«Գետինն էի մտնում մայրիկի անմիջականությունից». Ջուլիետա Ստեփանյանի դուստր

ՀՀ վաստակավոր արտիստ **Ջուլիետա Ստեփանյանի** կրտսեր դուստրը՝ **Արուսիա Բաղինյանը**, BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում բացում է սիրտը՝ խոսելով ոչ միայն հայտնի դերասանուհու, այլև ամենաջերմ մայրիկի, սիրող կնոջ, հոգատար տատիկի մասին։ Այնպիսի մանրամասներ է պատմում, որոնք սովորաբար մնում են ընտանեկան շրջանակում՝ թաքնված բոլորի աչքից։

Այսօր Արուսիան ամուսնու և երկու որդիների հետ ապրում է Լեհաստանում, բայց հեռավորությունը նրանց միջև ոչ միայն չի ստեղծել պատնեշ, այլև ավելի է ամրացրել կապը։

Աշխատանքային օրերին առնվազն երկու անգամ առավոտյան տեսազանգ են անում և միասին սուրճ խմում։ Պատկերացրեք՝ էկրանով սուրճ, բայց զրույցը երբեմն ձգվում է 2-3 ժամ։ Թեմաները չեն սպառվում երբեք՝ նոր դերեր, ներկայացումներ, փորձեր, ստեղծագործական գաղափարներ, կյանքի մանրուքներ… Արուսիան ինքը թատերական կրթություն ունի, ուստի մայրիկի յուրաքանչյուր նոր նախագիծ հետևում է գրեթե շնչառությամբ։

«Ես իսկապես գիտակցում եմ, որ օրհնված եմ։ Ոչ բոլորն են հասկանում, թե ինչ հսկայական պատիվ է ունենալ հենց նրա նման մայր։ Ես ոչ միայն հասկանում եմ, այլև ամեն օր վայելում եմ դա»,- ասում է Արուսիան։

Կիրակի օրերին զրույցին միանում է ամբողջ ընտանիքը։ Այդ օրը վերածվում է իսկական ընտանեկան ջերմ արարողության՝ տատիկը խոսում է թոռների հետ, լսում նրանց զվարճալի պատմությունները, միասին ծիծաղում են։

Մեկ այլ կարևոր «թել», որ կապում է մայր ու դուստր, խոհանոցն է։ Արուսիան ժպտում է՝ «Իմ բաղադրատոմսերի մեծ մասը մամայիսն է։ Շատ ուտեստներ կան, որոնք միայն նա է այդպես պատրաստում՝ իր իմպրովիզներով, իր հատուկ ճաշակով»։ Խմորի հետ աշխատելու սերը, այդ հմտությունը նույնպես նրանից է փոխանցվել։

Մայրիկի ամենասիրելի խորհուրդներից մեկը՝
«Երբ տղամարդը տուն է գալիս, մի՛ սկսիր խնդիրներից խոսել։ Թող տունը բույր ունենա՝ խոհանոցից՝ համեղ ուտելիքի, քո վրայից՝ օծանելիքի։ Տունը պետք է հանգստություն շնչի»։

Այսօր Արուսիան ասում է՝ այս խոսքերն իր համար ավելի թանկ են, քան երբևէ։

Իհարկե, մայրը միշտ եղել է պահանջկոտ՝ մաքրության, կրթության, արտաքին տեսքի հարցում նշաձողը բարձր է պահել։ Երիտասարդ տարիներին դա երբեմն լարվածություն էր առաջացնում, մայրիկի այցը նմանվում էր փոքրիկ «ստուգման»։ Բայց ժամանակի ընթացքում Արուսիան համարձակվել է անկեղծ խոսել իր զգացմունքների մասին, և այդ խոսակցությունը շատ բան է փոխել։

«Հասկացա, որ կարող եմ ասել՝ հիմա իմ առաջնահերթությունը երեխաներն են։ Ինձ համար կարևոր է նրանց կողքին լինելը, խաղալը, խոսելը, այդ փոքրիկ պահերը չկորցնելը։ Եվ նա ընդունեց դա»։

