասխանեց՝ ինքն է որոշում՝ գործը կգնա՞ դատարան, թե՝ ոչ։ Այսինքն՝ անիմա՞ստ զոհվեցին մեր տղաները…»
Մայրն ասում է, որ իր ձեռքում կան լուսանկարներ և տեսանյութեր դիրքից։ Զենքը եղել է մարտական վիճակում։ Հինգ արկերը՝ յուրաքանչյուրը մոտ 70 կիլոգրամ, դրված են եղել կողքին։ Բայց կրակ չի բացվել։
«Եթե այդ զենքը գործարկվեր, ահաբեկչական խմբավորումները չէին թափանցի մեր տղաների դիրք։ Միգուցե այսօր նրանք ողջ լինեին։ Միգուցե որդիս ապրեր իր կյանքը։ Բայց ինչո՞ւ այդ զենքը չկրակեց…»
Սյուզաննա Վարդանյանը մի քանի անգամ բողոքի ակցիաներ է անցկացրել գլխավոր դատախազության դիմաց։ Հարցազրույցներ է տվել։ Բայց, ինչպես ինքն է ասում, ոչ ոք չի փորձել նստել ու լսել իրեն։
«Գուցե ես զրպարտո՞ւմ եմ բանակին։ Ինչո՞ւ կառավարության որևէ անդամ ինձ չհրավիրեց, չփորձեց հասկանալ՝ ինչ եմ ասում։ Գրավոր դիմել եմ պատգամավորների։ Նամակներս մնացել են անպատասխան։ Էլ ո՞ւմ դիմենք… Խոսքը մեր 19-20 տարեկան տղաների մասին է»։
Մեկ ամիս անց Նորայրը պետք է դառնար 22 տարեկան։ Այդ օրը մայրը նշելու է առանց որդու։
«Դրա պատասխանը ո՞վ է տալու։ Մինչև Եվրոպական դատարան գնալու եմ», — վճռական ասում է նա։
Տիկին Սյուզաննան պատմում է նաև, որ որդու հրամանատարը ողջ է։ Նրան անձամբ տեսել է հոկտեմբերի 3-ին Հադրութի Տողի հոսպիտալում։ Այսօր, նրա խոսքով, այդ նույն հրամանատարը բարձր պաշտոն ունի։
«Այն հրամանատարները, որոնք կանգնեցին մեր երեխաների կողքին, զոհվեցին։ Իսկ ովքեր փախան՝ աստիճան բարձրացրին։ Ես պատասխանատու հայտարարություն եմ անում։ Կարող եմ նույնը դատարանում ասել», — ընդգծում է մայրը։
Նա նաև հիշում է հոկտեմբերի 1-6-ը Հադրութում անցկացրած օրերը։ Կամավորագրվել էր և հոսպիտալում էր օգնում վիրավորներին։
«Իմ ձեռքերում զինվորներ են մահացել… Ես այնպիսի բաներ եմ տեսել, որոնք մինչև կյանքի վերջ կմնան աչքերիս առաջ»։
Չնայած անսահման ցավին՝ մայրը փորձում է որդու հիշատակը վերածել հավերժության։ Այս պահին ընտանիքը զբաղված է Նորայրի թանգարանի կառուցմամբ։ Այն կբացվի հուլիսի 1-ին՝ նրա ծննդյան օրը։
Որդին, ով ընկավ պատերազմի առաջին օրը, մոր համար միայն հիշողություն չէ։ Նա հերոս է։ Եվ նրա անունը, ինչպես մայրը վստահ է, չի մոռացվի։