Ճանաչենք մեր հերոսներին. «Մարիին կասես, որ պապան պատերազմ է գնացել…». Արման Աբրահամյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին

«Փաստ» օրաթերթը գրում է

Արմանի և Հեղինեի պատմությունը սկսվեց խաղաղ մի օր՝ 2014 թվականին։ Արմանը նոր էր զորացրվել բանակից, վերադարձել էր հայրենի տուն՝ լի ապագայի ծրագրերով և տղամարդու ամուր վճռականությամբ։ Այդ նույն տարում աշխատանքի անցավ որպես վարորդ։ Իսկ ճակատագիրը նրանց ծանոթացրեց Հրազդան-Բջնի երթուղու վրա։

«Ես Բջնիից եմ, այդ ժամանակ ուսանող էի։ Հենց առաջին հայացքից երկուսս էլ սիրահարվեցինք։ Հետո սկսեցինք շփվել, հանդիպել։ Երեք տարի թաքուն ընկերություն արեցինք։ 2017 թվականին ամուսնացանք»,– «Փաստի» հետ զրույցում պատմում է Հեղինեն։

Այդ հիշողությունները նա պատմում է ժպիտով, բայց աչքերի խորքում արդեն զգացվում է այն ցավը, որը ժամանակը չի մեղմացրել։ Սիրո մասին նրա խոսքերը ջերմ են, բայց յուրաքանչյուր բառի տակ թաքնված է կորստի ծանրությունը։

«Որպես հայր՝ անսահման ուշադիր էր մեր աղջկա հանդեպ։ Նույնն էլ իմ նկատմամբ։ Բարի էր, բարյացակամ, ուզում էր, որ բոլորի համար լավ լինի։ Երբեք հիշաչար չէր։ Իր ընտանիքի համար անհնարինն էլ կաներ։ Նպատակասլաց էր»,– ասում է Հեղինեն։

Ամուսնությունից հետո Արմանը մեկնեց Ռուսաստան՝ աշխատելու։ Սակայն ընդամենը մի քանի ամիս անց վերադարձավ Հայաստան։ Որոշումը պարզ էր՝ տունը պետք է հայրենի հողում կառուցվեր։ Շուտով նրանք ձեռք բերեցին իրենց սեփական տունը՝ փոքր, բայց երջանիկ անկյունը, որտեղ ծիծաղ էր հնչում, որտեղ մեծանում էր նրանց աղջիկը՝ Մարին։ Սակայն այդ երջանկությունը երկար չտևեց։ Տունը գնելուց մեկ տարի էլ չէր անցել, երբ պատերազմը խլեց Արմանին։

Արմանը ծնվել էր Հրազդանում, սովորել էր քաղաքի թիվ 11 դպրոցում։ 2011-2013 թվականներին ծառայել էր Արցախի Հանրապետության ՊԲ-ում՝ Շուշիի հակաօդային զորքերում։ Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել էր պատվոգրերով և կրծքանշաններով։ Նա այն զինվորներից էր, որոնց մասին հրամանատարները հպարտությամբ էին խոսում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ստացավ ծանուցագիրը։ Հաջորդ օրը արդեն ռազմաճակատում էր՝ ՄՈԲ-ի կազմում։

«Սեպտեմբերի 27-ին ծանուցագիրն ստացավ, հաջորդ օրը մեկնեց։ Ինն օր եղել է Մարտունի 2-ում։ Հետո տեղափոխվել է Ջրական։ Այդ ժամանակ եկել էին զինծառայողներին տեղափոխելու, բայց Արմանն իր ընկերոջ հետ կամավոր գնաց։ Պահեստազորայիններին դեռ չէին տեղափոխում, բայց ինքը սպասել չուզեց»,– պատմում է Հեղինեն։

Պատերազմի օրերին նրանք մշտապես կապի մեջ էին։
«Հոկտեմբերի 6-ին զանգահարեց։ Ասաց՝ տանում են Ջրական, զենքերն են մաքրում, պատրաստվում են։ Չասաց, որ կամավոր է գնում։ Ես էլ ասացի՝ ո՞ւր ես գնում, մի գնա։ Պատասխանեց՝ “Ես չգնամ, բա էլ ո՞վ գնա”»։

Այս բառերը դարձան նրա վերջին հերոսական խոստովանությունը։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 6-ին զանգահարեց, ասաց՝ հասել են, ամեն ինչ նորմալ է։ Ժամը 10-ին հաղորդագրություն գրեց՝ «ամեն ինչ լավ է, ձեզ լավ նայեք»։ Այդ հաղորդագրությունը դարձավ վերջինը։

Նույն օրը՝ հոկտեմբերի 7-ին, Արմանը զոհվեց Ջրականում։

Հեղինեի խոսքով՝ նա վիրավորվել էր ոտքից։ Ընկերն օգնություն էր ցույց տվել, փորձել դուրս բերել մարտադաշտից։ Սակայն Արմանը բարձրահասակ էր, հաղթանդամ, և կրակի տակ դա գրեթե անհնար էր։ Նա մնաց այնտեղ՝ իր դիրքում, իր հողի վրա։

Վեց ամիս Արմանը համարվում էր անհետ կորած։ Վեց ամիս ընտանիքը սպասում էր հրաշքի։ 2021 թվականի ապրիլին ԴՆԹ փորձաքննությամբ հաստատվեց նրա ինքնությունը։

«Բոլորս նրան էինք փնտրում։ Մեր հարազատները մեկնել էին Արցախ, փնտրում էին ամեն հնարավոր վայրում։ Եվ միայն վեց ամիս անց Արմանը տուն “վերադարձավ”»,– ասում է Հեղինեն։

Արմանը և Հեղինեն մեկ դուստր ունեն՝ Մարին։ Նա ծնվել է 2018 թվականին։ Երբ հայրիկը զոհվեց, Մարին ընդամենը երկուսուկես տարեկան էր։

«Միասին ապրած երեք տարին ինձ համար մի ամբողջ կյանք է։ Ես շարունակում եմ ապրել Արմանի հետ ապրած օրերի հիշողություններով։ Մարիից անսպառ ուժ եմ ստանում։ Հաճախ եմ գնում Արմանի մոտ։ Դա էլ է ուժ տալիս։ Մեր տունը ուժ է տալիս։ Երբ իր անունն են տալիս, ես հպարտանում եմ։ Այո, ինձ էլ հերոս պետք չէր, կուզեի կողքիս լիներ։ Բայց հպարտ եմ, որ իր հայրենիքն ու հողն է պաշտպանել»։

Մարին դեռ չի գիտակցում հայրիկի բացակայությունը։ Նա սպասում է նրան։ Պատերազմ գնալու օրը Հեղինեն հարցրել էր.
«Եթե հանկարծ մի բան լինի, ի՞նչ ասեմ Մարիին»։
Արմանը պատասխանել էր.
«Կասես, որ պապան պատերազմ է գնացել…»։

Արմանը երազում էր որդի ունենալ։ Պատերազմի օրերին որոշել էին՝ որդու անունը Բեկ կլինի։

Արման Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Նա հուղարկավորված է Հրազդան քաղաքի Վանատուրի պանթեոնում։

Նա հերոս էր ոչ միայն մարտի դաշտում, այլև ընտանիքում՝ որպես սիրող ամուսին, հոգատար հայր, արժանապատիվ որդի։ Նրա կյանքի պատմությունը ցավով է ավարտվում, բայց նրա անունը շարունակում է ապրել՝ կնոջ հպարտության մեջ, դստեր աչքերի մեջ, հայրենի հողի մեջ։