Նախորդ տարվա ապրիլին շոումեն Միխայիլ Գալուստյանը անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ․ 18 տարվա համատեղ կյանքից հետո նա և կինը՝ Վիկտորյան, ամուսնալուծվել են։ Այդ լուրը մեծ արձագանք առաջացրեց երկրպագուների շրջանում, քանի որ երկար տարիներ նրանց զույգը համարվում էր ամուր և օրինակելի։
Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ կյանքը կանգ չի առնում։ Այսօր դերասանը խոստովանել է, որ իր սիրտը կրկին զբաղված է։
«Սերը տարիք չի ճանաչում: Եվ իմ սիրտը հիմա զբաղված է», — անկեղծորեն նշել է նա՝ չմանրամասնելով ընտրյալի մասին։
Ամուսնալուծությունից հետո Գալուստյանը գրել էր, որ փորձում է ապագային նայել լավատեսորեն և այս շրջանը դիտում է որպես վերաիմաստավորման փուլ։
«Հավանաբար, իմ գլխավոր նպատակը անձնական կյանքս է։ Ուզում եմ կենտրոնանալ ինձ վրա, իմ ներաշխարհի և այն զգացմունքների վրա, որոնք ունեմ։ Բայց կարծում եմ, որ իմ կարիերայում դեռ ամեն ինչի չեմ հասել։ Այնպես որ, շատ ծրագրեր ունեմ», — նշել էր դերասանը։
Միաժամանակ նա շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեությունը։ Վերջերս ներկայացվել է նրա մասնակցությամբ նոր կատակերգությունը՝ «Աշխատանքից հեռացնել Ժորային»։ Սակայն հետաքրքիր է, որ դերասանի դուստրերը դեռ չեն դիտել ֆիլմը, քանի որ այն տարիքային սահմանափակում ունի։

46-ամյա դերասանը մեծ սիրով է խոսում իր երեխաների մասին։ Նրա խոսքով՝ միջնեկ դուստրը՝ Էլինան, արդեն 14 տարեկան է և ունի կազմակերպչական բացառիկ ունակություններ։
«Պարզվում է, որ զվարճանքների իսկական կազմակերպիչ է։ Հեշտությամբ կարող է 20 հոգու համար հետաքրքիր ժամանց կազմակերպել։ Դստերս մեջ առաջնորդի հիանալի որակներ եմ նկատում։ Նա նաև շատ ժամանակ է հատկացնում ուսմանը», — հպարտությամբ նշել է նա։
Ավագ դուստրը՝ Էստելլան, արդեն 15 տարեկան է։ Ծնողների ամուսնալուծությունից հետո աղջիկները մնացել են մայրիկի հետ, սակայն Գալուստյանը վստահեցնում է՝ հայրական կապը ոչինչ չի խախտել։
«Մենք միասին չենք ապրում, բայց ես հիանալի հարաբերություններ ունեմ դուստրերիս հետ։ Միշտ կապի մեջ ենք։ Ի՞նչ են 14 տարեկանում ուզում հայրիկից։ Փող տուր և մի վիճիր հետները, մնացածն իրենք կորոշեն», — դերասանի խոսքերն է մեջբերում StarHit-ը։
Այսօր Գալուստյանը, կարծես, ապրում է նոր փուլ։ Անձնական կյանքում՝ նոր զգացմունքներ, ստեղծագործական ոլորտում՝ նոր նախագծեր, իսկ ընտանիքում՝ ամուր և ջերմ կապ երեխաների հետ։
Թե ով է այն կինը, որի մասին դերասանը խոսել է, դեռևս հայտնի չէ, բայց մի բան հստակ է՝ նրա կյանքում կրկին սեր կա։