Ամենաջերմ հիշողություններից մեկը՝ այն ամիսը, երբ Ջուլիետան Լեհաստանում մնաց դստեր ընտանիքի հետ։ Առաջին անգամ թատրոնը ստիպված էր «կիսել» մայրիկին ուրիշի հետ, բայց այդ ամիսը նա ամբողջությամբ իրենցն էր։

Դարձավ իսկական ստեղծագործական տոն՝ դերասանական խաղեր, հորինված հեքիաթներ, երևակայությունը զարգացնող վարժություններ։
«Իմ երեխաները ոչ մեկի հետ այդքան հետաքրքիր ժամանակ չեն անցկացնում, որքան տատիկի հետ»։

Շատերի աչքում Ջուլիետա Ստեփանյանը ուժեղ է, ինքնավստահ, եռանդուն։ Բայց դստեր աչքերով նա նաև նուրբ է, փխրուն, երբեմն խոցելի։ Արուսիան հիշում է՝ մանկության և պատանեկության տարիներին բարդույթավորվում էր մայրիկի անմիջականությունից, ուշադրության կենտրոնում լինելու սովորությունից։ «Ես ավելի փակ էի, ավելի բարդույթներով… նրա կողքին գետինն էի մտնում»։

Բայց տարիներ հետո, արդեն մայր դառնալով, նա տեսավ նաև մյուս կողմը՝ թաքնված նրբությունը, և դա նրանց էլ ավելի մոտեցրեց։

2004 թվականը առանձնահատուկ է. 16-ամյա Արուսիան տեղափոխվեց Երևան՝ մեկ տարում սովորելու հայերեն գրել-կարդալ և ընդունվելու ինստիտուտ։ Այդ մեկ տարին անցկացրին միայն երկուսով։ Ցուրտ երեկոներին հյուրասենյակում միացնում էին «պլիտան», ծածկվում վերմակով և միասին գիրք էին կարդում։ Մայրիկը բացատրում էր անծանոթ բառերը, քննարկում կերպարներին…

«Եթե այդ ժամանակ սմարթֆոններ լինեին, գուցե այդպես արագ չսովորեի հայերենը»,- ժպտում է Արուսիան։ Այդ շրջանը դարձավ նրանց հարաբերության ամենաջերմ էջերից մեկը։

Ինչ գաղափար էլ ունենար Արուսիան՝ դերասանություն, ժուռնալիստիկա, թարգմանություն, նոր հոբբի… մայրը երբեք չի ծաղրել, չի ասել «չի ստացվի»։ Միշտ նույն պատասխանն էր՝ «Եթե ոչ դու, ապա ո՞վ»։ Հենց այդ հավատն է ձևավորել նրա ինքնավստահությունը՝ ոչ գոռոզությամբ, այլ սեփական ուժերին հավատալով։

Այսօր Արուսիան հպարտությամբ է հետևում մայրիկի նոր նախագծերին, նոր լեզու սովորելու պատրաստակամությանը։
«Ես երբեք չեմ խանդել թատրոնին։ Ճիշտ հակառակը՝ ուրախանում եմ, որ նա երջանիկ է իր գործում»։

Զրույցի վերջում Արուսիան հատուկ նշում է հայրիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ **Սամվել Բաղինյանի** մեծ դերը։ Բայց այս պատմության սիրտը մայրն է՝ այն կինը, ով պահանջկոտ է եղել, բայց չի կոտրել, բարձրացրել է՝ առանց պարտադրելու, և դարձել ոչ միայն ծնող, այլև իսկական ուղեկից, աջակից և ուժի աղբյուր։

«Այս զրույցը մեր ընտանեկան արխիվի համար շատ տաքուկ, թանկ էջ է լինելու»,- ասում է Արուսիան ժպիտով։

Տեքստը՝ Մարիամ Պողոսյանի
Լուսանկարները տրամադրել է Արուսիա Բաղինյանը