Ճանաչենք մեր հերոսներին. «Իմ մի կյանքը 100 հայի կյանք է». Գառնիկը զոհվեց պատերազմի ավարտից 2 ժամ հետո

2001 թվականի օգոստոսի 23-ին, Գյումրիի հողմաշունչ, բայց անսասան քաղաքում, Ղանդիլյանների ընտանիքում ծնվեց մի տղա, որի ճակատագրի մեջ արդեն իսկ հերոսության շունչ կար։ Նրա անունը Գառնիկ էր, բայց բոլորը նրան սիրով ասում էին Գռնո։ Այդ կարճ, ջերմ մականունի մեջ ամբողջությամբ տեղավորվում էր նրա բնավորությունը՝ պարզ, անմիջական, անկեղծ ու ուժեղ։

Գառնիկը ընկերասեր էր, խելացի, կատակասեր և անսահման աշխատասեր։ Նրա ժպիտը վարակիչ էր, իսկ խոսքը՝ սրտից եկող։ Շուտ բռնկվող էր, որովհետև արդարության զգացումն ուժեղ էր նրա մեջ, բայց զգացմունքները խորքում էր պահում․ չէր սիրում թուլություն ցույց տալ։ Նրա լռության մեջ էլ ուժ կար։

Դպրոցում սովորում էր գերազանց՝ պատասխանատվությամբ ու նպատակասլացությամբ։ Բայց նա միայն դասերով չէր ապրում։ Գեղեցիկ էր երգում, և նրա ամենասիրելի երգերից մեկը բանակի ու մոր մասին էր՝ կարծես նախօրոք զգալով իր կյանքի ճանապարհը։ Սպորտը ևս նրա կյանքի անբաժան մասն էր։

Ձյուդոյով զբաղվելով՝ հասցրել էր նվաճել 7 մեդալ և բազմաթիվ պատվոգրեր։ Մրցումների գորգի վրա նա արդեն սովորել էր երբեք չնահանջել։ Աշխատել էր տարբեր բնագավառներում, սովորել ավտոդպրոցում՝ միշտ ձգտելով ինքնուրույն լինել, հենվել սեփական ուժերի վրա։

2019 թվականի դեկտեմբերի 16-ին Գառնիկը զորակոչվեց հայկական բանակ։ Զինվորական հավաքակայանում նա առանձնանում էր իր տեսակով՝ ժպտադեմ, բարձր տրամադրությամբ, ոգևորությամբ։

Հեռուստատեսային կադրերում նա փոխանցում էր իր ներքին լույսը՝ ասես պատերազմի ծանր օրերի համար լույս էր կուտակում։ Սրտի թրթիռով էր սպասում այն պահին, երբ կհագներ զինվորական համազգեստը։ Նրա համար դա պարզապես հագուստ չէր․ դա պատիվ էր, պատասխանատվություն, երդում։

Ծառայությունն անցնում էր Ստեփանակերտի Ցոր զորամասում։ Վարորդ էր, սիրում էր իր գործը և զինվորական կյանքը։ Այստեղ էլ հասցրեց դառնալ շատերի ընկերը, եղբայրը, հենարանը։ Զինվորական երդման բացումը վստահվել էր հենց նրան՝ որպես արժանավորի։ Նա ոչ միայն խոսում էր հայրենիքի մասին, այլ ապրում էր այդ խոսքերը։

Պատերազմի օրերին Գառնիկը եղել է ամենաթեժ կետերում՝ Մարտակերտում, Օմարի լեռներում, Հադրութում, Շուշիում։ Այնտեղ, որտեղ վտանգն էր, այնտեղ էր նաև Գռնոն։ Բայց նույնիսկ կրակի ու պայթյունների մեջ նա ուրախություն էր բերում։ Նրա ընկերները ասում էին. «Գռնոն մեր ժպիտի հեղինակն է»։ Նրա ներկայությունը վստահություն էր ներշնչում՝ թե ամեն ինչ հաղթահարելի է։

Երբ մայրը խնդրել էր որդուն տուն վերադառնալ, նա պատասխանել էր այն բառերով, որոնք հավերժ պիտի մնան հիշողության մեջ.
«Իմ մի կյանքը 100 հայի կյանք է, մամ։ Ոնց թողնեմ ու գամ, որ գան ու հասնեն իմ բա՞կ։ Ինձ էստեղից կամ խփված կհանեն, կամ վիրավոր»։

Այդ խոսքերը տղայի խոսքեր չէին միայն․ դրանք զինվորի, պաշտպանողի, հերոսի խոսքեր էին։ Նա գիտակցում էր իր ընտրությունը և կանգնած էր մինչև վերջ։

Գառնիկը փրկում էր բազմաթիվ վիրավոր զինվորների՝ վտանգելով սեփական կյանքը։ Նա նրանց դուրս էր բերում կրակի տակից, ապահովում սնունդով և անհրաժեշտ պարագաներով։ Նրա ձեռքերը միայն զենք չէին բռնում, այլ նաև օգնում էին, փրկում, հույս տալիս։

Վերջին անգամ նա մոր հետ խոսեց նոյեմբերի 9-ին։ Ձայնում հոգնածություն կար, բայց նաև խաղաղություն։ «Մամ, հոգնած եմ, գնամ քնեմ, առավոտը կզանգեմ»։ Այդ առավոտը չեկավ…

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, պատերազմի ավարտից ընդամենը երկու ժամ անց, Կարմիր Շուկայում Գառնիկ Ղանդիլյանը անմահացավ։ Նա մնաց այնտեղ՝ որպես հավերժական պահապան։ Նրա կյանքը կարճ էր, բայց լիարժեք, նրա քայլերը՝ հստակ, նրա ընտրությունը՝ գիտակցված։

Գառնիկը գնաց, բայց իր ջերմությունը թողեց մեզ։ Նրա արևոտ ժպիտը դարձավ խաղաղ օրերի երազանք։ Նա մնաց պատերազմի մեջ, որպեսզի մենք ապրենք խաղաղության մեջ։

Փառք քեզ, Գառնիկ Ղանդիլյան։
Քո անունը գրված է ոչ միայն քարի վրա, այլ մեր սրտերի մեջ։